Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էրՙ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից»
Ռոբերտ Քոչարյան. «Մենք դարձանք Առաջին աշխարհամարտի զոհը, թեեւ մե՛նք չէինք այն սանձազերծել»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» երկօրյա միջազգային համաժողովը երեկ բացվեց հանրապետության ղեկավարի ելույթով: Նախագահի պաշտոնավարության 8 տարիներին Ռոբերտ Քոչարյանն ունեցավ թերեւս ամենածանրակշիռ, պետական գործչին վայել ելույթ: «Մենք դարձանք Առաջին աշխարհամարտի զոհը, թեեւ մե՛նք չէինք այն սանձազերծել», ասաց նախագահը:
Քոչարյանը «չափազանց կարեւոր» համարեց «նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտումը»: «Պետություններն ավելի համարձակ են ընդդիմանում աշխարհի որեւէ ծայրամասում ցեղասպանություն իրագործելու փորձերին: Սակայն այս ամենը չփրկեց մարդկությանը ցեղասպանություններից: Հարավսլավիա, Ռուանդա, Արեւելյան Թիմոր, Սումգայիթՙ բոլոր այս տեղերում կրկին հոսեց անմեղ մարդկանց արյունը»:
«Հայ ժողովուրդը ցեղասպանության պատճառով դարձավ գաղթական եւ սփռվեց ողջ աշխարհով: Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ, ավելինՙ Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը, եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում», ասաց Քոչարյանը:
Նախագահը Մեծ եղեռնի ճանաչումը կարեւորեց նաեւ հետագայում ցեղասպանության հանցագործությունները կանխելու համար, ավելինՙ ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, «քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայելու դեպի ապագա»:
«Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց առանց ատելության: Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ ներկա Հայաստանի շրջափակմամբ: Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի: Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը: Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում», ասաց ՀՀ նախագահը:
Տասը տարի առաջ ճիշտ այս օրերին տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Առաջինը խոսք տրվեց ՀՀ առաջին նախագահին: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության մասին իր մոտեցումները ներկայացրեց 7 առանձին կետերով, որոնցից երկուսը վերաբերում էր Դաշնակցությանը: Ըստ էության, այդ գիտաժողովը կամա թե ակամա քաղաքականացվեց, ստացավ ներքաղաքական իմաստ, քանի որ Հայոց ցեղասպանության մեջ մեղադրվել էր նաեւ ՀՅԴ-ն, որը դրանից մի քանի ամիս առաջ կասեցվել էր Հայաստանում:
Տեր-Պետրոսյանն առաջին կետով անտեղի էր համարել Հայոց ցեղասպանության բացատրությունը հայ եւ թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով, ինչը վիճարկեցին համաժողովին մասնակցող մի շարք գիտնականներ:
«Ցեղասպանության կործանարար հետեւանքներից խուսափելու վերջին հնարավորությունը հայ ժողովուրդը կորցրեց 1914 թ., երբ Էրզրումում գումարված ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ պարտականություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին», ասել էր առաջին նախագահը: Բացի այդ, 1920 թ. Հայաստանի «վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ տարածքների մի մասը»:
«Այսօր Հայաստանը եւ Թուրքիան որպես հարեւան պետություններ պարտավոր են հաստատել փոխշահավետ առեւտրատնտեսական կապեր եւ բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը, որի համար կողմերից պահանջվում է քաղաքական կամք եւ բարոյական կեցվածք», տասը տարի առաջ ասել էր Հայաստանի առաջին նախագահը: