«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ԳԻՐՔԸ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանի խմբագրությամբ ընթերցողի սեղանին է դրվել բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, խմբագիր, հրատարակիչ ու լրագրող Անուշավան Զաքարյանի «Հայ ժողովրդի կորուստներն Առաջին աշխարհամարտի տարիներին» աշխատությունը: Գրքում զետեղված փաստաթղթերն ու նյութերը, հնարավորություն են տալիս օբյեկտիվ պատկերացում կազմելու եւ գնահատելու Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի կրած վնասների հաշվառման ու դրանց փոխհատուցման ուղղությամբ Թիֆլիսում 1918թ. վերջից մինչեւ 1920 թ. սկիզբը գործող «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» գործունեությունը, որը ցայսօր հանիրավի մոռացության է մատնված: Ժողովածուն նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հանրության համար:

Անուշավան Զաքարյանը ծնվել է պատմական Գողթան գավառի Փառակա գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուն զուգահեռ մշտապես զբաղվել է մեր պատմական փաստերի ուսումնասիրություններով: Նրա քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծվել են հինգ մենագրություններ եւ շուրջ հարյուր գիտական հոդվածներ ու հրապարակումներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4