«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2005-04-16 | #69, 2005-04-19 | #70, 2005-04-20


ԱՆՑՅԱԼԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Գարեգին Զաքոյանի «Արամ Խաչատրյան. կինոերաժշտություն» եւ այլ ծրագրերի մասին

«Հիշիր ապագայի մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունները պահպանելու այս ծրագիրը մեծ ծառայություն է որեւէ ժողովրդին եւ նրա մշակույթին, որով մոռացությունից, հաճախ էլ ոչնչացումից փրկվում են գեղարվեստական շատ ու շատ արժեքներ:

Կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի մտահղացմամբ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանի հետ արդյունավետ համագործակցությամբ «Արամ Խաչատրյան. կինոերաժշտություն» ծրագիրը Մոսկվայում մրցութային կարգով շահեց եւ օրերս իրականություն դառնալովՙ հանրությանը վերադարձրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության մի անհայտ մասը, որն է կոմպոզիտորի 30-60-ականներին ֆիլմերի համար գրված երաժշտության ամփոփումը մեկ լազերային սկավառակում (պահպանված է ֆիլմային տարբերակը): CD-ին ուղեկցվում է պոլիգրաֆիական բարձրորակ մատուցմամբՙ տպագրված «Գասպրինտ» տպարանում, եւ ճաշակով ձեւավորված գրքույկով, որ ներկայացնում է երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանի տեքստ-մեկնաբանություններըՙ կինոերաժշտության ստեղծման պատմության մասին, նաեւ հատվածային անդրադարձներ ժամանակաշրջանի ներքաղաքական մթնոլորտինՙ անմիջականորեն առնչվող ֆիլմերի ստեղծման պատմությանը («Պեպո», «Զանգեզուր» եւ այլն): Ֆիլմագրություն բաժինը ներկայացնում է հիշյալ 17 ֆիլմերի տվյալները: CD-ների այս շարքը հետագայում նախատեսում է ընդգրկել Ա. Բաբաջանյանի, Էդ. Միրզոյանի, Տ. Մանսուրյանի, Ռ. Ամիրխանյանի կինոերաժշտությունը:

Ա. Խաչատրյանի կինոերաժշտական ժառանգությունը պահպանվում է Հայաստանի ազգային ֆիլմադարանի ֆոնդերում, որ ներառում է ավելի քան 250.000 նմուշներՙ կինոֆիլմեր, ձայնագրություններ, լուսանկարներ, բեմի վարպետների ասմունքի, գրողների, մտավորականների, քաղաքական գործիչների եզակի ելույթների եւ տարբեր երաժշտական ձայնագրություններ: Ֆիլմադարանը փաստորեն ամփոփում է մեր ազգային կինոարվեստի ժառանգությունը: Սակայն ժամանակին բնորոշ անտարբերությունից անմասն չմնացած մշակութային այս օջախը եւս, անհրաժեշտ ֆինանսների բացակայության եւ բարձիթողի վիճակի պատճառներով սահմանափակել է իր գործունեության հնարավորությունները, երբ այստեղ պահպանվող 20-30-ականների նկարահանումները, ձայնագրությունները վերականգնման խիստ կարիք ունենՙ դրանք պահպանելու, թվայնացնելու եւ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությամբ: Գարեգին Զաքոյանի այս աշխատանքըՙ Խաչատրյանի կինոերաժշտության փոխադրումը լազերային սկավառակի վրա, այդ ժառանգության պահպանման առաջին քայլն է, որ կոմպոզիտորի ստեղծագործության այդ էջերն անհայտությունից հանելու նպատակ ունի: Նմանաբնույթ իրագործում էր նաեւ արվեստագետի «Իմ Երեւան» մեծադիր գրքի հրապարակումըՙ գրականագետ Վահան Նավասարդյանի եւ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի հետ, հին ու նոր երեւանների տեսարանների բազմաքանակ լուսանկարներով եւ կից տեքստով: Այդ տարիներին էր, որ նա հավաքեց, ամբողջացրեց եւ հրատարակեց Սերգեյ Փարաջանովի «Նամակներ բանտից» գիրքը:

Անցյալի ժառանգության պահպանման ջատագովի ներքին կոչումն արվեստագետին հաճախ է մղում անհանգիստ որոնումների (թեեւ արտաքին հանդարտությանը): Այդ դրսեւորումներից հերթականը հայկական կինոյի ստեղծման պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի հավաքման եւ ուսումնասիրության աշխատանքներն են, որ կատարել է պետարխիվի աշխատակից Մարինա Մարտիրոսյանի հետ: «Armyanskoe kino. documenti i materiali» գրքի հարյուրավոր փաստաթղթերը վերաբերում են մեզ հասած տեղեկություններով ամենահինՙ Ղարսի 1910-ի կինոթատրոնին, Ալեքսանդրապոլի, Երեւանի առաջին կինոթատրոնների հիմնադրման թույլտվություններին, հայկական առաջին խաղարկային ֆիլմիՙ «Նամուսի» աշխատանքների գրագրություններին եւ այլ երեւույթներին: Հայ կինոյի մասին փաստագրական այս առատ նյութըՙ 1910-1955 թթ. ներառող, շուրջ 200 լուսանկարներով, երկու ստվար հատորներով, լավագույն սկզբնաղբյուրը կդառնա ապագա կինոգետների համար: Աշխատանքը պատրաստ է տպագրությանՙ պահպանելու է փաստաթղթային լեզունՙ հայերենը եւ ռուսերենը:

Ինքնատիպ ու խորհրդավոր մտահղացում էր Փարաջանովի 90-ամյակին նվիրված Զաքոյանի «Անհետացման գծից անդին» ծրագիրը իրականացված ֆիլմադարանի տարածքում, ֆրանսիացի նկարչուհի Ռաֆայել Վիրլինգի հետ: Համանման ինստալյացիոն ծրագիր նախապատրաստվում է Ստրասբուրգումՙ դարձյալ Ռ. Վիրլինգի համագործակցությամբ: Ս. Փարաջանովի կյանքի մասին պատմող «Ուղեւորը» ինստալյացիան իրականացվելու է տարօրինակ մի վայրում, որ արվեստագետը պայմանականորեն մեռած կայարան, կամ վագոնների գերեզման է կոչում: Այստեղ «ծավալվող գործողությունները» (1924-1988 թթ.) աշխարհի թատերաբեմից այլեւս անհետացած խորհրդային երկիրն են ներկայացնելուՙ Փարաջանով անկրկնելի ֆենոմենի կյանքի դրվագային պատմության ֆոնավորմամբ: Ստրասբուրգյան անպետք վագոններըՙ սովետական տարբեր էպոխաներ խորհրդանշող, զինվորներ են պատերազմ տանելու կամ կալանավորներՙ սիբիրներ եւ առհասարակ սովետական կյանքի մասին են պատմելու: 2006 թ.-ին Ֆրանսիայում անցկացվելիք Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Ֆրանսիայում այս հարցերով զբաղվող հանձնաժողովին է ներկայացված Գ. Զաքոյանի «Հայ կինը» ֆոտոցուցահանդեսի նախագիծը: Այն ներկայացնում է հայ կնոջը 19-րդ դարից (ընդգրկելով եղեռնյան տարիները, առաջին գաղթականներին Հալեպում եւ այլն) մինչեւ մեր օրերը: Ժամանակակից հայ կնոջ լուսանկարները հեղինակել է ֆրանսահայ Մաքս Սիվասլյանը:

Ուրույն կինոմտածողություն ու մեկնաբանություններ է դրսեւորում Զաքոյանի ֆիլմաշխարհը, որը, սակայն, դիտողին այնքան էլ հայտնի չէ: Գենադի Մելքոնյանի հետ հինգ տարի առաջ նկարահանված «Կալանավայրերի արվեստը» կինոժապավենը միայն վերջերս ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ, իսկ «Քաջարանի» հանրային դիտում դեռ չի եղել:

Անցած տարի ֆիլմադարանում կազմակերպված վերջինիս կինոդիտմանը ներկա էր նաեւ Ստրասբուրգի «Ապոլոնիա» մշակութային կենտրոնի տնօրենը, որի պատվերով էլ Գ. Զաքոյանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարել Ֆրանսիայում: «Ռայշոֆֆեն» ֆիլմը պատմում է ֆրանսիական համանուն քաղաքի հին ու նոր կյանքի մասինՙ հայտնի գնացքներ արտադրող քաղաքի գործարանի հիմնադրման պատմությունից սկսած:

Իսկ 2004 թ. ստեղծված «Քաջարան» վավերագրական ֆիլմըՙ «Քարի մետամորֆոզ» ենթախորագրով, երկրաբանական ասպեկտներ չի շոշափում: Ֆիլմը մեռնող ու նոր ծնվող քարի մասին է, երբ հսկա ժայռաբեկորները քարաղացի մեջ վերածվում են մոլիբդենային փոշու, հետո լցվում տակառների մեջ ու այդպես «Զանգեզուրի սարերն ուղարկվում են Ամերիկա, Ճապոնիա, Ռուսաստան»: Քարը ձեւափոխվելով, ենթարկվում է այլագոյությանՙ նոր ծննդի: «Մինչեւ ֆիլմի նկարահանումները էկոլոգիական խնդիրներ ունեի, հետո դրանք փոխվեցին: Մարդը ստեղծված է, որ ձեւափոխի շրջապատը, ու ֆիլմը քարի շարժման ու քարի մահվան մասին է: Ստրասբուրգում ֆիլմի ցուցադրությունից հետո մի ֆրանսուհի մոտեցավ ու ասաց. «Ինձ թվում էր, թե ես խենթ եմ, երբ հողամասում աշխատում էի, եւ հաճախ թվում էր, թե քարերը շնչում են: Հիմա տեսա, որ դա իրոք այդպես է»:

Մեր լեռնաշխարհի քարի դիմադրությունը, նրա հետ կռիվ տվող ու նրա հետ շնչառություն առնող մարդու տառապագին համբերությունըՙ մոլիբդենային պրոզայիկ թվացող արտադրության ձեւերով, ֆիլմում բանաստեղծական երանգավորում է ձեռք բերել ու փիլիսոփայական մտածումներՙ աշխարհի մետամորֆոզային ենթատեքստով, ինչն առավել ընդգծում է ֆիլմի երաժշտությունը (կոմպոզիտորՙ Յուրի Հարությունյան):

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4