«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-90

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը դեռեւս կազմակերպչական հզոր կառույցներ չունեցող չեխահայությունը կնշի մի քանի ձեռնարկումներով:

Պրահայում ապրիլի 22-ի երեկոյան կաթոլիկների Սուրբ Սալվատոր եկեղեցում տեղի կունենա Կարլովի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի Հայաստանին նվիրված համերգը` ղեկավարությամբ դիրիժոր Հայկ Ութիջյանի: Համերգի կազմակերպիչն է Արխա չեխական մարդասիրական կազմակերպությունը, որն ամեն տարի նմանատիպ միջոցառումներից ստացված հասույթը օգտագործում է Գյումրու ծերանոցի օգնության ծրագրում:

Նույն օրը երեկոյան Պրահայի հայտնի Վինոհրադիի թատրոնում կրկին կներկայացվի Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» հանրահայտ պիեսը` Յիրժի Տարանտի բեմադրությամբ:

Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ից մինչեւ 14:30 Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակում տեղի կունենա խաղաղ ցույց, որը կանցնի ցեղասպանությունը դատապարտելու եւ Թուրքիայի ու Չեխիայի խորհրդարանի կողմից այն ճանաչելու պահանջով:

Ցույցից հետո հրապարակի հարեւանությամբ գտնվող ավետարանչականների Ս. Սալվատորա եկեղեցում հոգեհանգստյան պատարագ կմատուցի Չեխիայի հայ համայնքի նորանշանակ հոգեւոր հովիվ Բարսեղ աբեղա Փիլավչյանը: Պատարագի ընթացքում իրենց աղոթքներով հայր սուրբին կմիանան նաեւ ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցու հրավիրյալ հոգեւորականները: Պատարագին հրավիրված են Չեխիայի սենատորներ եւ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ, լրագրողներ: Հակիրճ ելույթով հանդես կգա բազմիցս Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժներ նկարահանած հեռուստալրագրող, սենատոր Յարոմիր Շտետինան:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, «Օրեր» եվրոպական ամսագիր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4