1915 թվականին իր բնօրրան հայրենիքում արեւմտահայության ֆիզիկական բնաջնջումը մարդկային պատմության մեջ մնաց իր չափերով եւ ձեւերով նախադեպը չունեցող ցեղասպանություն: Բացառապես ազգային-էթնիկական հողի վրա երիտթուրքերն իրականացրին մի ողջ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման պետականորեն մշակված եղեռնագործության ծրագիրը, որի նախասկիզբն էր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հակահայկական ջարդարարական քաղաքականությունը:
Օսմանյան Թուրքիայի կողմից մեկուկես միլիոն հայության անմարդկային եւ եղերական ոչնչացումն ու նրա պատմական հայրենիքի բռնազավթումն իրականացվեց աշխարհի պետությունների եւ մարդկության պաղ ու անհաղորդ հայացքի առջեւ: Հայ ժողովուրդն իր մենակության մեջ եղավ եղեռնազարկ ու մնաց անհայրենիքՙ բռնելով տարագրության ու տառապանքի բազմուղի աշխարհագրության ճանապարհը:
20-րդ դարի սկզբին թուրքական պետության ծրագրած եւ իրականացրած Հայոց ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի պատմական ողջ տարածքի բռնազավթման իրողության ոչ միայն խոստովանությունից, այլեւ պատասխանատվությունից չի կարող խուսափել այսօրվա թուրքական պետությունը:
Իր ժողովրդի ու պատմական հայրենիքի կորստյան ցավն ու հայրենատիրության նպատակի զգացողությունն իր հետ անջնջելիորեն մեկընդմիշտ տանելու է հայ ժողովուրդն ու հայոց պետությունը:
Արդ, Հայոց եղեռնից 90 տարի անց Սասունի ու Տարոնի հերոսական նախնիների վերընձյուղված զավակներս մեր խորին խոնարհումն ենք բերում 1915 թ. եղեռնի անմեղ նահատակների հիշատակի առջեւ:
Մենք համամարդկային խղճի ու քաղաքական կամքի դրսեւորման կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին դատապարտելու եւ ճանաչելու 1915 թ. օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, կանխելու պատմական իրողությունը նենգափոխելու եւ պատմական Հայաստանի աշխարհագրությունն ու մշակույթը պղծելու եւ վերացնելու թուրքական այժմյան հիստերիան:
Մենք համազգային միասնականության ու ազգային մեր նպատակներին անմնացորդ նվիրվածության ու ծառայության կոչ ենք անում Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում վերապրող եւ ապրող մեր հայրենակիցներին: Քանզի պատմական անցյալից սթափ դասեր առնելով եւ ապրելու վճռականությամբ ապագային նայելով, կարող ենք աշխարհի մեր բարեկամներին ու թշնամիներին ապացուցել, որ մեր սերունդն այլեւս ոչ մեկի թույլ չի տա հայ ժողովրդի հետ խոսել 1915-ի արյունոտ լեզվով:
«ՍԱՍՈՒՆ-ՏԱՐՈՆ», Հայրենակցական միության խորհուրդ