Տարօրինակություններն ու ապօրինություններն այստեղ չեն դադարում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դրամի արժեւորումը շարունակում է լուրջ տարակարծությունների տեղիք տալ: Եթե նախկինում դրամի արժեւորման հիմնական պատճառը համարվում էին միջազգային շուկայում տեղի ունեցող տատանումները, ապա այժմ միջազգային շուկայում տեղի ունեցող դոլարի ամրապնդմանը մեր շուկան ոչ միայն համարժեք չի արձագանքում, այլեւ հակառակ վարքագիծն է դրսեւորում: ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը մեր թերթին տված հարցազրույցում դրա պատճառը համարեց այն հանգամանքը, որ միջազգային շուկայի գործընթացները Հայաստանի վրա ազդում են միջնորդավորված, եւ որ մեր տնտեսվարողներն ուղղակի գործարքներ չեն իրականացնում եվրոպական բորսաներում: Դրամի արժեւորման մեկ այլ կարեւոր պատճառաբանություն նշվեց առաջին եռամսյակում բնակչության կողմից շուրջ 40 մլն դոլարի վաճառքը բանկերին եւ փոխանակման կետերին: Ընդ որում, նա հայտնեց, որ դրա մի մասը ձեռք է բերել ԿԲ-ն, ինչը տեղի չունենալու դեպքում փոխարժեքի տատանումն ավելի մեծ կլիներ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհրդի անդամիՙ ֆինանսական շուկայում կարեւոր դեր ունեցող փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ տված պարզաբանումները չցրեցին այն տպավորությունը, որոնք ձեւավորվում են շարքային քաղաքացիների մեջ այդ օբյեկտների գործունեությունից:
Դեռ անցյալ տարվանից, երբ սկսվեցին փոխարժեքի տատանումները, հատկապես Տիգրան Մեծ եւ Կասյան փողոցների փոխանակման կետերը միաժամանակ սկսեցին սահմանել դրամ-դոլար փոխարժեքի միեւնույն ցուցանիշները, որոնք նախկինից տարբերվում էին նրանով, որ առք եւ վաճառքի տարբերությունը 2-4 դրամի փոխարեն տատանվում էր 8-12 դրամի սահմաններում: Առք եւ վաճառքիՙ ամիսներ առաջ նրանց որդեգրած այդ քաղաքականությունն անգամ ԿԲ ստուգումներից եւ մի շարք փոխանակման կետերը փակելուց հետո մնաց անփոփոխ: Դարձյալ մեր թերթին տված հարցազրույցում մի շարք փոխանակման կետերի գործունեության կասեցումը ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը բացատրեց դրանց կողմից ստվերային տնտեսության սպասարկմամբ, ինչը, բնականաբար, օրենքով արգելված է: ԿԲ նախագահը նաեւ նշել էր, որ այդ գործունեության արդյունքում փոխանակման կետերում օրական մնացորդը սկսվում էր 10 հազար դոլարից, իսկ որպես միջին թիվ նշեց 50-100 հազար դոլարը:
Հասկանալի է, որ այսպիսի ստվերային գումարների առկայությամբ հիշյալ սուբյեկտները ի վիճակի են գոնե կարճ ժամանակահատվածի համար (մեկից մինչեւ մի քանի օր) իրենց ցանկացած փոխարժեքը թելադրել եւ հսկայական ապօրինի շահույթներ ստանալ: Ասվածի ապացույց կարելի է համարել մեկ այլ երեւույթ, որը դրսեւորվեց անցյալ շաբաթ եւ կիրակի օրերին, երբ դրամ-դոլար փոխարժեքը հասավ մինչեւ 420 դրամի: Ընդ որում, դոլարի առքի վերոհիշյալ փոխարժեքը սահմանելով, վաճառքի ցուցանիշն այդ երկու օրերին փոխանակման կետերի մեծ մասն ընդհանրապես չէր նշում: Սակայն աշխատանքային օրվա սկսվելուն պես փոխարժեքն իսկույն վերադարձավ 430 դրամ 1 դոլարի դիմաց (առքը) ցուցանիշին, իսկ առքի եւ վաճառքի տարբերությունը կազմեց 12 դրամ: Ընդգծենք, որ առաջին անգամը չէ, երբ փոխանակման կետերում նման կտրուկ տատանումներ են արձանագրվում հանգստյան կամ տոնական օրերին: Բացահայտ է նաեւ, որ վերոնշյալ փողոցների փոխանակման կետերը դա իրականացնում են համաձայնեցված, ինչը ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնություն:
Վերոնշյալին մնում է միայն ավելացնել արդեն սովորական դարձած արտասովոր երեւույթներն ու ապօրինությունները փոխանակման կետերում: Բացի արդեն հիշատակված առքի գինը նշելուց եւ վաճառքինը չնշելուց, մշտական խնդիր է 10 կամ 20 դոլար գնելու, 100 դոլարանոցի 10 կամ 20 դոլարը դրամով փոխանակելու հնարավորություն չունենալը: Կարելի է անցնել Տիգրան Մեծ կամ Կասյան փողոցները ծայրից ծայր, բայց բոլոր փոխանակման կետերում «մանր չկա» արտահայտությունը կլսես: Թեեւ 100 դոլարից 30-ը փոխանակելու դեպքում այդ «մանրը» անմիջապես հայտնվում է: Ամենատարօրինակն այն է, որ նման դեպքերում ոչ ոքի չես կարող բողոքել կամ որեւէ կերպ պաշտպանել իրավունքներդ:
Ակնհայտ է, որ փոխանակման կետերի գործունեության կարգավորման առումով մինչ այժմ ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ Կենտրոնական բանկն ու հարկային պետական ծառայությունն այստեղ բազմաթիվ անելիքներ ունեն: