Հայրենական արտահանողները մտահոգված են
Հայաստանի «Միջազգային էներգետիկ կորպորացիան» մտադիր է բարձրացնել Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մելս Հակոբյանն ասել է, որ դրամի նկատմամբ ամերիկյան դոլարի արժեզրկումը ստիպում է ընկերությանը բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Ներկայումս ընկերությունը 1 կվտ.ժ էլեկտրաէներգիան հարեւան հանրապետությանն է վաճառում 2,75 ցենտով:
Արտաշատի պահածոների գործարանի գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանն, ըստ «Ռեգնում» գործակալության, ասել է, որ եթե ամերիկյան դոլարի արժեզրկումը շարունակվի, ապա ընկերությունը կկրի վիթխարի վնասներ եւ կկանգնի փաստի առաջ: «Մենք ի վիճակի չենք մեր ապրանքների գները բարձրացնել այն երկրներում, որտեղ դրանք առաքվում են, քանի որ ազգային արժույթի արժեւորման նման տեմպերով միտումները նկատվում են միայն Հայաստանում», ասել է նա:
Հայ-ամերիկյան համատեղ «Արաքս-գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Միսակ Մայիլյանն իր հերթին նշել է, որ ընկերության կորուստները մի քանի տասնյակ հազար դոլարներ են: «Ռեգնումը» մեջբերում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքերը, համաձայն որիՙ դոլարի արժեզրկումը չի կարող չանհանգստացնել տեղական արտադրողներին, հատկապես արտահանողներին: