«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ԱՌԱՋԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ առաջին «Ամերիկյան անկյան» բացումը: «Ամերիկյան անկյունները» ամերիկյան ոճի փոքր գրադարաններն են, որոնց նպատակն է աջակցել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխըմբռնմանըՙ տարբեր ձեւաչափերով լիարժեք տեղեկատվություն տրամադրելով Միացյալ Նահանգների մասին:

Այժմ գրադարանն ունի գեղարվեստական, մանկապատանեկան, կրթական բաժնեմասերով մոտ 200 կտոր գիրք, որոնց թիվը ապագայում կհասցվի 400-ի: Գրադարանին տրամադրվել են նաեւ 8 անուն ամսագիր, տեսաերիզներ, լազերային սկավառակներ, համակարգիչներ (մինչեւ տարեվերջ ինտերնետի անվճար մատակարարմամբ), որոնք բնակչությանը կսպասարկեն անվճար: Նշենք նաեւ, որ այս նախաձեռնության շրջանակներում փետրվարի 2-ից գրադարանում ամեն շաբաթ կրկին անվճար ցուցադրվում են անգլիալեզու ուսուցողական ֆիլմեր:

ԱՄՆ դեսպանատունը նախատեսում է առաջիկայում «Ամերիկյան անկյուն» բացել նաեւ Գյումրու Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնի մասնաճյուղում, հետո նաեւՙ ամբողջ Հայաստանում:

Անկյան բացման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը նշեց, որ ամերիկացիների եւ հայերի միջեւ կա մեծ համակրանքՙ պայմանավորված երկու հանգամանքներովՙ գիրքը եւ հանրային կրթությունը: «Ես դեռ վաղուց եմ ասել, որ Աստված հրեաներին տվել է օրենք, հայերինՙ այբուբեն, իսկ ամերիկացիներինՙ ինտերնետ», ավելացրեց դեսպանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4