Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների բելգիական լիգան, ֆրանսիական VAN կազմակերպությունը եւ առանձին իրավաբաններ պահանջում են վերանայել ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ նախատեսող բելգիական օրինագիծը, որպեսզի հնարավոր լինի պատժել նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին: Նաեւ նշել էինք, որ եթե մինչեւ մայիսի 9-ը 15 սենատորներ առաջարկեն վերանայել ապրիլի 21-ին ընդունված օրինագիծը, ապա սենատը 60 օրում կկարողանա բարեփոխել այն:
Բրյուսելից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, Եվրոհայկական ֆեդերացիան բելգիացի սենատորներին ներկայացրել է վերանայման համոզիչ փաստարկներ եւ ապա սենատի իրավաբան-փորձագետների հետ համատեղ քննարկում անցկացրել:
Ի վերջո, ընդդիմադիր 15 սենատորներ հանդես են եկել օրինագիծը վերանայելու առաջարկությամբ: Չի բացառվում, որ սենատում փոփոխության ենթարկվելուց հետո օրինագիծը հայանպաստ ձեւակերպում ստանա: Մանավանդ որ Հայոց ցեղասպանությունը ժամանակին արդեն ճանաչել են Եվրոխորհրդարանը եւ Ֆրանսիայի խորհրդարանը:
Միաժամանակ հաղորդվում է, որ թուրքամետ ուժերը, մասնավորապես Աթաթուրքի գաղափարների բելգիական ընկերակցությունը, ուժգին ճնշումներ են գործադրում Սենատի վրա, որպեսզի թույլ չտա հայանպաստ օրենքի ընդունում: Այնպես որ, օրինագծի ճակատագիրն առայժմ անհայտ է:
Պ. Ք.