Ստեփանակերտի «Արցախգորգ» ձեռնարկության արտադրանքի համբավն ավելի քան 10 տարի հայտնի է նաեւ ԼՂՀ սահմաններից դուրս: Ձեռնարկությունը հատկապես ավելի ընդլայնեց իր գործունեությունը, երբ դարձավ «Արմեն կարպետ» ՓԲԸ-ի մասնաճյուղը: «Արցախգորգի» ղեկավարության համոզմամբ, հայաստանյան այդ ընկերության հետ համագործակցությունը շատ հեռանկարային է: Դա փաստվում է հատկապես այն հանգամանքով, որ վերջին շրջանում զգալիորեն մեծացել է գլխադասային կազմակերպության ներկայացրած պատվերների ծավալը, ինչը «Արցախգորգին» հնարավորություն է տվել ոչ միայն ընդլայնելու արտադրությունը ձեռնարկության ներսում, այլեւ մասնաճյուղեր բացելու գյուղական այն բնակավայրերում, որտեղ գորգագործությունն ավանդական զբաղմունք է համարվում:
Կարճ ժամանակում ձեռնարկությունը նոր արտադրամաս բացեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Գյուղապետարանի աջակցությամբ համապատասխան շենք առանձնացվեց ու վերանորոգվեց, որից հետո անհրաժեշտ սարքավորումներ ու գորգագործական դազգահներ ձեռք բերվեցին: Սկզբնական շրջանում մասնաճյուղում իրենց կարողությունները սկսեցին դրսեւորել 10 երիտասարդ գորգագործուհիներ, շատ չանցած նրանց թիվն ավելացավ եւս հինգով: Ընդարձակելով արտադրատարածքը եւ նախապես հոգալով նոր մասնագետների պատրաստման խնդիրը, տարեվերջին նախատեսվում է արտադրամասում ստեղծել եւս 15 աշխատատեղ:
Առաջիկայում մտադրություն կա բացելու եւս մի նոր մասնաճյուղ: Այս անգամ նոր արտադրամասի հասցեատերը կլինի Ավետարանոց գյուղը, որի գորգագործների համբավը վաղուց է հայտնի: Համապատասխան շենք համայնքից արդեն տրամադրվել է: Սպասվում է, որ Ավետարանոցի մասնաճյուղում, տեղացիների համար, կբացվի շուրջ 50 աշխատատեղ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ