«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Կանադայի Հայոց եկեղեցու թեմի նախաձեռնությամբ Օտտավայի «Նոթր Դամ» մայր տաճարում միջկրոնական, էկումենիկ արարողություն եւ հիշատակի ծիսակատարություն է տեղի ունեցել ապրիլի 15-ինՙ նվիրված Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին: Ըստ այդ առթիվ մեր ստացած հաղորդագրության, միջոցառումն արժանացել է տեղական զանգվածային լրատվամիջոցների մեծ արձագանքին, որոնցից կարելի է նշել CTV հեռուստակայանի «Նայթ նյուս» երեկոյան լրատվական ծրագիրը, տեղական ռադիոծրագրերը, ինչպես նաեւ «Օտտավա սիթիզն» եւ «Օտտավա մետրո» համայնքային թերթերը: Ներկա են եղել 28 տարբեր եկեղեցական հարանվանությունների հոգեւոր առաջնորդները, որոնք աղոթք են բարձրացրել սպանությունների եւ բռնությունների զոհերի հիշատակին: «Մենք պարտավոր ենք բարձրաձայն «ոչ» ասել նույնիսկ ամենափոքր չափի ատելությանը եւ ռասիզմի դրսեւորմանը», ասել է հրեական համայնքի ռաբբի Ռուվեն Բուլկան:

«Անցյալի ճշմարտությունից մենք դասեր պետք է քաղենք եւ փորձենք ոչ թե ատելություն սերմանել եւ պատնեշներ ստեղծել, այլ հարգել միմյանց եւ ներել», նշել է մահմեդական համայնքի հոգեւոր առաջնորդ իմամ Գամալ Սուլեյմանը:

Հազվագյուտ վերապրողներիցՙ տիկին Հրաչուհի Բրաունը հուզիչ անդրադարձ կատարելով անցյալի ողբերգական դեպքերին, սրտագին շնորհակալական խոսքեր է հղել կանադական կառավարությանըՙ գաղթականներին գրկաբաց ընդունելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Օրվա գլխավոր բանախոսը եղել է Օտտավայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Մարսել Ժերվեն: Ներկա է եղել Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4