Հրեաները չէին հանդուրժի, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նման վիրավորական ելույթ ունենար Հոլոքոստի մասին
Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Խուան Մենդեզիՙ Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովում ունեցած ելույթն այլ կերպ, քան վիրավորական եւ անտեղի, չես համարի: Պրն Մենդեզի ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա դա գրել է ընդհանուր օգտագործման նպատակով եւ նույն տեքստը կարդում է այլ համաժողովներում:
«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովի մասնակիցները եւս զարմացած եւ զայրացած էին Մենդեզի ելույթի ոգուց: Ընդմիջմանը հատկապես հայ պատմաբանները, քաղաքական ու պետական գործիչները նշում էին, որ «Մենդեզը նման ելույթ կարող էր ունենալ Թուրքիայում» կամ «կարող էր ավելի լավ ելույթ պատրաստել»:
Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նման ելույթ ունենար Հոլոքոստին նվիրված որեւէ գիտաժողովում, ապա հրեաներն, անկասկած, թույլ չէին տա, որ նա շարունակի խոսքը: Ելույթի հենց սկզբից Մենդեզը որեւէ անգամ չհիշատակեց ո՛չ Հայոց ցեղասպանությունը, ո՛չ էլ օգտագործեց հայկական ջարդեր, տառապանքներ կամ նմանատիպ այլ որակումներ:
Ի դեպ, Մենդեզին երեկ ընդունեց Հայաստանի նախագահը: Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը լկտիությունը չթաքցնելովՙ Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ իր մասնակցությունը Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովին խոսում է այն մասին, որ մեծ ցանկություն կա հասկանալու եւ գնահատելու, թե ինչ է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի հետ: Մենդեզն ասել է, որ ժողովրդի պատմական հիշողությունն այս գործում լավ օգնական է եւ հնարավորություն կտա միջազգային հանրությանը լիարժեք պարզաբանելու կատարվածը:
Քոչարյանը, ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նշել է, որ Հայոց եղեռնի իրականացման ականատես ժամանակակիցներից ոչ ոք կասկածի տակ չի դնում դրա բուն էությունը, եւ հայ ժողովուրդն այսօր ընդամենը թարմացնում է միջազգային հանրության հիշողությունը: Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային հանրությունից Հայոց ցեղասպանության փաստին արդարացի գնահատական տալու գործում:
Համաժողովի առաջին օրը ելույթ ունեցած արտասահմանցի հյուրերը դատապարտում էին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ կատարվածը: Այսպես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին քարտուղար, իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը նշեց, որ Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների քողի տակ թուրքերը կոտորեցին մեկուկես միլիոն հայերի: Զայասն ասաց, որ Թուրքիան մինչեւ օրս օկուպացիայի տակ է պահում հայկական հողերը, հայկական մշակութային ժառանգությունը մնացել է Թուրքիայի տարածքում, եւ հայ ժողովուրդն իրավունք ունի հետ ստանալու: Իրավունքի պրոֆեսորը նշեց, որ հայկական եկեղեցիները վերածվում են մզկիթների, ապա հռետորական հարց տվեցՙ պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե Գերմանիան հրեական սինագոգները վերածեր եկեղեցիների:
Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն Վիլյամ Շաբասը նշեց, որ 1915 թ. հայկական ջարդերը համապատասխանում են ցեղասպանություն բնորոշմանը: Ճապոնացի պրոֆեսոր Հիրոյշի Սեգավան նկատեց, որ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածը պետք է որակվի ցեղասպանություն:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ