«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2005-05-05 | #82, 2005-05-06 | #83, 2005-05-07


ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆ

1941 թ. հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Ոտնահարվեց 1939 թ. ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ կնքած չհարձակվելու պայմանագիրը:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչեւ Սեւ ծովն ընկած տարածքում մղվում էին համառ եւ կատաղի մարտեր: Երկրում հայտարարվեց համընդհանուր զորահավաք: Ծանր մարտերից հետո քաղաքներն ու գյուղերը թողնելով, Կարմիր բանակը նահանջում էր:

Խորհրդային ինֆորմբյուրոն հաղորդում էր, որ մեր զորքերը նահանջում են, որպեսզի «համահարթեն ռազմաճակատը»:

Հուլիսի 3-ին ռադիոյով ելույթ ունեցավ Ի. Վ. Ստալինը, կուսակցությանը եւ ժողովրդին կոչ անելով ոտքի ելնել թշնամու դեմ սրբազան պայքարի: Հուլիսի 22-ից գերմանական օդուժը սկսեց ռմբակոծել Մոսկվան: Զենիթային կայանքների խափանիչ կրակը չէր լռում գիշեր ու ցերեկ: Այնուամենայնիվ, մայրաքաղաքի մատույցներ էին ներխուժում ֆաշիստական «գիշանգղներ»: Մոսկվայի բնակչությունը մոբիլիզացվեց խրամատների եւ այլ արգելափակոցների կառուցման նպատակով:

Սեւ ծովում խորտակվեցին բազմաթիվ նավեր, այդ թվումՙ մարդատար: Այստեղ ֆաշիստները կիրառում էին մագնիսական ականներ: Այն օրերին, երբ հայրենիքի վրա վտանգ էր կախված եւ թշնամին Մոսկվայի դարպասների մոտ էր, Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին անցկացվեց զորահանդես: Հենց այնտեղից զորքերը շարժվում էին դեպի ռազմաճակատ: Այդ ծանր օրերին երիտասարդներից շատերը ընդգրկվում էին կուսակցության մեջ: Կուստոմս ստանալով, ուղղակի գնում էին մարտի:

Կարմիր բանակը ֆաշիստներին առաջին հարվածը հասցրեց Մոսկվայի մոտ 1941 թ. դեկտեմբերի 5-ին: Գերմանական զորքերը հետ մղվեցին, կրելով կենդանի ուժի եւ տեխնիկայի խոշոր կորուստներ: Մոսկվայի պաշտպանության օրերին Սորմովոյի գործարանից սկսեցին ռազմաճակատ ուղարկել խորհրդային առաջինՙ Տ-34 տանկերը: Մարտերում սկսեցին կիրառվել առասպելական «Կատյուշաները»: Օգնեց նաեւ ռուսական ցրտաշունչ ձմեռը: Դրանով իսկ ի դերեւ ելավ գերմանական զենքի անպարտելիության, կայծակնային հաղթանակի առասպելը:

Բայց թշնամին դեռ ուժեղ էր եւ շարունակում էր արշավանքը: Թշնամու բանակի կազմում կային ավելի վաղ օկուպացված եւ ստրկացված երկրների զորքեր: Քնած չէին «Աբվեր» եւ «ԷՍ ԴԵ» հետախուզությունների գործակալները: Խորհրդային Միության հողի վրա ոտք դնելով, գերմանաֆաշիստական զավթիչները շատ վայրերում զգացին ժողովրդի ատելությունը, որը հարվածներ էր հասցնում ընդհատակից, պարտիզանական պայքար ծավալում:

1942 թ. գարնանը գերմանացիները սաստկացրին հարձակումը: Պաշտպանությունը ճեղքելով, թշնամու տանկերը եւ մոտորացված հետեւակը շարժվեցին դեպի երկրի խորքը եւ տիրացան տնտեսական ու ռազմավարական կարեւոր օբյեկտների: Շուտով Լենինգրադը հայտնվեց լիակատար պաշարման մեջ: Քաղաքը ենթարկվում էր թշնամու հրետակոծությանը եւ օդուժի հարվածներին: Ֆաշիստ օդաչուները ռմբակոծում էին նույնիսկ սանիտարական գնացքները եւ ճանապարհներին խաղաղ շարժվող սայլերը:

Կարմիր բանակը նահանջում էր, թողնելով քաղաքներ ու այլ բնակավայրեր: Կարեւոր օբյեկտներըՙ էլեկտրակայանները, գործարանները պայթեցվում էին, որպեսզի չընկնեն թշնամու ձեռքը:

Հակառակորդի թվով գերազանցող ուժերը հասան Կուբան: Հարկ եղավ թողնել Մայկոպը, Կրասնոդարը, Մոզդոկը: Բոլոր լեռնանցքները եւ արահետները հիանալի ճանաչող լեռնցիների պարտիզանական ջոկատները զգալի կորուստներ էին պատճառում թշնամուն: Կովկասի սահմանների մոտ Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել եւ հարմար պահի էր սպասում Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների վրա հարձակվելու համար:

Այդ ժամանակ գերմանացիներն արդեն Վոլգայի մոտերքում էին: Ստալինգրադում բորբոքվեցին կատաղի փողոցային մարտեր: Կռվում էին յուրաքանչյուր տան եւ թաղամասի համար: Այդ ծանր եւ արյունահեղ ճակատամարտում Ստալինգրադը դյուցազնաբար տոկաց եւ հաղթեց: Կարմիր բանակը փայլուն հաղթանակ տարավ քաղաքի մատույցներում: Շրջափակման մեջ հայտնվեցին ֆաշիստական 22 դիվիզիաներ, գերի ընկավ ֆելդմարշալ Պաուլյուսը: Գերմանիայում սուգ հայտարարվեց:

Հիմա արդեն Կարմիր բանակն էր հաղթականորեն առաջ շարժվում: 1943 թ. հունվարին Լադոգա լճի շրջանում ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը: Հիացական բացականչություններով ջերմագին միմյանց հանդիպեցին Վոլխովի եւ Լենինգրադի ռազմաճակատների մարտիկները: Սառույցի վրա բացվեց «կյանքի ճանապարհ»: Հարձակումը շարունակվում էր:

Ռազմաճակատներում իրադրությունը փոխվեց հօգուտ Խորհրդային Միության: Ապա բոլոր ռազմաճակատներում մեկուկեսամսյա անդորր տիրեց: Խորհրդային ինֆորմբյուրոն հաղորդում էր, որ ռազմաճակատներում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Երկու կողմերն էլ պատրաստվում էին նոր ու ահեղ մարտերի: Հիտլերականներն այլեւս չէին կարող հարձակվել ամբողջ ռազմաճակատով: Նրանք ընտրեցին «Կուրսկի աղեղը», այն հարմար սեպ համարելով: Նրանք ուզում էին հյուսիսից (Օրյոլ) եւ հարավից (Բելգորոդ) հարվածելով գրավել Կուրսկը եւ գործողությունների ազատություն ստանալ, ապա Տամբովը շրջանցելովՙ թիկունքից մտնել Մոսկվա: Դրանով իսկ փակ աղեղի մեջ կարող էր հայտնվել միլիոնանոց խորհրդային բանակը:

1943 թ. հուլիսի 5-ին սկսվեց Կուրսկի ճակատամարտը: Գրոհի դիմեցին գերմանական «Վագր» եւ «Հովազ» տանկերը: Ամբողջ հողը սասանվեց արկերից ու ռումբերից: Տանկերը վառվում էին մոմերի պես, վառվում էր հողը: Երկու կողմերն էլ մեծ կորուստներ էին կրում: Հակառակորդի կողմից գործում էին «ԷՍ ԷՍ, «Ադոլֆ Հիտլեր» եւ «Մեռած գլուխ» ընտիր տանկային դիվիզիաները: Ստալինի հրամանով գեներալ Ռոտմիստրովի տափաստանային ռազմաճակատից հատկացվեցին պահեստային ուժեր, որոնք պետք է կռվեին «Հրե աղեղում»: Պրոխորովկայի մոտ (Բելգորոդ) տեղի ունեցած աշխարհում խոշորագույն տանկային ճակատամարտից հետո գերմանացիները չդիմացան եւ սկսեցին նահանջել: Խորհրդային բանակը «շտկեց» աղեղը եւ սկսեց սրընթաց հարձակվել: Ազատագրվեցին Օրյոլը եւ Բելգորոդը: Ի պատիվ այդ իրադարձության Մոսկվայում առաջին անգամ տրվեց հրավառություն:

Խորհրդային զինվորականներն արդեն կրում էին ուսադիրներ: Նոր համազգեստն էլ ավելի էր ոգեւորւմ ճակատայիններին: Շարունակելով հարձակվել եւ զավթիչներից ազատագրել գրավյալ տարածքները, խորհրդային զորքերը մոտեցան Կիեւին: Չնայած բոլոր խոչընդոտներին, գերագույն գլխավոր հրամանատարը կարգադրեց Կիեւը գրավել նոյեմբերի 7-ինՙ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 26-րդ տարեդարձի օրը: Կիեւի գրոհի ժամանակ կիրառվեցին զենիթային լուսարձակներ:

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Թեհրանի կոնֆերանսը: Թշնամու շուտափույթ ջախջախման նպատակով Ստալինը պահանջում էր բացել երկրորդ ռազմաճակատ: Ռուզվելտը եւ Չերչիլը ձգձգում էին այդ գործը, թեեւ օգնում էին ռազմական տեխնիկայով եւ սնունդով: Ժողովուրդն արդեն քիչ էր հավատում խորհրդային բանակի հաջողությանը: Հաղթանակի նկատմամբ վստահություն ներշնչելու նպատակով Մոսկվայում, պահակախմբի ուղեկցությամբ, քայլերթի դուրս բերվեցին ավելի քան 30 հազար գերմանացի գերի զինվորներ ու սպաներ:

Դաշնակիցներն ի վերջո բացեցին երկրորդ ռազմաճակատը: 1944 թ. հունիսի 6-ին անգլիացիներն ու ամերիկացիները Էյզենհաուերի հրամանատարությամբ անցան Լամանշ նեղուցը եւ ոտք դրեցին Ֆրանսիայի հողի վրա: Սկսվեց Ֆրանսիայի ազատագրումը: Երկրի ազատագրմանը մասնակցեց նաեւ Շառլ դը Գոլը, որն էլ դարձավ ազատագրական շարժման առաջնորդը: Իտալիայում դաշնակիցները ձերբակալեցին Մուսոլինիին:

Դաշնակիցները ռմբակոծում էին Գերմանիայի մեծ քաղաքները: Անգլո-ամերիկյան օդուժի զանգվածային գրոհներից հիմնահատակ կործանվեց Դրեզդենը: Պակաս չտուժեց նաեւ Բեռլինը: Ժամանակին օդուժի ռայխսմարշալ Գյորինգը հայտարարել էր, թե Գերմանիայի տարածքի վրա ոչ մի ռումբ չի ընկնի:

Խորհրդային բանակն արդեն ազատագրել էր խորհրդային ամբողջ տարածքը: Կային նաեւ անանցանելի ճահիճներ եւ անտառներ, որոնք մարտիկները հաղթահարում էին, անսպասելի հարված հասցնելով այնտեղ, որտեղ թշնամին ամենից քիչ էր սպասում: Օկուպացված երկրներն ազատագրելուց հետո խորհրդային զորքերը շարժվում էին արդեն Գերմանիայի տարածքով: Թշնամին կատաղի դիմադրություն էր ցույց տալիս: Ճանապարհին թշնամին բազում ամրություններ էր կառուցել, որոնց գրավման համար մեծ ջանքեր էին պահանջվում:

Միեւնույն ժամանակ Գերմանիայում որոշ շրջանակներ պատրաստվում էին հեղաշրջման, որպեսզի գաղտնի հաշտություն կնքեն ԽՍՀՄ-ի դաշնակիցների հետ: 1944 թ. անհաջող մահափորձ կատարվեց Հիտլերի դեմ: Մահափորձի գլխավոր նախաձեռնողներն էին գլխավոր շտաբի եւ «Աբվեր» ռազմական հետախուզության բարձրաստիճան անձինք: Կանարիսը եւ Ֆյուրերի վրա մահափորձ կատարած մյուս անձինք մահապատժի ենթարկվեցին: «Աբվերը» լուծարվեց, իսկ առավել հուսալի անձինք տեղափոխվեցին «ԷՍ ԴԵ»ՙ Շելենբերգի մոտ: Այդ հետախուզությունը «ԷՍ ԷՍ»-ի կազմի մեջ մտնում էր որպես անվտանգության գլխավոր կայսերական գերատեսչության 6-րդ վարչություն:

Շուտով Խորհրդային Միության թիկունքում գերմանացիները բանակցություններ սկսեցին ԽՍՀՄ դաշնակիցների հետՙ պատճառաբանելով, որ գերմանացիների եւ անգլո-ամերիկացիների այդ դաշինքը գլխավորապես ուղղված է կոմունիզմի դեմ: Բանակցությունները վարում էին «ԷՍ ԷՍ»-ի գլխավոր շտաբի ղեկավար Վոլֆը եւ ամերիկացի Դալեսը:

Խորհրդային հետախույզները բացահայտեցին եւ կանխեցին այդ ծրագիրը: Խորհրդային հետախույզ Իսաեւը (Շտիռլից) հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի իրադարձությունների ամբողջական պատկերը հաղորդվի ԽՍՀՄ գերագույն հրամանատարությանը: 1945 թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ Յալթայի կոնֆերանսը: Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը հանդիպման ժամանակ քննարկեցին Գերմանիան արեւմտյան եւ արեւելյան գոտիների բաժանելու հարցը:

Հիտլերն արդեն քիչ հույսեր ուներ: Ռուզվելտի մահը եւս չօգնեց նրան: Ժամանակին Հիտլերը միջոցներ չէր հատկացրել ատոմային ռումբի ստեղծման համար: Նա չէր հավատում գիտնականներին, թեեւ արդեն առկա էին ռումբի ստեղծման սաղմերը:

Հիտլերը երազում էր նկարիչ դառնալ, բայց բռնակալ դարձավ: Եթե նկարիչ դառնար, գուցե ապրեր մինչեւ խոր ծերություն, եւ այդ հրեշավոր արյունահեղությունը չէր լինի:

Դաշնակիցներն արդեն մոտենում էին Բեռլինին: Հակառակորդը նրանց գրեթե չէր դիմադրում: Հարց ծագեց, թե ո՞վ առաջինը կմտնի Բեռլինՙ դաշնակիցնե՞րը, թե՞ խորհրդային զորքերը: Ծավալուն գրոհից հետո Բեռլինը գրավեցին խորհրդային զորքերը: Ռայխստագի վրա ծածանվեց խորհրդային դրոշը: Տեղի ունեցավ Գերմանիայի լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա: Արձանագրությունն ստորագրեցին լեգենդար Կ. Գ. Ժուկովը եւ Վ. Քեյտելը (Գերմանիա): 1945 թ. մայիսի 9-ը հռչակվեց Հաղթանակի օր: Այդպես Խորհրդային Միությունը պատմական հաղթանակ տարավ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ:

Բայց իրադարձություններն արագ էին ծավալվում: 1945 թ. հուլիսին Պոտսդամի կոնֆերանսում Տրումենը (ԱՄՆ) Ստալինին հայտարարեց, որ ամերիկացիներն ատոմային ռումբ ունեն, եւ շուտով կիրառեց այն, գցելով արդեն պարտվող Ճապոնիայի (Գերմանիայի դաշնակցի) վրա: Ամբողջ աշխարհին Տրումենի ուղղած սպառնալիքը հաջողություն չունեցավ: Ողջ աշխարհը դեմ էր այդ հրեշավոր սպառնալիքին:

Շուտով ԽՍՀՄ-ը եւս միջուկային զենք ունեցավ:

Այնուհետեւ ատոմային ռումբ էր երազում ԳՖՀ-ն եւ ամեն կերպ փորձում էր այն ստանալ իր հովանավոր ԱՄՆ-ից:

Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին նպաստեցին նաեւ թշնամու թիկունքում գործող պարտիզանները: Առասպելական պարտիզանները (նրանց մեջ կային կանայք եւ երեխաներ) պայթեցնում էին կամուրջներ, խորտակում զենք ու զինամթերք փոխադրող գնացքներ:

Պարտիզանները մարտեր էին մղում հիտլերյան բանակի կանոնավոր զորամասերի դեմ եւ նույնիսկ կրակն իրենց վրա էին ընդունում, որպեսզի խորհրդային բանակի դեմ ուղղված հակառակորդի հարվածը շեղեն:

Գերմանացիների նահանջի ժամանակ պարտիզաններն իրենց գործողություններով քաղաքներ էին փրկում ոչնչացումից: Այդպես խորհրդային պարտիզաններն ու հետախույզները լիակատար ոչնչացումից փրկեցին Կրակովը, իսկ չեխ պարտիզանները սպանեցին չեխ ժողովրդի դահիճ, գեստապոյի շեֆ Գեյդրիխին:

Հարկավոր է պատշաճը մատուցել Խ. Միության մի շարք հանրապետությունների ժողովրդին, որը դիմացավ պատերազմի բոլոր արհավիրքներին: Հաղթանակը պանծալի ու տաղանդավոր զորապետներիՙ գեներալների, ծովակալների եւ մարշալների գրագետ մշակված մարտավարության արգասիքն էր: Նրանք վճռական դեր խաղացին ֆաշիզմի դեմ հաղթանակի նվաճման գործում: Գ. Կ. Ժուկովը, Ռոկոսովսկին, Բաղրամյանը, Իսակովը, Բաբաջանյանը եւ ուրիշներ պատվով հասան մինչեւ Բեռլին: Բեռլին հասավ նաեւ փառաբանված Թամանյան դիվիզիան Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ:

Վիթխարի դեր խաղացին նաեւ առասպելական խորհրդային հետախույզներըՙ Ռիխարդ Զորգեն, Կուզնեցովը, Իսաեւը (Շտիռլից) եւ մյուսները, որոնք անգնահատելի ավանդ ներմուծեցին մեծ հաղթանակի մեջ:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում մեծ առաքելություն էր վիճակված Խորհրդային Միության մշակույթի գործիչներին: Ռազմաճակատի առաջավոր դիրքերում, թշնամու գնդակների ներքո, կարմիր բանակի մարտիկների առջեւ ելույթ էին ունենում լավագույն արտիստներըՙ Արկադի Ռայկինը, Ռուսլանովան եւ շատ ուրիշներ: Հնչում էին պատերազմական տարիների երգեր («Մութ գիշեր», «Ճրագ», «Անանուն բարձունքի վրա», «Փոքր վառարանում կրակն է վառվում»), որոնք հիմա էլ հուզում են մարդկանց հոգիները, իսկ «Ելի՛ր, հսկա երկիր», երգը հնչում էր որպես օրհներգ: Անկարելի է չհիշատակել Թուխմանովի «Հաղթանակի օրը», Թարիվերդիեւի «Գարնան 17 ակնթարթը», Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը»:

Լենինգրադի շրջափակման ժամանակ ստեղծվեց Շոստակովիչի անմահ 7-րդ սիմֆոնիան: Այն հնչում էր որպես ահազանգ, ոգեշնչելով մարդկանց:

Նկարիչներից շատերը կերտեցին իրենց լավագույն կտավները (Լոկտիոնով, «Նամակ ռազմաճակատից», Պլաստով, «Գերմանացին թռավ»): Բեռլինում կառուցվեց Վուչետիչի «Ազատարար ռազմիկ» հուշարձանը:

Պատերազմի տարիներին նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր, կինոժողովածուներ: Հատկապես ուզում եմ նշել Ֆադեեւի «Երիտասարդ գվարդիան», որտեղ պատկերվում է խորհրդային երիտասարդության պայքարը գերմանացի զավթիչների դեմ:

Իր բարձրության վրա էր նաեւ խորհրդային պլակատը (Իրակլի Թոիձե, «Մայր հայրենիքը կանչում է», Վիկտոր Կորեցկի, «Կարմիր բանակի փրկարար մարտիկը»): Այդ եւ մյուս պլակատները փակցվում էին տանկերի վրա եւ տարվում մարտի:

Կուկրինիքսները, Բորիս Եֆիմովը, Գենչը եւ շատ ուրիշ ծաղրանկարիչներ հրաշքներ էին գործում թերթերի եւ հանդեսների էջերում: Պատերազմի հենց սկզբից այդ ծաղրանկարիչներն իրենց դիրքերում էին:

Ուզում եմ վերհիշել Վ. Մայակովսկուն. «Ես ուզում եմ գրիչը հավասարեցնել սվինին»:

Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, ռադիոյին կպած, անհամբերությամբ սպասում էր Լեւիտանի խոսքին: Արդեն նրա ձայնից պարզ էր լինում, լա՞վ լուր է հաղորդելու, թե՞ ոչ:

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ես ծնողներիս հետ ապրում էի Թբիլիսիում: Փոխադրվել էի վեցերորդ դասարան: Հիվանդանոցները լեփ-լեցուն էին վիրավորներով: Մենք դպրոցից գնում էինք նրանց այցելության: Ոտանավորներ էինք արտասանում, ելույթ ունենում, իսկ ես ծաղրանկարներ էի նկարում ամենքի ներկայությամբ: Ստեղծում էի որոշ վիրավորների (ում վիճակը թեթեւ էր) կատականկարները: Մի անգամ հոսպիտալում իմ համադասարանցի աղջիկներից մեկն արտասանեց Մարշակի բանաստեղծությունը.

Առավոտ կանուխ երեկոյան

Գեբելսն իր անկողնում

Անզուսպ լեզվին է տալիս.

Գերմանացիները երկնքում

Խփեցին երեք սուզանավ,

Մեկ զինվորը շրջապատեց

Երեք խորհրդային տանկ:

Ես անմիջապես դա պատկերեցի թղթի վրա եւ ցույց տվեցի բոլորին: Վիրավոր մարտիկները շատ ծիծաղեցին:

Դպրոցից բացի, ես հաճախում էի նաեւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացների: Բաց չէի թողնում ոչ մի ֆիլմ, լսում էի ռադիո, հետեւում թերթերի հրապարակումներին:

Մենք բոլորս հոգով մեր մարտիկների հետ էինք եւ հույսով սպասում էինք հաղթանակի:

Մեծ հաղթանակից հետո սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը: Հիտլերը, Հիմլերը, Գեբելսն անձնասպան եղան: Մյուս ֆաշիստ պարագլուխներին դատեց Միջազգային տրիբունալը: Ժողովուրդների դատին ներկայացվեց բազմադեմ ֆաշիզմը:

ԽՍՀՄ-ի կողմից գլխավոր մեղադրողը Ռուդենկոն էր: Ժողովուրդների դատը լայնորեն մեկնաբանվում էր: Ներկայացուցիչներ կային ամբողջ աշխարհիցՙ գրողներ, լրագրողներ, կինեմատոգրաֆիստներ, նկարիչներ: Եկել էին խոշտանգվածների, տանջամահ, խեղդամահ արվածների եղբայրները, քույրերը, հայրերը, մայրերը: Պահակախմբի ուղեկցությամբ դատարանում մեղադրյալների հայտնվելը ժողովրդի մեջ զայրույթի պոռթկում էր առաջացնում.

- Մի ծածկեք ձեր դեմքերը, մարդասպաննե՛ր: Ձեզ ճանաչում են: Ձեզ ճանաչում է եւ անիծում է ողջ աշխարհը:

Ֆաշիստ պարագլուխների մեծ մասը դատապարտվեց մահապատժի: Նյուրնբերգյան դատավարությունում հանցավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին հիտլերյան պահնորդական ծառայություններըՙ «ԷՍ ԷՍ»-ը, գեստապոն եւ «ԷՍ ԴԵ»-ն, որոնք օկուպացման տարիներին խորհրդային տարածքում գործել էին անլուր վայրագություններ եւ ոճիրներ:

Խորհրդային Միության եւ այլ երկրների օկուպացված տարածքներում համակենտրոնացման ճամբարներում պահվում էին 2 միլիոնից ավելի կալանավորներ:

2005 թ. հունվարին լրացավ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի կալանավորների ազատագրման 60 տարին: Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը Պուտինին ասաց, որ ինքն ամաչում է անցյալի համար:

2005 թ. մայիսի 9-ին ԱՊՀ-ում եւ մյուս երկրներում լայնորեն կնշվի ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Մեծ հաղթանակի 60-ամյակը: Այդ տարեթիվը համընկավ պատմական մեկ այլ իրադարձությանՙ Շուշիի ազատագրման 13-ամյակի հետ: Թո՛ղ դարերում փառաբանվեն երկուսն էլ:

(Նկարներըՙ հեղինակի)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4