Ապրիլի 11-22-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի կայուն զարգացման հանձնաժողովի 13-րդ նստաշրջանը, ուր քննարկվեցին ջրային պաշարների, մասնավորապես խմելու ջրի պահպանության խնդիրներ: Հայաստանը ներկայացնում էին բնապահպանության նախարարը, Հանուն մարդկային կայուն զարգացման եւ Հայ կանայք հանուն առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպությունների նախագահներ Կարինե Դանիելյանն ու Ելենա Մանվելյանը: Մեր ներկայացուցչության համար նիստն ուշագրավ է եղել նաեւ Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությամբ, որ հաստատել է, որ ադրբեջանական քարոզչական մեքենան գրոհն ուժեղացրել է նաեւ էկոլոգիական կտրվածքով:
Ադրբեջանի պատվիրակությունը մեղադրանքներ է տեղացել Հայաստանի հասցեին` դատապարտելով նրա վարքագիծը ջրային պաշարների պահպանման, ազատագրված տարածքների էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: Ընդ որում, Հայաստանի անունն անմիջականորեն չի տրվել: Նշվել է, որ Կովկասում կան օկուպացված տարածքներ, որոնք չեն վերահսկվում, որտեղ ծավալվում է էկոլոգիապես վտանգավոր գործունեություն, եւ որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի խնդրին: Միջազգային հանրությանը կոչ է արվել անտարբեր չլինել եւ թույլ չտալ, որ չվերահսկվող տարածքներում ողջ կովկասյան տարածաշրջանի համար էկոլոգիական աղետ ծավալվի:
Պատասխան խոսքում բնապահպանության նախարարը նույնպես չտալով Ադրբեջանի անունը, խոսել է շրջափակման մասին, նշել, որ անկախ քաղաքական անհամաձայնություններից տարածաշրջանում բնապահպանական համագործակցություն պետք է լինի:
Կարինե Դանիելյանի տպավորութամբ, Ադրբեջանի ներկայացուցիչներն աննախադեպ ակտիվ են աշխատել նստաշրջանում, 12 օրերի ընթացքում մասնակցելով բոլոր կարգի խնդիրների քննարկմանը:
«Մեր գործունեությունը եւս արտաքին ճակատի բոլոր ոլորտներում պետք է ակտիվացվի, սակայն այս իրողությունը առայժմ որեւէ կերպ չի արձանագրվում», այս եզրակացությամբ է վերադարձել Նյու Յորքից Կարինե Դանիելյանը:
Կ. Դ.