«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃ

Ինչո՞վ էր դա պայմանավորված

Անցյալ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ամենամեծ աճ (14,4 տոկոս) արձանագրած ճյուղը գյուղատնտեսությունն էր: Հիշեցնենք, որ 2004 թ. հատկապես Արարատյան դաշտում ցրտահարությունից վնասվեց բերքի մեծ մասը: Այդուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված աճն այս ոլորտում:

Մինչ այս հարցին պատասխանելը, անդրադառնանք մի շարք իրողությունների: Հայաստանում ոռոգելի հողերը կազմում են շուրջ 300 հազար հա: Այստեղ է ստացվում բուսաբուծական արտադրանքի մոտ 80 տոկոսը: Սակայն այդ հողերի մոտ կեսը մի քանի տարում դարձել էին անջրդի: Պատճառը ոռոգման համակարգի եւ հողի սեփականաշնորհումից հետո ստեղծված կացության անհամապատասխանությունն էր: Մի կողմից նախկինում հարյուրավոր հեկտարների համար նախատեսված ոռոգման համակարգ, մյուս կողմիցՙ հազարավոր սեփականաշնորհած փոքր (սկսած 0.1-ից մինչեւ 1-2 հա) հողակտորներ: Հասկանալի է, որ կառուցվածքների այդպիսի տեխնիկական անհամապատասխանության պայմաններում, որոնց ավելանում էին համակարգի քայքայվածությունը, անպատասխանատվության ընդհանուր մթնոլորտը, անիմաստ էր խոսել արդյունավետ ոռոգման մասին: Ներկայացնենք միայն մեկ փաստ` մինչ մշակաբույսին հասնելը ներտնտեսային ցանցում ջրի մոտ կեսը կորչում էր:

Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ ոռոգման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու եւ դրանով գյուղատնտեսության ամենակենսական խնդրի լուծման համար անհրաժեշտ էին կառուցվածքային բարեփոխումներ: Հակառակ դեպքում, չնայած Համաշխարհային բանկի միլիոնավոր դոլարներ կազմող ներդրումներին, համակարգը վերջնականապես կքայքայվեր: Ջրօգտագործողների ընկերությունների ստեղծմամբ, կարելի է ասել, համակարգի զարգացման համար առաջին քայլն արվեց: Հիշեցնենք, որ 2003 եւ 2004 թթ. հանրապետության ամբողջ տարածքում ստեղծվեցին 54 ջրօգտագործողների ընկերություններ: Շուրջ 280 հազար ջրօգտագործողների ստեղծած այդ ընկերություններին հանձնվեց մոտ 230 հազար հա ոռոգվող տարածքների սպասարկումը: Եվ այն, որ անցյալ տարի ոռոգման հետ կապված դժգոհություններն էականորեն պակասեցին եւ որ բուսաբուծության համախառն արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ կազմեց մոտ 20%, նաեւ այս գործոնով էր պայմանավորված: Համապատասխանաբար, ավելացան նաեւ վճարումները ջրօգտագործման դիմաց եւ համակարգում կատարվող ներդրումները: Համաձայն ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի, 2004 թ. հավաքվեց 2,5 մլրդ դրամ ոռոգման ջրի վճար, որից 650 մլն դրամը ներդրվեց համակարգի պահպանման վրա:

Սակայն ասել, թե խնդիրը կարգավորվել է եւ մնում են միայն ընթացիկ աշխատանքները, ճիշտ չի լինի: Ընկերությունների ղեկավար մարմինների ընտրությանը գյուղացիների իսկապես լիիրավ մասնակցության, նրանց ակտիվության բարձրացման, գործադիր օղակներում մասնագետ կադրերի նշանակման, դրանց ուսուցման, ընկերությունների տեխնիկական ապահովության եւ բազմաթիվ այլ հարցեր դեռ լուծման կարիք ունեն: Ցավոք, օբյեկտիվ խնդիրներից բացի, առկա են նաեւ սուբյեկտիվ գործոնները: Դրանցից գլխավորը, թերեւս, կապված է ջրի վարձավճարների հետ:

Խորհրդային տարիներին, կոլտնտեսությունների եւ խորհտնտեսությունների ժամանակ գյուղացիների համար մատչելի չի եղել ոռոգման ջրի սպասարկման ծախսերի եւ վճարումների մեխանիզմը: Նրանք ստացել են աշխօր կամ աշխատավարձ առանց իմանալու, թե արտադրված գյուղմթերքից ստացված եկամուտներն ինչպես են բաշխվել եւ ստացած ջրի դիմաց ով է վճարել: Այդ իսկ պատճառով մարդկանց հոգեբանության մեջ դժվարությամբ է արմատավորվում ջրի մատակարարման դիմաց վճարելու գաղափարը: Իսկ երբ դրան ավելանում են քաղաքական գործիչներիՙ հատկապես նախընտրական շրջանում արված կոչերը չվճարելու ջրի դիմաց, վիճակն ավելի է բարդանում: Ընդ որում, նման կոչեր անում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, այլեւ իշխանական օղակներում գտնվողները:

Գյուղացիներին սիրաշահելու նպատակով արվող կոչերը իրականում ուղղված են հենց գյուղացիների շահերի դեմ: Եթե չլինեն վճարումները, անհնար կլինի հոգալ ոռոգման համակարգի գոնե պահպանման ծախսերը, չխոսելով արդեն սպասարկող անձնակազմի մասին: Խորհրդային տարիներին Հայաստանում այս համակարգի շահագործման եւ պահպանման համար յուրաքանչյուր տարի հատկացվել է մոտ 60 մլն դոլարի չափ գումար: Հետեւաբար այսօր, պետության ներդրումների կտրուկ կրճատման պայմաններում, ոռոգման համակարգի պահպանումն ու զարգացումն անհնար կլինի առանց դրանից օգտվողների վճարումների: Համակարգի արդյունավետ կառավարումն ու ջրի դիմաց կատարվող կանոնավոր վճարումները, որոնք կյանքի կոչելու առաջին քայլերն են անում գյուղացիների ստեղծած ընկերությունները, այն կարեւոր նախապայմաններն են, առանց որոնց անհնար է ակնկալել Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը եւ գյուղացիների կենսամակարդակի բարձրացումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4