«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՎԱՂԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆՔ

Ի՞նչ ենք արել մշակութային ցեղասպանության դեմ

14 տարեկան Անդրանիկը լսել էր, որ Արեւմտյան Հայաստանում թուրքերը ոչնչացնում են հայկական եկեղեցիները, ջարդում խաչքարերը, սակայն չէր պատկերացնում, որ 631 թ. կառուցված Բագրեւանդի Սբ. Հովհաննու վանքի 1910 թ. լուսանկարի կողքին կտեսնի իննսուն տարի անց լուսանկարված վանքատեղին, ուր չկա վանքի ոչ մի հետք, որ Մշո Սբ Կարապետի լուսանկարի կողքին կտեսնի 1970-ականներին ավերակի վերածված վանքի մնացորդները: «Տե՛ս սրանք էլ Ջուղայի մասնատված խաչքարերն են», ասում էր ընկերներին ու սկսում նրանց հետ փնտրել հուշակոթողների դարասկզբի ու վերջի լուսանկարների տարբերությունները:

Երեկ լուսանկարիչ Սամվել Կարապետյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր Երեւանի Կոմիտասի այգում: ՀՅԴ Հայոց ցեղասպանության 90-ամյակի հանձնախմբի անդամ Արտաշես Շահբազյանի գնահատականով` նման միջոցառումներն ուղղված են հայոց պահանջատեր քաղաքականությանը: «Մենք ոչ թե պետք է լաց լինենք մեռելների վրա, այլ ապացուցենք, որ կատարվածը ցեղասպանություն է: Այսօրվա սերունդն իրավունք չունի մի կողմ քաշվել, վաղը պետք է պատասխան տանք` ինչ էինք անում մշակութային ցեղասպանության դեմ», համոզված է նա: Չպետք է մոռանանք ու մոռացության տանք, որ այսօր հայկական մշակութային ժառանգությունն ավերվում է 1915-23 թթ. նույն բարբարոսությամբ: Ավերածությունները շարունակվում են Նախիջեւանում եւ Արցախի բռնազավթված տարածքներում: Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ մղձավանջը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցվում եղեռնագործ պետությունը:

«Այսօրվա բարդ եւ գլոբալիզացված աշխարհում բազմաթիվ հարցեր լուծվում են հասարակական կարծիքի միջոցով, իսկ Հայաստանում, համոզված եմ, շատերը տեղյակ չեն` հուշակոթողների վերացման ուղղությամբ ինչ է կատարվում հայկական բազմաթիվ տարածքներում, ասաց դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանը: Այսպես մենք խնդրի վրա ենք հրավիրում նաեւ պետական մարմինների եւ իշխանությունների ուշադրությունը»: Զինավոր Մեղրյանն ասում է, որ նման միջոցառումներից հետո Թուրքիայից տարաբնույթ արձագանքներ են ստանում, սակայն նույնիսկ ամենաբացասական վերաբերմունքի համար էլ ուրախ են, դա նշանակում է` հասկանում են, որ հայ երիտասարդները պահանջատեր են եւ շարունակելու են տեր կանգնել իրենց իրավունքներին:

Անդրանիկը կանգնել էր նկարների մոտ ու ասում էր. «Կգնամ, այնտեղ կամուսնանամ, ընտանիք կկազմեմ: Որ մեր հողերը մեզ տան, սփյուռքահայերն էլ կգան Արեւմտյան Հայաստան, կապրեն իրենց քաղաքներում ու գյուղերում»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4