«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԻՆՉՔԱ՞Ն ԵՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼՈՒ ԴՈԼԱՐԸ, ԵՎՐՈՆ ԵՎ ՌՈՒԲԼԻՆ

Երեկ մայրաքաղաքի տարադրամի փոխանակման կետերում գրանցվեց ամերիկյան դոլարի, եվրոյի եւ ռուսական ռուբլու հերթական նկատելի արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ: Երեւանի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում էր 440 դրամով, վաճառվումՙ 445-ով, եվրոն համապատասխանաբարՙ 570 եւ 575, իսկ ռուսական ռուբլինՙ 15,8 եւ 15,9: Թե մինչեւ ուր են արժեզրկվելու դոլարը, եվրոն եւ ռուբլին հայաստանյան շուկայումՙ ոչ ոք չի կարող ասել:

Մի քանի օր առաջ «Ազգին» տված հարցազրույցում ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ միջազգային շուկայում դոլարի փոխարժեքի տատանումները որպեսզի անմիջական արձագանք ունենան Հայաստանում, պետք է մեր շուկան, բանկերն ու տնտեսվարողներն օրգանական թելերով կապված լինեն համաշխարհային ֆինանսական շուկայի հետ: Ու քանի որ մեր բանկերն ամեն օր գործարքներ չեն իրականացնում Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում, հետեւաբար փոխարժեքի տատանումները չեն կարող անմիջապես ազդել հայկական ֆինանսական շուկայի վրա:

Մասնավորապես Հայաստանում դոլարի արժեզրկումը պայմանավորված է նաեւ այն բանով, որ Հայաստանում նկատվում է դոլարի մեծ հոսք: Միայն առաջին եռամսյակում բնակչությունը եւ տնտեսվարող սուբյեկտները բանկերին վաճառել են 40 մլն դոլար, որից 25 մլն դոլարը գնել է Կենտրոնական բանկը: ԿԲ պաշտոնյաները նշում են, որ եթե ԿԲ-ն չգներ այդ 25 միլիոնը, ապա դոլարի արժեզրկումը ավելի մեծ կլիներ:

Երեկ միջազգային ֆինանսական շուկաներում դոլար-եվրո հարաբերակցությունը եղել է 1,28-ի սահմաններումՙ մի պահ հասնելով 1,2798, այսինքնՙ դոլարը շարունակում է արժեւորվել եվրոյի նկատմամբ: Չնայած դրան, հայաստանյան շուկայում արժեզրկվում են ե՛ւ դոլարը, ե՛ւ եվրոն, ե՛ւ ռուսական ռուբլին: Սովորաբար գարնանը եւ ամռանը, երբ Հայաստանի շուկան հեղեղվում է տեղական գյուղատնտեսական ապրանքներով, անկախ միջազգային շուկայում դոլարի «պահվածքից»ՙ այն արժեզրկվում է դրամի նկատմամբ: Համենայն դեպս, այդպես է եղել վերջին մի քանի տարիներին: Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին դրամը հավանաբար կշարունակի արժեւորվել:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4