«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ԱՐՍԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց հերթական առաջնությունը, որին մասնակցում են հին աշխարհամասի ուժեղագույն ծանրորդները: Մրցումների առաջին օրը տղամարդկանց մրցաշարում մեդալների համար պայքարեցին մինչեւ 56 կգ քաշային ծանրորդները: Մրցահարթակ դուրս եկավ նաեւ մեր հանրապետության առաջին պատվիրակըՙ գյումրեցի Արսեն Թամրազյանը: 22-ամյա ծանրորդը, որը Եվրոպայի եւ աշխարհի պատանեկան առաջնությունների բազմակի մրցանակակիր է, բավական վստահ մրցելույթներ ունեցավ: ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի սանը բոլոր վեց մոտեցումների ժամանակ էլ հաջողությամբ հաղթահարեց պատվիրված ծանրությունը եւ երկամարտի 250 (110+140) կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ինչ խոսք, երիտասարդ ծանրորդի համար Եվրոպայի առաջնությունում 4-րդը ճանաչվելը պետք է լավ ցուցանիշ համարել: Նշենք, որ երկամարտում Արսենը 10 կգ-ով զիջեց բրոնզե մրցանակակիր, բելառուսցի Վիտալի Դերբենյովինՙ 260 (117,5+142,5) կգ:

Իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ թուրք ծանրորդ Սեդաթ Արթուջը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ-անոց ծանրաձողը, հրեց 150 կգ եւ երկամարտում ցույց տվեց 275 կգ արդյունք: Նշենք, որ Աթենքի օլիմպիադայում Արթուջը երկամարտի 280 (125+155) կգ արդյունքով միայն 3-րդն էր, իսկ չեմպիոնի կոչումը 295 (135+160) կգ արդյունքով նվաճել էր նրա անվանի հայրենակից Հալիլ Մութլուն: Սոֆիայում արծաթե մեդալն էլ բաժին հասավ թուրք ծանրորդ Էրոլինՙ 265 (120+145) կգ:

Կանայք իրենց հարաբերությունները պարզեցին քաշային երկու կարգում: Մինչեւ 48 կգ քաշային մարզուհիների մրցավեճում ուժեղագույնը ճանաչվեց ռուսաստանցի Սվետլանա Ուլյանովանՙ 177,5 (77,5+100) կգ: Վերջինս հաղթող էր ճանաչվել նաեւ 2003 թ. Եվրոպայի առաջնությունում, իսկ անցյալ տարի բավարարվել էր արծաթե մեդալով: 2-րդ տեղը գրավեց իսպանուհի Ռեբեկա Սայրեսըՙ 175 (80+95) կգ: Բրոնզե մեդալակիր դարձավ բուլղարուհի Դոնկա Մինչեւանՙ 165 (72,5+92,5) կգ:

Մինչեւ 53 կգ քաշային մարզուհիների մրցավեճում Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց բելառուսցի Նաստասիա Նովիկովանՙ 195 (85+110) կգ: Արծաթե մեդալը նվաճեց ռումինուհի Մարիորա Մունտյանունՙ 192,5 (87,5+105) կգ: Բրոնզը բաժին հասավ ուկրաինուհի Տրոցենկոյինՙ 187,5 (82,5+105) կգ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4