«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Հայության արդար դատի հաղթանակն այսօր արդեն ոչ մի հայի մոտ կասկած չի առաջացնում: Խնդիրը ժամանակի եւ այդ ընթացքում քարոզչական աշխատանքի ու պետական, ժողովրդական դիվանագիտության հնարավորությունների արդյունավետ օգտագործման մեջ է: Միաժամանակ, կարեւոր է ժամանակակից պայմաններում ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերի իրականացման գիտակցումը: Մինչ արդարացիորեն զուգահեռներ են անցկացվում 20-րդ եւ 21-րդ դարասկզբների իրադարձությունների միջեւ, անթույլատրելի է սահմանափակվել միայն արտերկրում (Գուրգեն Մարգարյանի սպանությունը, այլ պակաս աղմկոտ սպանություններ ազգային պատկանելության պատճառով) կամ արտերկրի ուժերի դրդմամբ Հայաստանում հրահրվող հայտնի եւ աներեւույթ եղեռնագործություններով: Հայությանը սպառնացող վտանգների կանխարգելումը անհետաձգելի հրամայականով ենթադրում է նաեւ այսօր Հայաստանում տեղի ունեցող եւ ողջ հայությանն առնչվող վտանգավոր միտումների վերլուծություն: Դրանց միայն համառոտ անդրադարձը կարող է ազգային լուրջ անհանգստություն առաջացնել:

Մարդկության առաջադեմ ուսմունքը` քրիստոնեությունը, որը դարերով դավանել, հավատարմորեն պաշտպանել եւ հանուն որի վճարել են միլիոնավոր մարդկանց կյանքով, այսօր, ազատ եւ անկախ պետականության օրոք, լուրջ սպառնալիքներ է դիմագրավում հենց Հայաստանում: Հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացում կարելի է արձանագրել աղանդների զգալի աշխուժացումը, հանրային կյանքում սահմանադրական անկախ կարգավիճակով անգամ քրիստոնյաների ընդհանրական խնդիրների ու ցավերի նկատմամբ անհաղորդ կեցվածքը, Աստծո պատվիրանների ուրացումը ձեւապաշտորեն քրիստոնյա կոչվող իշխանիկների կողմից: Մի ձեռքով խաչակնքում, մյուսով մտնում են ժողովրդի եւ պետության գրպանը, նույն ձեռքով, որ դրվում է սուրբ Ավետարանի վրա` երդվելու, անարգվում են մյուս պատվիրանները... Հայ մանուկներից շատերն այսօր մկրտվում են օտար կրոնով: Հասուն մարդկանց հավատափոխ են անում արտերկրի գործակալները:

Արդյո՞ք հավատափոխության չէին ձգտում եղեռնագործները 1915-ին եւ դրանից էլ շատ առաջ:

Ու՞մ հայտնի չեն հայ ավանդապաշտ կանանց հերոսական օրինակները` օտարի պիղծ ոտնձգություններից զերծ մնալու եւ ինքնասպան լինելով փրկելու հայ կնոջ բարոյական նկարագիրը: ...Հանրապետությունում կան բնակավայրեր, ուր դեռատի աղջիկների ծնողները կռիվ են տալիս արտերկրում մարմնավաճառության գործուղելու ցուցակներում նրանց ներառելու համար: Մարմնավաճառության փորձերը եզակի չեն այլեւս որոշ հայ տղամարդկանց մոտ: Ավելին` հայերի մարմնավաճառությունն օտարներին տեղի է ունենում ոչ միայն արտերկրում` քողարկված, այլեւ մեր հայրենիքում, հարեւանների եւ բարեկամների իմացությամբ:

Մի՞թե սա չէր ենիչերիների վաղեմի երազանքը:

Անկախության հռչակումից հետո սեփական բնօրրանում զարթոնք երազած հայության համար ոչ թե ավելացան, այլ գնալով կրճատվեցին արժանավայել կենսակերպով ապրելու տարրական պայմանները: Սոցիալական, տնտեսական շինծու դժվարությունների, ավելի ճիշտ` թայֆաների կողմից հրահրված համատարած կողոպուտի, ապօրինությունների, քաղաքական եւ ոչ քաղաքական` սովորական երեւույթ դարձած սպանությունների, վախի ու սարսափի մթնոլորտում ուրախության արցունքները վերածվեցին կորստի ու հրաժեշտի արցունքների: Իրենց երկրից, հայրենիքից վտարանդի դարձան միլիոնավոր հայեր: Եվ թող զուր ջանքեր չգործադրեն համապատասխան մարմինները տնտեսագիտական եւ վիճակագրական անընդունելի մեթոդաբանությամբ գոյություն չունեցող ներգաղթի տվյալներ իշխանություններին ներկայացնելու համար: Անկախության 15 տարիների ընթացքում 1,5 միլիոնից ավելի հայության հեռացում հանրապետությունից: Ու թող նաեւ փորձեն գուշակել, թե արտագաղթածներից եւ նրանց սերունդներից քանի հոգու կհաջողվի լիարժեք հայ մնալ օտարության մեջ: Հայաստանն առանց այդ հայերի: Նման չէ՞ արդյոք տեղի ունեցածը անցյալ դարասկզբին երիտթուրքերի հայտնի ծրագրին:

Արտագաղթը զանգվածային է: Արտագաղթում են գյուղերից` լեռնային եւ սահմանամերձ: Ամայանում են բնակավայրեր, որոնք իսկապես սահմանապահ կարելի է անվանել, հետո` խոսում երկրի պաշտպանունակության մասին: Նրանք, ում չի հաջողվում գաղթել արտերկիր, գաղթում են գյուղից քաղաք եւ արդյունքում ստացվում է գերբնակեցված մայրաքաղաք եւ հարյուրավոր լքված բնակավայրեր: Իսկ ավելի հստակ` մոտ 300 լքված բնակավայրեր, ուր 750.000 հեկտար դուրս է եկել գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքներից: Եվ այս ամենը սակավահող հանրապետությունում, ուր ընդհանուր տարածքի մեկ երրորդից ավելին լեռնային ռելիեֆի, բնական այլ պայմանների բերումով պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Իսկ այսօր պետությունը ծրագրել է բնակավայրերի խոշորացման նոր ծրագիր, որը ոչ միայն ունակ չէ վերաբնակեցնել լքված տարածքները, այլեւ կարող է նոր գյուղեր վտանգել ամայացման:

Եվ եթե Արցախի հայաթափումը հնարավոր եղավ կանխել մահապարտ կամավորների արյամբ, ապա ի՞նչ գին պետք է վճարել հայի կողմից հալածվածների հայաթափումը երկրից կասեցնելու համար:

Իսկ հիմա այն մարդկանց մասին, ով, այնուամենայնիվ, մնաց, գոյատեւեց: Ի՞նչ արեցին հայաստանցու հետ: Մեծ մասն իրեն տնվոր է զգում սեփական տանը: Եվ ոչ միայն այն տանը, որին վիճակ են նետել Հյուսիսային պողոտա նորօրյա կողոպուտի ծրագրին քաղաքակիրթ բնույթ հաղորդելով: Իսկ երբեմն էլ առանց երկար-բարակ արդարացումների, բռնի ուժով, ծեծելով դուրս են վռնդում տնակների օրինական տերերին: Անգամ ոչ միայն այն այգում` Դալմայի այգում, ուր տարիներ շարունակ բարիք են ստեղծել ու հիմա պետք է հրաժեշտ տան` ի շահ իշխանիկ-որկրամոլների: Վստահ եմ, չկա մեկը, որն իրեն պաշտպանված զգա Հայաստանում: Մեկը, որ երաշխիք ունենա, որ նույն բախտին չեն արժանացնի եւ կարճ ժամանակ տալով, չեն վռնդի պապենական հողերից` մի նոր քաղաքաշինական գլուխգործոցի պատրվակով:

Այս անգամ ու՞մ մեղադրել, երբ հայն է հալածում հային: Հայ, որ օտարից դաժան ու վտանգավոր է, որովհետեւ օտար չէ` հայ է: Չէ, իրականում հայ էլ չէ, հայանման է, հայերեն է խոսում ընդամենը...

Այսքանից հետո նայենք մեր դեմքերին ու տարբերություն փորձենք նշմարել ջարդից մազապուրծ եղածների հոգեվիճակից: Ու՞ր են հպարտության զգացումը, վստահ կեցվածքն ու ժպտացող դեմքերը: Տիրապետող է ներքին վախը, սարսափն ու անորոշությունը, անօգնական, լքված վիճակը: Եվ անտեղի է ոմանց համար արդարության փնտրտուքը, քանզի սոցիալական արդարության մասին խոսելիս, կամ դրա մասին խոսողին լսելիս անգամ կարող են հետապնդել, ձերբակալել, ահաբեկել եւ նսեմացնել: Նայենք մեր դեմքերին եւ ազնվորեն փորձենք խոստովանել. սա հաղթանակած ժողովրդի տրամադրություն է, թե՞ անարգված, կեղեքված ու անպաշտպան մարդկանց, որ ցանկացած ժամանակ ենթակա են ներքին ու արտաքին արհավիրքների:

Ուրիշ էլ ի՞նչ էին ուզում բռնակալները:

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 34%-ը: Այլ խոսքով, պաշտոնական վիճակագրությունը վկայում է ազգաբնակչության 66%-ի գործազրկության մասին: Ենթադրվում է, որ ստվերային գործազրկության եւ ստվերային զբաղվածության ցուցանիշներն առանձնապես չեն տարբերվում իրարից, իսկ դրանց հաշվարկը շատ մոտավոր կարող է լինել: Եթե դրան ավելացնենք, որ նվազագույն աշխատավարձը` 13.000 դրամը մի քանի անգամ զիջում է կենսապահովման նվազագույն զամբյուղի գումարային արտահայտությանը, ապա միանգամայն պարզ է դառնում, թե ինչպես է պետությունը հոգ տանում թշվառությունը (եւ ոչ` սովորական աղքատությունը) հաղթահարելու համար: Հայ մարդու մեջ սերմանվել է դրսից ստացվող`տարեկան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կազմող օգնության հաշվին ապրելու, երբեմն միմյանցից դրամ կորզելով հարցեր լուծելու հոգեբանությունը: Այս ամենն այլ արատավոր երեւույթների հետ լուրջ վնաս են ազգային գենոֆոնդին, որն այլեւս ինքնավերարտադրվում է մեզ համար խորթ արժեքային համակարգում. հայի նկարագրին խորթ ու անհարիր միջավայրում:

Մի՞թե սա ազգային արժեքների ոչնչացման, այլասերման, կամ որ նույնն է «սպիտակ ջարդի» մի տարատեսակ չէ արդի պայմաններում:

Այն, ինչով հարուստ եւ հպարտ է եղել հայությունը` հայրենի գիտությունն այսօր փոշիացման լուրջ սպառնալիք է դիմագրավում: Խոսքը ոչ միայն երկրի պետական բյուջեից օրենքով նախատեսված ֆինանսավորման կրճատումն է ու օրենքի կոպիտ խախտումը, այլեւ ընդհանրապես գիտության նկատմամբ Հայաստանի պետության ունեցած վերաբերմունքը: Բազմիցս նշվել է, որ բնական այլ ռեսուրսներով հարուստ մեր հարեւանները տասնապատիկ եւ ավելի շատ գումարներ են ծախսում գիտության զարգացման վրա: Ու եթե նրանց համար գոյություն ունեն սեփական տնտեսությունների զարգացման այլ հնարավոր եւ կայացած բնագավառներ, ապա մեր պարագայում երկրի մտավոր կարողությունն առայժմ միակ եւ բացարձակ առավելությունը կարելի է համարել: Ավելին, բավարար պայմաններ չեն ստեղծվում ոչ միայն զարգացման, այլեւ ընդամենը գիտության պարզ վերարտադրության համար: Ուղեղների արտահոսքի եւ գիտնականների զգալի մասի վերամասնագիտացման, նրանցից շատերի կյանքից հեռանալու արդյունքում հայրենի գիտության մի շարք ենթաճյուղեր այլեւս դարձել են պատմություն, քանզի ժամանակին չի ապահովել սերնդափոխության կարեւորագույն խնդիրը: Մյուս ուղղություններն այսօր կանգնած են ոչնչացման եզրին: Երիտասարդների շրջանում այսօր անհնար է հետաքրքրություն առաջացնել գիտությամբ զբաղվելու, կարեւորագույն գիտական հետազոտությունների շարունակականությունը ապահովելու հարցում: Ազգային էլիտար խավի մասին կամ չի խոսվում կամ կարելի է խոսել խիստ վերապահումով: Մտավորականության մի ստվար հատվածի փորձել են քաղաքականացնել, իսկ մյուսները սարսափի եւ հոգեւոր հակասական ապրումների մեջ են: Գոյացել է համարձակ խոսքի, ըմբոստ կեցվածքի, անաչառ գնահատականի, ազգանվեր լուրջ նախաձեռնությունների ակնհայտ պակաս:

Այն չէ՞ արդյունքը, ինչի համար անմեղ զոհ դարձավ հայ մտավորականության ընտրանին 90 առաջ...

Գույներն ամենեւին էլ խտացված չեն: Սա է մեզ շրջապատող իրականությունը: Տարբերությունն այն է, որ ոմանք անաչառորեն ընդունում են փաստերը, ոմանք` խուսափում դրանից:

Այնուամենայնիվ, վերը նշվածի համար սխալ կլիներ, նաեւ միամտություն` մեղադրանքի հարվածն ուղղել մեկ կամ մի քանիսի հասցեին: Հասցեատերն, ըստ իս, առավել կործանարար Անտարբերությունն ու Հանդուրժողականությունն է:

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Պրոֆեսոր, ՀՀ ԱԺ պատգամավոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4