ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «կլոր սեղանով» երեկ ավարտվեց «Մեծ եղեռն. իրողություն եւ դատապարտում» թեմայով երկօրյա գիտաժողովը: «Կլոր սեղանը» նախագահող ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը հավաքված մոտ երկու տասնյակ պատմաբաններին, իրավաբաններին, միջազգայնագետներին ասաց, որ այսուհետեւ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության հետեւանքներինՙ բարոյական, տարածքային, ֆինանսական, քանի որ այսօրվա Թուրքիան չի ճանաչելու 1915 թ. իրագործած ոճիրը:
Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհում ուժեղ շարժում կա հրեաների ցեղասպանությունըՙ Հոլոքոսթը ժխտելու ուղղությամբ եւ անհրաժեշտ է ձեւավորել ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ճակատ:
Քանի որ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը շտապում էր, առաջինը խոսք վերցրեց, ապա արագ հեռացավ դահլիճից: Իր ելույթում Մանասյանը նկատեց, որ ցեղասպանություն ասելով հասկանում ենք թուրքահայության կոտորածները, մինչդեռ «Թուրքիան իր պետական սահմաններից դուրսՙ Բաքվում, 1918 թ. իրագործել է ցեղասպանություն, այն «սպիտակ» ցեղասպանության տեսքով շարունակվել է մինչեւ 90-ական թթ.»: Պրոֆեսորը հարկ համարեց ընդգծել, որ «մեր քաղաքական գիտակցության մեջ ընդհանրապես չկա ադրբեջանահայություն հասկացությունը»: Մանասյանը հարկ համարեց նկատել, որ հայերի ցեղասպանությունը շարունակվել է մինչեւ 80-90-ական թթ.ՙ Բաքվի, Սումգայիթի ջարդերը:
Կենսաբան Յուրի Ալեքսանյանը մտահոգություն հայտնեց, որ թուրք մեսխեթցիների Ջավախք վերադարձից հետո «հայ պետականությունը կընկնի թուրքական օղակի մեջ»: Նա առաջարկեց բաց նամակով դիմել թուրք մտավորականությանը, ժողովրդին, պետությանըՙ ինչո՞ւ են իրենց վրա վերցնում ցեղասպանություն իրագործելու բեռը: «Ինչո՞ւ են թուրքերը վերցրել երիտթուրքական բեռը», հարց տվեց կենսաբանը եւ ընդգծեց, որ «մենք թուրքերի հետ պետք է հարեւաններ լինենք»: Ալեքսանյանը մի դիտարկում էլ արեց. «Չի՞ կարելի առաջարկել, որ դեպի Սեւ ծով ելք ունենանք»:
Քաղաքագետ Ստեփան Ստեփանյանն ասաց, որ պետք է անցում կատարել երկրորդՙ ցեղասպանության հետեւանքները վերացնելու փուլին: Թե չէ, որ Թուրքիան ճանաչի ու դատապարտիՙ դրանից ի՞նչ, հռետորական հարց տվեց Ստեփանյանըՙ հիշեցնելով, որ կոտորածների արդյունքում հայ ժողովուրդը կորցրել է հայրենիքի մեծ մասը:
«Կլոր սեղանի» քննարկումներում ելույթներ ունեցան այլ պատմաբաններ եւս: Ընդհանուր առմամբ այնքան էլ հեշտ չէր ընկալել, թե մեր պատմաբաններն ի վերջո ի՞նչ են ուզում ասել: Քննարկումների ընթացքում չկար համակարգված մոտեցումՙ ով ինչի մասին ուզում, խոսում էր: Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կար երկօրյա այս գիտաժողովը կազմակերպել, երբ արդեն այսօր սկսվում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովՙ «Ծանրագույն հանցանք. ծայրագույն մարտահրավեր, ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» թեմայով, ուր ելույթ կունենան աշխարհում ճանաչված պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, պետական, քաղաքական գործիչներ:
Թ. Հ.