Մայիսի 3-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի ընդունումը (21.04.2005 թ.) կարող է հանգեցնել երկրի Սենատում ոչ հայանպաստ օրենքի ընդունմանը, եթե մինչեւ մայիսի 9-ը փաստաթուղթը չբարեփոխվի: Նշվել էր, որ եթե մինչեւ այդ օրը 15 սենատորներ առաջարկեն փոփոխել օրինագիծը, ապա Սենատը կկարողանա 60 օրում բարեփոխել օրենքը: Փարիզում գործող VAN («Հայերի զգոնություն ընդդեմ ժխտողականության») կազմակերպությունն այս կապակցությամբ առաջարկում է օրենքում տուգանք եւ բանտարկություն նախատեսել ոչ միայն իրավաբանորեն, այլեւ առհասարակ հրապարակայնորեն ճանաչված ցեղասպանություններն ու հակամարդկային ոճիրները ժխտելու, կոպտորեն նսեմացնելու եւ արդարացնելու փորձերի համար:
Խմբագրությունում ստացված տեղեկությունների համաձայն, օրինագծի առթիվ մտահոգություն է արտահայտել եւ փոփոխելու կոչով բելգիացի սենատորներին է դիմել նաեւ Բելգիայի հայերի հանձնախմբի նախկին նախագահ, իրավաբան Միշել Մահմուրյանը:
Կոչին արձագանքել է Մարդու իրավունքների բելգիական լիգան: Վերջինս մայիսի 3-ին Սենատին հորդորել է վերանայել ցեղասպանությունների ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծը, որպեսզի այն վերաբերի նաեւ Հայոց ցեղասպանությանը:
Լիգայի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ 1995 թ. մարտի 23-ին ընդունված բելգիական օրենքը, որը պատիժ է նախատեսում հրեաների ողջակիզումը ժխտողների համար, կիրառության ավելի նեղ ոլորտ ունի, քան Եվրոպայի խորհրդի հավելյալ արձանագրության 6-րդ հոդվածը, որը վերաբերում է տեղեկատվական համակարգերի միջոցով ռասիզմի եւ այլատյացության քարոզչության համար նախատեսվող պատիժներին:
Բելգիայի օրենսդրությունը տվյալ արձանագրությանը համապատասխանեցնելովՙ խորհրդարանը փոփոխեց 1995 թ. օրենքը, որպեսզի բացառվի բոլոր ցեղասպանությունների ժխտումը: Սակայն ապրիլի 21-ին Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը թույլ չի տալիս պատիժ նախատեսել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Այլ կերպ ասած, Հոլոքոսթի ժխտումը պատժող 1995 թ. օրենքի գործողության ոլորտը չի ընդլայնվել հայերի առնչությամբ:
«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն, անկասկած, ազդել են չափազանց տարօրինակ եւ աններդաշնակ որոշման վրա: Մինչդեռ Բելգիայի պետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Սենատի 1998 թ. բանաձեւով», ընդգծում է Մարդու իրավունքների բելգիական լիգան:
Խնդրո առարկա օրինագիծն առնչվում է երկրի սահմանադրության 78-րդ հոդվածին: Եթե մինչեւ մայիսի 9-ը 15 սենատորներ պահանջեն փաստաթղթի վերանայում, ապա Սենատը 60 օրում կկարողանա բարեփոխել օրինագիծը: Այդ ժամկետից հետո օրենքի փոփոխումը հնարավոր կլինի միմիայն իրավարար դատարանին խտրականության համար չեղարկման հայց ներկայացնելու միջոցով:
Լիգայի նախագահ Դան վան Ռամդոնկի հեռախոսահամարն էՙ 0478.29.64.28:
Պ. Ք.