«Անցնցում, թավշյա ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են հավանական, որ կարող է կիրառել իշխանությունը խոսակցությունների մշտական թեմա դարձած իշխանափոխության ժամանակ». «Ազգի» այս հարցադրմանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Եթե ներսից է փոփոխությունը կատարվելու, դա կարող է լինել ելցինյան տարբերակի մեխանիզմով: Այնպես, ինչպես Գորբաչովը բերեց իր վարչապետին, իշխանությունում նորմալ վիճակ ստեղծեց, հետո, երբ ինքը դուրս եկավ, իշխանությունը տվեց նրան:
Դա կարող է լինել նաեւ 1998 թվականի հեղաշրջման տարրերով: Հաջորդըՙ հավանական կարող են լինել դարձյալ վերեւի նախաձեռնությամբ վաղաժամկետ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները»:
Այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ ամենասուր երեւակայությունն ու վերլուծական միտքն անզոր են կանխատեսելու իրադարձությունների սցենարը: Ամենահավանականը միշտ էլ անակնկալներն են: Բացառված չէ, որ թվարկված 3 տարբերակները կձգվեն մինչեւ հերթական ընտրությունները:
Ինչ վերաբերում է ներիշխանական քաղաքական ինստիտուտների կառավարման գրագիտության մակարդակին, ապա` «ուզուրպացված իշխանության օրոք եթե ձայն ես բարձրացնում, քեզ ջարդում են: Ուրեմն, ի՞նչ կառավարելիության մասին կարելի է խոսել: Անձից շատ բան է կախված, բայց կախված է նաեւ քաղաքական ինստիտուտներից` ե՛ւ վերեւում գտնվող իշխանության թեւերից, ե՛ւ սահմանադրության անկատարությունից: Նորմալ սահմանադրության դեպքում շատ բան, որ հիմա կատարվում է, դժվար թե լիներ»:
Կ. Դ.