«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Արցախյան ազատամարտում զոհվածների մի խումբ կանայք եւ մայրեր երեկ «Ազդակ» ակումբում իրենց մտահոգությունն էին ներկայացնում անվտանգության գոտու մի շարք տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու հեռանկարի վերաբերյալ: «Արյունով ազատագրված հողն ո՞ւմ պիտի տանք, ժողովուրդ: Չենք վախենում պատերազմից, թիկունք ե՞ն ուզում, մենք այդ թիկունքն ենք, հավաստիացնում էր զոհվածի այրի Շուշանիկ Աբրահամյանը: Պատերազմը, ինչպես սատանան, այնքան սարսափելի չէ, որքան անունը»: Իբրեւ ապացույց տկն Աբրահամյանը խոսում էր պատերազմի տարիներին ժողովրդի փոխվստահության, կողքինի հանդեպ շատ ավելի մեծ հոգատարության մասին:

Զոհված ազատամարտիկի մայր Գոհար Կարապետյանը չէր պատկերացնում, թե ով կարող է խոսել հողերը տալու մասինՙ նախագա՞հը, պաշտպանության նախարա՞րը, ովքեր առաջին օրից մասնակցել են պատերազմին: «Ճիշտ է, պատերազմից շատերն են վախենում, բայց եթե այն մեզ կրկին պարտադրվի, բոլորս պատրաստ ենք», ասաց նա:

Ներկաները չէին հավատում, թե մի թիզ հող կտանք թշնամուն: «Եթե հողը հետ են տալիս, թող մեր որդիներին էլ հետ տան: Եթե մեկը հնարավոր չէ, ուրեմն հնարավոր չէ նաեւ մյուսը», ասում են մայրերը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4