«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ, ՀԱՍԿԱՆԱ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բնակֆոնդը անդառնալի քայքայումների ճանապարհին

Հայաստանում այսօր շուրջ 10 հազար բազմաբնակարան շենք կա, ուր ապրում է մեր բնակչության գրեթե կեսը: Խորհրդային գներով հաշվարկածՙ ամեն շենքի արժեքը 0,5 մլն-ից 1 մլն դոլար է: 10 հազարը 0,5 մլն-ով կամ 1 մլն-ով բազմապատկելու դեպքում 5 կամ 10 մլրդ դոլարի հավասար գումար է ստացվում: Անհեթեթություն կլինի մտածել, որ մենք կարող ենք այդ ծավալի շինարարություն իրականացնել այսօր, երբ մեր երկրի տարեկան բյուջեն 500-600 մլն դոլար է:

Ակնհայտ է, որ ազգային այսպիսի մեծագույն հարստությունը տարիների հետ մաշվում, ծերանում եւ անկասելիորեն գնում է դեպի քայքայում: Մենք միայն հասցնում ենք ամեն տարի հաշվարկել ավելացած վթարային շենքերի թիվը եւ դրանք մի կերպ բնակելի դարձնելու ծրագրեր կազմել: Ամեն տարի յուրաքանչյուր շենքի վրա դրա հիմնական արժեքի 2-8 տոկոսին հավասար պահպանության ծախս պիտի արվի: Արդեն գրեթե 2 տասնամյակ հանրապետությունում բնակարանային կապիտալ վերանորոգումներ չեն իրականացվել:

Այս խնդրի մասին, ցավոք, չափազանց քիչ է խոսվում, չնայած գործադիրի պատասխանատուները քաջատեղյակ են խնդրի լրջությանը: Այն եզակի անձանցից մեկը, որ տարիներ շարունակ փորձում է թարմացնել մեր իշխանավորների հիշողությունը խնդրի հրատապության վերաբերյալ, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանն է: Նա երկար ժամանակ աշխատել է տեղական ինքնակառավարման համակարգում, լավատեղյակ է երրորդ, չորրորդ կարգի եւ աստիճանաբար այդ մակարդակներին հակվող բազմաբնակարանների «աշխարհագրությանը» գոնե Երեւանում:

- Այս պահին բազմաբնակարանները ամենից ավելի ի՞նչ միջամտությունների կարիք ունեն:

- Չափազանց բարդ է տանիքների խնդիրը: Ֆինանսական մեծ միջոցներ են պետք թեք լանջերով, առավել եւս հին մեթոդներով ու եղանակներով կառուցված հարթ տանիքները վերանորոգելու համար: Դրանք 25-30 տարվա կյանք ունեն ընդամենը եւ այսօր ծանրագույն վիճակում են: Միջին հաշվարկներով, 36 բնակարանոց շենքի տանիքը նորոգելու համար 2-2,5 մլն դրամ է անհրաժեշտ, եւս նույնքան կամ ավելին պետք է ջրահեռացման, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի վերանորոգումների համար: Եթե կոյուղին չի նորոգվում, կոյուղաջրերն իջնում են նկուղ, այստեղից շենքի հիմքերը, լվանում գրունտային շերտը, թուլացնում:

Վերջին 10-15 տարիներին կենտրոնացված ջեռուցումը լիարժեք չի գործել, մեր մուտքերի դռներն ու պատուհանները չեն ապակեպատվել, ցուրտը ներթափանցել է ներքին տարածք: Շենքերի ինժեներական համակարգը ջերմային որոշակի ռեժիմի կարիք ունի, եւ դրա խախտման դեպքում բազմահարկերը ֆիզիկական քայքայման են ենթարկվում: Շենքերի եւ շինությունների շահագործման խնդիրները աշխարհում ընդունված կարգով անցել են համատիրություններին:

Կառավարությունն անցած տարվանից որոշակի միջոցներ հատկացրել է համատիրություններին աջակցելու համար, մոտավորապես 1,2 մլրդ դրամ:

- Ի՞նչ երաշխիք, որ չկայացած համատիրությունները կարող են արդյունավետ օգտագործել այդ միջոցները:

- Շենքերն ու շինությունները մեծ հարստություն են, դրանք իսկապես չի կարելի թողնել միայն համատիրությունների հույսին: Դրանք համընդհանուր պետական հոգածության առարկա պիտի դառնան:

Որպեսզի այդ գումարները չփոշիանան, նախ պետք է իրավիճակային պատկերը պարզաբանել, վերլուծել ու գնահատել, դրանից հետո որոշակի ծրագիր մշակել: Ծրագրի մշակումից հետո որոշակի գրանտների, դոնոր կազմակերպությունների միջոցները ներառելու միջոցով պիտի փորձել փրկել բազմաբնակարան շենքերը:

- Ինչո՞վ բացատրել, որ մեզանում կարծես թե չի գիտակցվում այս խնդրի լրջությունը: Տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելով շենքերի ճակատագիրը, պետությունը կարծես ձեռքերը լվացել է եւ հետեւանքները վերացնելու քաղաքականություն է միայն վարում:

-Տիրապետող մտայնությունն այն է, որ շենքերի սեփականատերը ոչ թե պետությունը, այլ համայնքներն են, նրանք էլ պիտի մտահոգվեն:

Բայց ասել, թե ընդհանրապես ոչինչ չի արվում, դա էլ ճիշտ չէ: Այսօր համայնքներն ահագին միջոցներ են տրամադրում շենքերին, հողի հարկի, գույքահարկի տնօրինումից հետո համայնքային բյուջեները բավական ակտիվացել են, Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն համայնքներում շատ բազմաբնակարանների վերանորոգման ծախսերի 50 տոկոսը տրամադրել են այդ համայնքները, 50-ը` համատիրությունները: Ընթացիկ նորոգումների հետ նաեւ կապիտալ նորոգումներ են արվում: Եթե շենքի տանիքը փոխվում է, ապա սա փաստորեն մասնակի կապիտալ նորոգում է նշանակում: Բայց վթարային տանիքներով շենքերի քանակը շատ-շատ է: Վերջին տարիներին պետությունը հսկայական միջոցներ հատկացրեց (բյուջեից, «Լինսի» հիմնադրամից) նաեւ աղետի գոտու վթարային շենքերին: Այս տարի եւս մի քանի միլիարդ դրամ է հատկացվել այդ նպատակին:

Եթե շատ հարուստ լինեինք, խնդիրը միանգամից կլուծեինք: Մենք առայժմ ստիպված ենք վարել աղքատ երկրի քաղաքականություն, ստիպված ենք ամեն տարի միջոցներ տրամադրել միայն վթարային շենքերի ամրացման համար:

Ասենքՙ շենքը 50 տարվա կյանք ունի: Որպեսզի նա 100 տարվա կյանք ունենա, առաջին 50 տարվա ընթացքում շենքի վրա իր արժեքի չափով ծախս պիտի արվի: Մինչեւ 90-ական թվականները, քանի դեռ շենքերը համարվում էին պետության սեփականությունը, այդպիսի միջոցներ ծախսվում էին: Այժմ` ոչ: Եվ առանց շահագործման ծախսեր անելու, սպասել, որ մեր բնակֆոնդն առողջ կմնա, անմտություն է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4