«Հայոց ցեղասպանություն-90» ցուցահանդեսը, որը բացվեց երեկՙ ազգային գրադարանում, 5 խորագրերովՙ Հայոց եղեռնը պատմության եւ վավերագրերի, գեղարվեստական գրականության, կերպարվեստի, նահատակ գրողների գրքերի եւ երաժշտության մեջ, ներկայացնում էր նահատակ գրողների գրքեր, ինքնագրեր, գեղարվեստական եւ երաժշտական գրականություն:
Տնօրեն Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ գրադարանի հետազոտությունների եւ մատենագիտության բաժինն արդեն հրատարակության է պատրաստել «Հայոց ցեղասպանության մատենագիտությունը» գիրքը, որը պետական աջակցությամբ կհրատարակվի այս տարի, որպես ուղեցույց հետագա ուսումնասիրությունների համար, որը կհրատարակվի նաեւ օտար լեզուներով:
Հնատիպ արխիվային գրականության բաժինը ներկայացրել էր 164 միավոր գիրք, որից 63-ը Գրիգոր Զոհրապի անձնական գրադարանի գրքերն էինՙ նրա անձնական կնիքով:
«Գարուն ա, ձուն ա արել» խորագրի ներքո գրադարանի երաժշտության եւ նոտային գրականության բաժինը ներկայացրել էր Վահան Թեքեյանի խոսքերով գրված Էդուարդ Հակոբյանի մահերգը, հայոց աշխարհի տարբեր գավառներում եղեռնի թեմաներով ստեղծված երգեր, ողբեր, նոտաներ, հայդուկների երգեր, ինչպես նաեւ Կոմիտասի ստեղծագործությունները:
Թուրքերեն-հայերեն բառարանի, հայերեն-թուրքերեն զրուցարանի հեղինակ Քեյթի Գունդակչյանի լուսանկարներով ցուցահանդեսում ներկայացված էին պատմական Հայաստանիՙ Կարս, Աղթամար, Լեռնապար, Բայազետ, Վարագ, Անի, Հայկաբերդ քաղաքների կիսավեր եւ կիսաքանդ հուշարձանները, եկեղեցիները եւ պատմամշակութային կոթողները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ