«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


ԵՐԵՎԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Վարդան Օսկանյան. «Մասիսը հիշեցնում է մեր կորուստները»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումըՙ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» երկօրյա միջազգային համաժողովի եզրափակիչ ելույթում, ապա դրան հաջորդած մամուլի ասուլիսում Վարդան Օսկանյանը դարձյալ հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Անկարայի հետ հարաբերություններում:

Իր զգացմունքային ելույթում արտգործնախարարը հավաքվածներին ասաց, որ Մասիս սարը հիշեցնում է հայկական կորուստները: Օսկանյանը նշեց, որ օսմանյան կառավարությունը ծրագրել եւ իրականացրել է հայ ժողովրդի բնաջնջումը պատմական հայրենիքում, մեջբերեց 1910-ական թթ. Կ. Պոլսում ամերիկյան դեսպան Մորգենթաուի տված որակումըՙ «մի ողջ ցեղի կոտորած»: Նախարարն ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածները համապատասխանում են ցեղասպանություն որակմանը:

«Թուրքական կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության մերժումը եւ հերքումը, որն աշխատում է թուրքական կառավարության դեմ», ասաց Օսկանյանըՙ ցինիզմ որակելով հարեւան հանրապետության խորհրդարանի կոչն այլ պետություններին վերանայելու իրենց պատմությունը: Թուրքական Մեջլիսը վերջերս դիմել էր բրիտանական կառավարությանըՙ հորդորելով, որ վերջինս քարոզչական որակի «Կապույտ գիրքը», որը գրվել է 1916 թ., եւ որում կարեւոր փաստաթղթեր են հավաքված Հայոց ցեղասպանության մասին:

Արտգործնախարարը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսությանը, սակայն Երեւանը կցանկանար տեսնել բաց սահմաններ երկու պետությունների միջեւ: Նախարարը նշեց. «Մենք հարեւաններ ենք, բայց մեր պարզած ձեռքին պատասխան չենք ստացել»: Օսկանյանը նշեց, որ «կուզեինք Թուրքիան դառնա Եվրոմիության անդամ», ապա հռետորական հարց տվեցՙ արդյոք այդ երկիրը համապատասխանո՞ւմ է եվրոպական չափանիշներին:

Ցեղասպանության ճանաչում առանց բառախաղերի

Համաժողովում ելույթ ունեցած թուրք քաղաքագետ Բասքըն Օրանն անընդհատ այն միտքն էր առաջ տանում, որ թուրքական հասարակությունը պատրաստ չէ 1915 թ. ողբերգությունը բնորոշելու համար ընդունել ցեղասպանություն բառը: Ասուլիսում Վարդան Օսկանյանին «Ազգն» ուղղեց հետեւյալ հարցը. «Հայաստանի համար ընդունելի կլինի՞, եթե Թուրքիան ընդունի 1915 թ. ողբերգությունն առանց ցեղասպանություն բառն օգտագործելու»: Արտգործնախարարը պատասխանեց. «Չենք կարող բառախաղեր անել», այսինքնՙ պաշտոնական Երեւանի համար ընդունելի է «իրերն իրենց անուններով կոչելը»ՙ Օսմանյան կայսրությունում ծրագրվածը եւ իրականացվածը ցեղասպանություն էր:

Օսկանյանը սկզբունքորեն դեմ չէ հայ-թուրքական երկխոսությանը, սակայն համոզված է, որ «ցեղասպանության նման բարդ խնդիրը քաղաքական վակուումի մեջ հնարավոր չէ կարգավորել»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ Հայաստանի նախագահին ուղղված նամակ-կոչին, Օսկանյանը նշեց, որ «պատասխան կլինի», բայց թե կոնկրետ երբՙ «կորոշի հանրապետության նախագահը»:

Պետք չէ՞ր քննադատել Խուան Մենդեզին

Ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը զարմանք հայտնեց օրաթերթերում (այդ թվում «Ազգում»- խմբ.) նախօրեին ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հասցեին արված քննադատական հրապարակումների առնչությամբ: Օսկանյանը համաժողովին Խուան Մենդեզի մասնակցությունն իսկ արդեն համարեց հատկանշական:

Հիշեցնենք, որ Մենդեզն իր ելույթում ոչ մի անգամ չհիշատակեց Հայոց ցեղասպանությունը, չօգտագործեց նույնիսկ ողբերգություն, կոտորածներ կամ այլ բնորոշում 1915 թ. դեպքերը որակելու համար: Ավելինՙ երեկ մամուլի ասուլիսում «Ազգի» հարցինՙ «Որպես մարդ արարած դուք կարո՞ղ եք անցյալ դարասկզբին տեղի ունեցածը որակել ողբերգություն», Մենդեզը պատասխանեց. «Ես լավ չեմ ուսումնասիրել այդ իրադարձությունները եւ դժվարանում եմ կոնկրետ որակումներ տալ»: Քիչ անց, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն օգտագործեց «ողբերգական իրադարձություններ» տերմինը:

Աստված երես կթեքի մեզանից

Համաժողովի երկրորդ օրը բացման խոսք ասաց խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան: Նախքան մարդու իրավունքների հայտնի պաշտպանին ամբիոնի մոտ հրավիրելը, հիշեցվեց, որ ընդամենը երեք օր առաջ Լեհաստանի խորհրդարանը դատապարտել էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիայի այսօրվա իշխանություններն ագրեսիվ կերպով հրաժարվում են ճանաչել այն հանցագործությունները, որն իրագործել են նրանց նախնիները, մինչդեռ Եվրոպան 2 անգամ դատապարտել է այդ ոճրագործությունըՙ որակելով որպես ցեղասպանություն», ասաց Նոբելյան մրցանակակիրը: Վալեսան նաեւ ընդգծեց. «Եթե մենք մոռացության տանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Աստված երես կթեքի մեզանից»:

Արկադի Ղուկասյանի ելույթը

Համաժողովի երկրորդ օրը բացման խոսքով սկսելու պատիվը տրվել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Նախագահին լավ հնարավորություն էր տրվել դահլիճում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերին ներկայացնելու իր ղեկավարած հանրապետության հիմնախնդիրը: Ցավոք, Ղուկասյանի ելույթը ոչ միայն երկար էր, այլեւ պարունակում էր պետական-դիվանագիտական բառապաշարին ոչ այնքան հարազատ բնորոշումներ: Մասնավորապես ԼՂՀ նախագահը նշեց, որ «մինչ այսօր (Թուրքիան) չի ապաշխարել իր կատարած հանցագործության համար, ավելինՙ նույն այդ պետությունը ներկայումս լկտի փորձեր է ձեռնարկումՙ միջազգային հանրությանը համոզելու օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»:

Թուրքիայի վերոնշյալ դիրքորոշումը լկտի է, թե ոչ, այլ խնդիր է: Հարց է ծագումՙ արդյոք Արկադի Ղուկասյա՞նը պետք է դա որակի «լկտի»: Իր ելույթում ԼՂՀ նախագահը եւս մեկ անգամ օգտագործեց լկտի, ավելի ճիշտՙ «լկտիության բարձրակետ» տերմինը: Վերջում Ղուկասյանը հիշեցրեց. «Այսօր միջազգային հանրությունը, առաջին հերթին Թուրքիան պետք է պատասխանի հետեւյալ հարցինՙ քաղաքակրթության տեսանկյունից, միջազգային իրավունքի, կայունության եւ անվտանգության ապահովման տեսանկյունից ի՞նչն է ավելի ընդունելիՙ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությո՞ւնը, որը թույլ է տալիս շարունակել միջազգային հանցագործությունը, թե՞ ապաշխարելու եւ ցեղասպանության հետեւանքները մեղմելու ուղիների որոնումըՙ ցուցաբերելով պատմական եւ քաղաքական համարձակություն»:

Տատրյանը կարեւորում է Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը

Հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանը կարծում է, որ առավել կարեւոր է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նա հիշեցրեց, որ Առաջին աշխարհամարտի դաշնակից երկրներիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը այնքան կարեւոր չէ, որքան աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիայի ճանաչելը: Տատրյանը հռետորական հարց է տալիսՙ ի՞նչ պետք է պատասխանի թուրքական կառավարությունը, երբ նրա դաշնակից Գերմանիան հայտարարի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4