Ապրիլի 20-ին, երբ Երեւանում հազիվ էին սկսվել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքները, թուրքական «Միլլիեթ» թերթը հասցրեց արձագանքել դրանց, գլխավորապես կենտրոնանալով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացման խոսքի վրա:
Նույն օրն այս թերթն արձագանքել է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հիլմի Օզքյոքի ռազմական ակադեմիայում ունեցած ընդարձակ ելույթին, որի ընթացքում նա գնահատելով Թուրքիայի շուրջը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, չի մոռացել հիշատակել նաեւ Հայաստանի մասին:
Օզքյոքը մտահոգիչ համարելով Հայաստանի դիրքորոշումը, ասել է. «Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի հետ նորմալացնել հարաբերությունները: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հարգի միջազգային իրավունքի հիմնական նորմերը, կատարի բարիդրացիության պահանջները: Մինչդեռ Հայաստանը ոչ միայն չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլեւ Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների ճանաչման նպատակով գործունեություն է ծավալում միջազգային ասպարեզում, անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ու օկուպացման տակ է պահում Ադրբեջանի տարածքի զգալի մասը: Ցեղասպանության անհիմն պնդումների քաղաքական եւ իրավական հիմքերը վերացել են Լոզանի պայմանագրով: Պայմանագիրը Թուրքիայի Հանրապետության վրա որեւէ պարտավորություն չի դրել»:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ելույթի զուգադիպությունը Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի բացմանը պատահականություն էր, թե ոչ, դժվար էր ասել: Բայց որ բանակի գեներալ Օզքյոքի ոճը բավականին սպառնալից է, կասկած չի հարուցում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ