Ասում է մեծամասնությունը սահմանադրական բարեփոխումների իր նախագծի տրամաբանության մասին
«Երեւանի քաղաքապետն ընտրովի չի լինելու, որովհետեւ Երեւանում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եւ ընտրովի քաղաքապետը մի երկրորդ նախագահ է դառնալու, մի հանրապետությունում` 2 նախագահ», սա կոալիցիայի սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանի գլխավոր պատճառաբանությունն էր քաղաքապետի նշանակովի լինելու անհրաժեշտության մասին:
«Նշանակովի քաղաքապետները քաղաքը գոմ են դարձրել», այս ծանրակշիռ փաստարկով նրան հակադրվեց անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:
Երեկ խորհրդարանում շարունակվում էին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոալիցիայի ներկայացրած նախագծի քննարկումները: Պետաիրավական հանձնաժողովի նախագահը մի կերպ դիմագրավում էր բուռն տարակարծություններին: Մասնավորապես Ռաֆիկ Պետրոսյանը հարկադրված էր երկար բացատրություններ տալ, որ վարչապետի նշանակման մեխանիզմի մասին դրույթը չի հակասում Վենետիկի հանձնաժողովի այն նկատողությանը, թե խորհրդարանը ոչ մի դերակատարում չպիտի ունենա վարչապետի նշանակման ընթացակարգում:
Կոալիցիոն նախագիծը վարչապետ «նշանակում» է հետեւյալ սկզբունքով` նախագահը վարչապետ նշանակում է` խորհրդակցելով ԱԺ խումբ-խմբակցությունների հետ:
Եթե վարչապետի նշանակմանը խորհրդարանը չմասնակցի, եւ վարչապետը նրան դուր չգա, դա կարող է վեճերի, հակասությունների եւ անվստահություն հայտնելու պատճառ դառնալ: Նման իրողությունից խուսափելու համար մեծամասնությունն ընտրել է փոխզիջումային տարբերակ` վարչապետին նշանակելիս ներգրավել նաեւ խորհրդարանին:
Այսպիսով, ըստ մեծամասնության նախագծի, ԱԺ-ին մասնակի իրավունք է վերապահվում մասնակցելու կառավարության ձեւավորմանը:
Ինչպես միշտ, իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեին սահմանադրական նախագծի` Վենետիկի հանձնաժողովի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: «Նորից շարունակվում է նախագահին գերլիազորություններ տալու միտումը: Երբեմն արհեստականորեն թուլացվում է այս կամ այն լիազորությունը, բայց հաջորդ հոդվածում այնպիսի կետեր են սահմանվում, որ էլ ավելի է ուժեղանում նախագահի դերակատարումը», ասում է Արշակ Սադոյանը:
Գործող սահմանադրության մեջ հանրապետության նախագահը նաեւ արդարադատության խորհրդի նախագահն է: Ռաֆիկ Պետրոսյանը խոստովանեց, որ իրենց հաջողվել է իրենց նախագծում «հանրապետության նախագահին զրկել այդ պաշտոնից»:
«Կա ահավոր ճնշում, եւ ձեզ հաջողվել է ընդամենը այնքանն անել, ինչ արել եք, եւ դուք բառ առ բառ խոստովանում եք դա», դիմելով Ռաֆիկ Պետրոսյանին կոալիցիոն նախագծի տրամաբանությունը վերջնականապես այսպես գնահատեց սահմանադրական բարեփոխումների մյուս նախագծի հեղինակ Արշակ Սադոյանը, որը ընդդիմության միակ ներկայացուցիչն էր կիսադատարկ դահլիճում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ