Այս տարվա հոկտեմբերի 17-28-ը Արցախում կանցկացվի մարդահամար: Սա լինելու է ԼՂՀ անկախության տարիների առաջին մարդահամարը: Այդ կապակցությամբ մարտի 21-30-ը, կառավարության որոշման համաձայն, տեղի է ունեցել փորձնական մարդահամարՙ 5 հաշվառային տեղամասի ընդգրկումով: Փորձնական մարդահամար անցկացվել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի շրջանի Նորագյուղի համայնքում եւ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, որում ներգրավվել է 489 տնտեսություն:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության փոխնախագահ, մարդահամարի վարչության պետ Սերգեյ Դավթյանի խոսքով, այն անցկացվել է կազմակերպված ձեւով եւ համաձայն ծրագրի: Փորձնական մարդահամարի արդյունքները ներկայումս ուսումնասիրվում են, հստակեցվում են այն կողմնորոշումները, որոնք պետք է ապահովեն այս հետագա լայնածավալ աշխատանքների արդյունավետ դրվածքը:
Մարդահամարի պատասխանատուի հավաստմամբ, ավարտված են կազմակերպչական բնույթի բոլոր աշխատանքները: Նախնական տվյալներով, այս գործընթացին կմասնակցեն 700-ից ավելի մարդիկ, որոնց առաքելությունն է լինելու ցուցակագրումը, հաշվարկումը, կոդավորումը, մուտքագրումը եւ այլն:
Օրերս ԱՎԾ-ում կազմակերպվել էր սեմինար պարապմունք, որին մասնակցել են նաեւ մարդահամարի գծով շրջաններում նշանակված պատասխանատուները: Սեմինարի ընթացքում նրանք համապատասխան պարզաբանումներ եւ հանձնարարականներ են ստացել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ