Լույս է տեսել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության գրացուցակը
«Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կրօնական ու հոգեւոր ծառայութենէն անբաժան է մշակութային առաքելութիւնը, որ անցնող տասնամեակներուն զայն վերածած է լոյսի փարոսի մը հայութեան կեանքէն ներս», կարդում ենք ներկայացվող գրքույկի 4-րդ շապիկի վրա:
Այս տարեսկզբին Անթիլիասի տպարանը հրատարակել է կաթողիկոսության գրախանութում վաճառվող հրատարակությունների ամբողջական ցուցակը: A4 չափի 56 էջանոց գրքույկում տեղ են գտել ավելի քան 500 զանազան հրատարակություններ: Ըստ հրատարակության վայրիՙ դրանց մեծագույն մասը լույս է տեսել Անթիլիասի տպարանից. կան քիչ քանակով հայրենական եւ սփյուռքյան ուրիշ գաղթօջախների հրատարակություններ: Ըստ լեզվիՙ հրատարակությունների մեծ մասի լեզուն հայերենն էՙ իր գրաբար, արեւմտահայերեն ու արեւելահայերեն տարբերակներով. շուրջ 20 տոկոս են կազմում այլալեզու (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն) հրատարակությունները. այսուհանդերձ, գրեթե բոլորն էլ առնչվում են հայությանըՙ հայ եկեղեցուն, հայոց պատմությանը, լեզվին, մշակույթին, արվեստին, գրականությանը: Ըստ ժամանակաշրջանիՙ դրանք ընդգրկում են անցյալ դարի 50-ական թվականներից մինչեւ մեր օրերը լույս տեսածները:
Վաճառվող հրատարակություններն այս տեղեկատու-ցուցակում բաժանված են ըստ բովանդակության բնույթի. հոգեւոր գրականություն (առանձնացվել են կրոնական-եկեղեցագիտական, ծիսական-ծիսագիտական, աստվածաբանական-եկեղեցաբանական, ս. գրական-մեկնաբանական եւ քարոզախոսական 5 ենթաբաժիններ), մանկավարժական-բարոյախոսական, մատենագրական-հայագիտական, պատմական-ուսումնասիրական, գիտական-իմաստասիրական-լեզվաբանական, մանկապատանեկան հատորներ եւ դասագրքեր, գրական-գեղարվեստական, երաժշտական ձայնագրյալ հատորներ, վավերական հատորներ եւ հուշագրքույկներ: Առանձին, կից թղթիկով ներկայացվում են նորագույն 10 հրատարակություններ: Գրքույկում տեղ են գտել նաեւ կաթողիկոսության գրախանութում վաճառվող հուշանվերների եւ տեսաերիզների տվյալները: Յուրաքանչյուր բաժնում տպագրվել են հրատարակության, հուշանվերի կամ տեսաերիզի արտաքին տեսքը, անունը, գինը, հեղինակը, տպագրության վայրը, թվականը եւ էջաքանակը. երբեմն տրվում են հավելյալ տեղեկություններ:
Գրքույկ-ցուցակի 4-րդ շապիկի գրությունը նաեւ հայտնում է, որ տեղեկությունների եւ ապրանքների համար կարելի է այցելել կաթողիկոսարանի կայքէջի գրատան էջըՙ www.cathcil.org/bookstore կամ օգտագործել գրատան էլեկտրոնային հասցենՙ bookstore@cathcil.org.
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ