Եվրոպական գերտերությունների Կոստանդնուպոլսում գտնվող դեսպանատները, որ ականատեսը եղան Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը, բավականին հարուստ նյութեր են ուղարկել իրենց կառավարություններին: Դրանք այժմ գտնվում են արխիվային ֆոնդերում:
Իտալիան ժամանակի այն միակ գերտերությունն է, որի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունն արձանագրող նյութերը մինչ օրս անհայտ էին մեր հասարակությանը, չնայած իտալական պառլամենտը 2000 թ. նոյեմբերին ճանաչել ու դատապարտել է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը:
1990-ականների վերջին Ֆլորենցիայում կազմվեց մի հանձնաժողով, որը սկսեց հավաքել եւ տպագրել Հայաստանին առնչվող իտալական դիվանագիտության փաստաթղթերը: Անգնահատելի այս աշխատանքի արդյունքումՙ իտալերենով արդեն ընթերցողին են հանձնվել 1891-1895 թվականների արխիվային նյութերը, որոնք նոր լույս են սփռում հայ ժողովրդի հանդեպ վարվող աբդուլհամիդյան վարչակարգի քաղաքականության, եվրոպական տերությունների եւ մասնավորապես Իտալիայի կառավարության դիրքորոշման վրա:
1912 թվականի վերջից Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերությունները նոր թափով վերսկսեցին Արեւմտյան Հայաստանի բարեփոխումների մասին ծրագրի քննարկումները: Գերտերությունների շահերի ոլորտում հայտնված հայ ժողովուրդը դարձյալ սկսեց թուրքական լծից ազատվելու հույսեր տածել, սակայն սկսված պատերազմը օսմանյան կառավարությանը հնարավորություն ընձեռեց ոչ միայն ձախողել բարեփոխումների իրականացումը, այլեւ մեկընդմիշտ լուծել Հայկական հարցը` բնաջնջելով իր պատմական հայրենիքում բնակվող հայ ժողովրդին եւ հիմք ստեղծել պանթուրքիզմի գաղափարախոսությունը իրագործելու համար:
Ահա բարեփոխումների այս ծրագրի քննարկումներին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող իտալական դիվանագիտության փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով 2005 թ. փետրվարին Իտալիայում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ իրավունք ստացա ուսումնասիրություններս Իտալիայի արտաքին գործերի նախարարության արխիվում սկսելու:
Ֆառնեզինյան դղյակի դիվանագիտական արխիվում պահպանվող Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող փաստաթղթերը զետեղված են արխիվային տարբեր ֆոնդերում:
1. Քաղաքական շարք Պ (Serie Politiche P ) 1891-1916:
Արխիվային այս ֆոնդում Հայաստան (Armenia) անվան տակ գտնվում են ութ թղթապանակներ. 325 (1891-1895 թթ.), 326 (1894-1896 թթ.), 327 (1895 թ.), 328 (1895 թ.), 329 (1895 թ.), 330 (1896 թ.), 331 (1896-1906 թթ.) եւ 332 (1907-1914 թթ.): Փաստաթղթերի այս խումբը հիմնականում առնչվում է աբդուլհամիդյան վարչակարգի ժամանակաշրջանին: Սրանց մի մասն, ինչպես նշեցինք, արդեն տպագրել է Ֆլորենցիայի հանձնաժողովը: 332 թղթապանակում նյութերն առնչվում են հիմնականում 1913-14 թվականների վերը հիշատակված բարեփոխումների ծրագրի քննարկումներին: Քաղաքական շարքի այս փաստաթղթերի մի զգալի մասը 6 հատորով տպագրել է նաեւ Իտալիայի արտգործնախարարությունըՙ բացառապես ներքին օգտագործման համար, եւ նույնպես գտնվում է դիվանագիտական այս արխիվում Armenia-LXVI անվան տակ:
2. Քաղաքական արխիվ- ընդհանուր եւ գրասենյակային (Archivio Politico-ordinario e di gabinetto) 1915-1918:
Արխիվային այս ֆոնդում Հայաստանին առնչվող փաստաթղթերը գտնվում են 44 թղթապանակում եւ ընդգրկում են 1915-1918 թվականների դեպքերը: Թղթապանակն այդքան էլ հարուստ չէ, բայց եւ այնպես արժեքավոր նյութեր է պարունակում, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության մասին: Չնայած թղթապանակն ընդգրկում է 1915-1918 թվականները, 1916 եւ 1917 թվականների մասին գրեթե ոչ մի փաստաթուղթ չկա, իսկ 1918 թվականի նյութերն էլ հիմնականում վերաբերում են Պողոս Նուբար Փաշայի գլխավորած Փարիզում գտնվող ազգային պատվիրակությանը:
3. Քաղաքական գործեր (Affari politici) 1919-1930:
Այստեղ Հայաստանին առնչվող երկու թղթապանակներ կան, որոնք գտնվում են 809 եւ 810 համարների տակ: Սրանցից առաջինն ընդգրկում է 1919-1922, իսկ երկրորդը` 1922-1930 թվականները: Փաստաթղթերը վերաբերում են քաղաքական անցուդարձերին, հայ որբերին, Իտալիայում գործող հայամետ կոմիտեի գործունեությանը, հայ փախստականներին Հայաստան վերադարձնելու Իտալիայի աջակցությանը, Թուրքիայում հայերի զավթված ունեցվածքին եւ այլն:
4. Խաղաղության կոնֆերանսներ (Conferenze della pace) 1919-1923:
Այս ֆոնդում պահպանվող նյութերի մեջ պահպանվել են խաղաղության տարբեր կոնֆերանսներում Հայկական հարցին վերաբերող քննարկումների արձանագրությունները, որոնք չափազանց կարեւոր են:
Այս չորս հիմնական խմբերից բացի, ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին նյութեր կան նաեւ տարբեր արխիվային ֆոնդերում գտնվող Թուրքիային առնչվող փաստաթղթերում: Սրանք այժմ ուսումնասիրվում են, եւ հուսով եմ, որ բացի արդեն հայտնաբերված նյութերից, կգտնվեն նաեւ ուրիշները: Թուրքիային առնչվող փաստաթղթերի մի զգալի մասըՙ 25 հատորով եւս տպագրվել է Իտալիայի արտգործնախարարության կողմից, դարձյալ ներքին օգտագործման համար եւ գտնվում է Turchia-XVI անվան տակ: Սրանցից 13-րդ հատորում, որն ընդգրկում է 1909 թվականի դեպքերը, որոշ նյութեր կան, որոնք արձանագրում են Կիլիկիայում հայոց կոտորածները, իսկ 1915 թիվն ընդգրկող 25-րդ հատորումՙ Մեծ Եղեռնը:
Դեռեւս պետք է ուսումնասիրվեն Լոնդոնի, Փարիզի, Ս. Պետերբուրգի, Բեռլինի, Վիեննայի, եւ որ ամենակարեւորն է Կ.Պոլսի Իտալիայի դեսպանատան արխիվային նյութերը: Վերջինս այժմ լրացվում է, քանզի պակասում էին մի շարք թղթապանակներ, եւ ինչպես ինձ տեղեկացրին, այդ նոր թղթապանակներում եւս հանդիպում են Արեւմտյան Հայաստանին առնչվող փաստաթղթեր:
Այս ուսումնասիրությունների արդյունքում վերջապես կունենանք նաեւ Իտալիայի դիվանագիտական արխիվի նյութերը, որոնք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու մեր պայքարում, արդեն հավաքված բազմաթիվ փաստաթղթերի հետ կնպաստեն վերջնական հաջողությանը հասնելուն:
ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱԼՈՅԱՆ, Հռոմ