Նաեւ 100-ական դոլար օժանդակություն
Հերթական անգամ եւ հոբելյանական տարվա կապակցությամբ ավելի շքեղ Ժուռնալիստների միությունը երեկ նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն իր խոսքում առողջություն մաղթեց միության անդամ, պատերազմի մասնակիցներինՙ շնորհակալ լինելով նաեւ, որ դեռեւս հնարավորություն կա Երկրորդ աշխարհամարտում հերոսական հաղթանակ տարած մարդկանց առջեւ գլուխ խոնարհելու:
Այս տարվա շնորհավորանքի միջոցառումը կազմակերպվել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ, որի հիմնադիր անդամ է Ժուռնալիստների միությունը: Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը պատերազմի մասնակիցներին էր փոխանցել ոչ միայն շնորհակալական բացիկներ, այլեւ 100-ական ԱՄՆ դոլար:
Նման նվերից շոյված եւ հուզված վետերանները շնորհակալություն հայտնեցին Արա Աբրահամյանին օգնության համարՙ նշելով, որ, ի տարբերություն այլ հարուստների, Արա Աբրահամյանը բաժանում է իր հարստությունից եւ այդպես էլ ավելի հարստանում:
ՀՀԿ-ի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ներկաներին փոխանցեց Արա Աբրահամյանի ողջույններն ու մաղթանքները: Պրն Աղայանը նշեց, որ նման նվիրատվություն Արա Աբրահամյանն արել է նաեւ երեք այլ կազմակերպությունների, որոնք եւս ՀՀԿ-ի հիմնադիր անդամներ են, մասնավորապես Գրողների, Նկարիչների միությունները եւ Գիտությունների ազգային ակադեմիան:
Երեկ տեղի ունեցավ նաեւ նմանատիպ միջոցառում Գրողների միությունում: Միության նախագահ Լեւոն Անանյանը խոսեց 400 հայ գրողների Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած մասնակցության մասինՙ ընդգծելով, որ նրանք կռվել են բոլոր ճակատներում ու հասել մինչեւ Բեռլին: Այն գրողները, ովքեր վերադարձել են պատերազմից, ստեղծել են գրականության մեծ արժեքներ, հարստացրել են հայ մշակույթը:
Լեւոն Անանյանը, խոսելով վետերան գրողների ստեղծագործություններում պատերազմի թեմայի գերակայության մասին, ցանկություն հայտնեց, որ սերունդները երբեք պատերազմ չտեսնեն: Պրն Անանյանը ավելացրեց նաեւ, որ 12 գրող-վետերանների ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը եւս շնորհավորել էՙ իր մաղթանքներին կցելով նաեւ 100-ական դոլար: Լեւոն Անանյանը հիշեցրեց նաեւ, որ կես տարի առաջ Արա Աբրահամյանը Հայաստանի գրական ֆոնդին է նվիրել 100 հազար դոլար:
Ներկաները ընդգծեցին նաեւ, որ մայիսի 9-ը ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտը խորհրդանշող հաղթանակի օրն է, այլեւ հայկական Շուշիի ազատագրման օրը եւ 1 րոպե լռությամբ հարգեցին այդ մարտերում զոհվածների հիշատակը:
Այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին եւ մայիսի 9-ին նվիրված հանդիսությունները կշարունակվեն Նկարիչների միությունում եւ Գիտությունների ազգային ակադեմիայում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ