«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2005-04-26 | #75, 2005-04-27 | #76, 2005-04-28


ԼՊՈՒՏՅԱՆԻ ԹԻՄԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅՈՒՄ

Սոչիում ավարտին է մոտենում շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը: Պրեմիեր լիգայում կայացած 8-րդ տուրի հանդիպումները էական փոփոխություններ չմտցրին մրցաշարային աղյուսակում: Առաջատարները նվազագույն հաշիվներով հաղթանակներ տոնեցին: Սարանսկի ՏՊՍ-ը 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց «Լադային»: ՏՊՍ-ի կազմում առաջին խաղատախտակի վրա Վասիլի Իվանչուկը ոչ-ոքի խաղաց Ալեքսեեւի հետ: Ընդհանրապես, կայացած 6 պարտիաներից հինգն ավարտվեցին ոչ-ոքի: ՏՊՍ-ի հաղթանակն ապահովեց Նայերըՙ պարտության մատնելով Գելլերին: ՏՊՍ-ը 13 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: 12-ական միավորով հաջորդ տեղերում են «Տոմսկ-400»-ը եւ Կազանի «Լադյան»: Տոմսկի շախմատիստները 5-1 հաշվով հաղթեցին «Դեբյուտին», իսկ «Լադյան» նվազագույն հաշվով (3,5-2,5) պարտության մատնեց «Յունիլայնին»:

«Մաքս Վենի» շախմատիստները 4,5-1,5 հաշվով հաղթեցին «Թերմոստեպսին»: Այս անգամ մրցախաղին չմասնակցեց Վլադիմիր Հակոբյանը, որը նախորդ բոլոր վեց պարտիաներն էլ ավարտել էր ոչ-ոքի: Նման ելք ունեցավ Վահանյանի պարտիան Ամոնատովի հետ: Թիմի հաղթանակն ապահովեցին Ալեքսանդրովի, Մոտիլյովի եւ Սակաեւի շահած մրցախաղերը: Ռաֆայել Վահանյանը անցկացրած 5 հանդիպումներում ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք: Այս հաղթանակի շնորհիվ «Մաքս Վենը» վաստակեց 11 միավոր:

Բարձրագույն խմբի թիմերի մրցավեճում հայտնի դարձան այն երեք երջանիկները, որոնք հաջորդ տարի կմասնակցեն պրեմիեր լիգայի առաջնությանը: Դրանք են 13 միավորով աղյուսակը գլխավորող Սանկտ Պետերբուրգի ՖԻՆԷԿ-ը, 12-ական միավոր ունեցող Չելյաբինսկի «Յուժնի Ուրալը» եւ Մոսկվայի քաղաքապետարանի թիմը: Հիշեցնենք, որ «Յուժնի Ուրալում» իր գերազանց ելույթներով աչքի է ընկնում Սմբատ Լպուտյանը, որն առայժմ անպարտելի է:

Կանանց մրցաշարում էլ «Յուժնի Ուրալի» կազմում հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը: «Յուժնի Ուրալը» «Լադյայի» հետ 12-ական միավորով գլխավորում են աղյուսակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4