Գիտության եւ մշակույթի բնագավառի գործիչներն արդեն 5 տարի հանրապետության նախագահի ամենամյա մրցանակներ ստանալու առիթ են ունենում: Երեկ հանձնվեցին 2004 թ. մրցանակները: Ներկաներին ողջունելովՙ նախագահ Քոչարյանը հույս հայտնեց, որ ներկայացված գիտական աշխատանքները կունենան նաեւ կիրառական նշանակության, իսկ մշակութային գործերը կարժանանան ջերմ ընդունելության: «Ես հուսով եմ, որ դուք այս մրցանակները դիտում եք ոչ թե որպես ձեր գործերի վերջնական արդյունք, այլ հնարավորություն նոր աշխատանքներ կատարելու համար», ընդգծեց նախագահը: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս տարի ընդլայնվել է մրցանակաբաշխության ոլորտը, քանի որ հիմնվել են երիտասարդական մրցանակներ, իսկ ապագայում էլ, նախաձեռնության բարերար աջակից Ժան Պողոսյանի առաջարկով, մրցանակ կշնորհվի նաեւ ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրությունների համար:
«Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նախագահ Ժան Պողոսյանը որակական առաջընթաց նկատեց յուրաքանչյուր տարվա մրցանակաբաշխության ժամանակ ներկայացված աշխատանքներում:
Մրցանակները շնորհվեցին հետեւյալ անվանակարգերում. բնական գիտությունների զարգացման բնագավառումՙ Աիդա Ավետիսյանին, գիտական աշխատանքի համարՙ Աշոտ Սաղյանին, գիտական հոդվածների շարքի համարՙ Տիգրան Կուրտիկյանին, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառումՙ Վլադիմիր Սահակյանին, Հրաչյա Ասատրյանին, Միքայել Գյուրջյանին, «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ» աշխատանքի համարՙ Ռոբերտ Թադեւոսյանին, «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրության համարՙ Էդուարդ Խաչիկյանին, ֆիզիկայի զարգացման բնագավառումՙ Արամ Սահարյանին, մարդասիրական արժեքների տարածման գործունեության համարՙ Մեծավորուհի քույր Արուսյակին, նորարարական մարդասիրական ծրագրի համարՙ Լյուդմիլա Հարությունյանին, Սամվել Դարբինյանին, Տիգրան Պապանյանին, Աշոտ Կարապետյանին, գրականության բնագավառումՙ Էդվարդ Միլիտոնյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառումՙ Հրաչ Բարթիկյանին: Այս տարի 5 տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան նաեւ երիտասարդ ստեղծագործողները: Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում մրցանակ շնորհվեց Միքայել Դանիելյանին, գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքների համարՙ Արշակ Սարգսյանին, վավերագրական կինոնկարի համարՙ Աննա Մովսիսյանին, Մկրտիչ Խաչատրյանին, երաժշտության ասպարեզումՙ Անուշ եւ Ինգա Արշակյաններին, գրականության բնագավառումՙ Արեգ Ազատյանին: Ի դեպ, ամենաերիտասարդ մրցանակակիրըՙ գրող Արեգ Ազատյանը, մրցանակ ստացավ «Կյանք արեւից վերեւ» պատմվածքների ժողովածուի համար, որից մի օրինակ նվիրեց նախագահ Քոչարյանին: Իսկ ժողովրդական երգի մշակման, ներկայացման եւ բարձր կատարողականության համար մրցանակ ստացած Արշակյան քույրերը խոստացան երբեք կանգ չառնել եւ շարունակել աշխատել, քանի որ, ինչպես նշեց ելույթ ունեցողներից մեկը, կարեւորը ոչ միայն մրցանակ ստանալն է, այլեւ անընդհատ ապացուցելը, որ արժանի էիր:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ