Արտակարգ իրավիճակների վարչության լրատվական կենտրոնից տեղեկացանք, որ ապրիլի 26-ի հորդառատ անձրեւների եւ ձնհալի հետեւանքով Արագածոտն մարզի Նիգավան գյուղում ողողվել են գյուղի ցանքատարածքները, բնակելի տները, անասնագոմերի որոշ մասերը: Ողողվել են նաեւ Ամրե-Թազա, Վարդաբլուր, Սամի-Գյառ եւ Ռիա-Թազա գյուղերի տները, անասնագոմերը, ցանքատարածությունները: Առայժմ հեղեղի վտանգը նվազել է: Ապրիլի 26-ին Արթիկի Մովրովի եւ Բմբուլենց հեղեղատարների ջրերը հունից դուրս են եկել, ինչի հետեւանքով 15 տներ լցվել են ջրով, ողողվել է 4 հա ցանքատարածք, մասնակիորեն քանդվել են Բաղրամյան, Գորկի եւ Շինարարների փողոցների կամուրջները, ինչպես նաեւ փլուզվել են հեղեղատարների ավելի քան 2 կմ հատվածի բետոնե հենապատերի հիմքերը: Փանիկ համայնքի տարածքում քանդվել է 2 կամուրջ եւ մեկ երկաթուղային կամուրջ: Շիրակի մարզի Աշոցքի հրշեջ մասի հարակից տարածք են լցվել անձրեւաջրերըՙ շրջելով բարձր լարման 4 փայտե էլեկտրասյուն, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են Աշոցքի համայնքի մոտ 20 տոկոսը, Կրասար եւ Զույգաղբեր համայնքները:
Ապրիլի 26-ին Վայոց ձորում Արփա գետի վարարման հետեւանքով ջրածածկվել են Արփա գյուղի 6 հա հողատարածքը, իսկ Շատին գյուղումՙ մոտ 1000 քմ պտղատու այգիները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ