«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


«ԱԴԱՆԱՆ»ՙ ԴԵՔԵՐԻ ԵՎ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Հայաստանի կառավարությունը հրավիրել է ամերիկացի արվեստագետ Դանիել Դեքերինՙ մասնակցելու Եղեռնի 90-ամյակի հիշատակություններին եւ կատարելու իր «Ադանա» երգը Հայաստանի օպերայի ազգային նվագախմբի ընկերակցությամբ, հաղորդում է Սիրակուսայից (Նյու Յորք) «Շարփ կոնսեպտս» հասարակայնության հետ հաղորդակցության տեղեկատվական գրասենյակը: Հարցը պատմական եւ քաղաքական է, քանի որ ցարդ Մ. Նահանգները պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիշատակի պաշտոնական հանդիսությունը տեղի է ունենալու շաբաթ օրըՙ ապրիլի 23-ին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայությամբ:

«Ադանան» Դեքերի եւ Հայաստանում հայտնի երգահան Արա Գեւորգյանի համատեղ գործունեության արդյունք է: Արան գրել է երաժշտությունը, Դեքերըՙ բառերը: «Ես հորինեցի երգի բառերըՙ ոչ միայն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու այս սարսափելի ողբերգության վրա, այլ մանավանդ որպես միջոց ապաքինելու հայ ժողովրդի վերքերը», ասել է նաՙ ավելացնելով, որ այդ իրադարձությունները 1.5 մլն քրիստոնյաների կյանք խլեցին, եւ ինքը որպես քրիստոնյա չի կարող լռել:

Դեքերն ու Գեւորգյանն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: 2002-ին նրանք ստեղծել էին «Նոյի աղոթքը», որը պատմում է բիբլիական տապանի Արարատ լեռան գագաթին հանգրվանելու մասին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4