Ապրիլյան եղեռնի պաշտոնական հիշատակումներից մեկ շաբաթ անց, մայիսի 2-ին Երուսաղեմի եբրայական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի (ղեկավար պրոֆ. Մայքլ Սթոուն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հիշատակի երեկո, որին ներկա են եղել Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը, ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, պրոֆ. Իսրայել Չառնին, համալսարանի հումանիտար բաժնի դեկան Սթիվն Քափլանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
Օրվա բանախոս պրոֆ. Չառնին իր խոսքում նշել է. «Մենք բարոյական պարտականություն ունենք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամեն մի ցեղասպանության հանդեպ համապատասխան հարգանք ու պատիվ տածելն այն կարեւոր ու անհրաժեշտ քայլն է, որով կարելի է նոր միջոցներ գտնել կանխարգելելու հետագա ցեղասպանությունները»:
Արձագանքելով այս նախադասությանը, ելույթ ունեցողները հիշեցրել են, որ Հիտլերը քառորդ դար անց իր ելույթներում բազմիցս զուգահեռներ է անցկացրել իր ծրագրածի եւ Հայոց ցեղասպանության միջեւ, փորձելով խրախուսել իր համախոհներին: «Ես հրամանը արձակել եմ, եւ քննադատական որեւէ խոսք ասողն անմիջապես կգնդակահարվի: Մեր պատերազմը նպատակ չունի նոր սահմաններ նվաճելու, այլ ֆիզիկական ոչնչացման ենթարկելու մեր թշնամուն: Ըստ այդմ էլ ես կարգադրել եմ, որ մահվան խմբավորումները պատրաստ լինեն առանց խղճի ու գութի կոտորելու լեհական ծագումով բոլոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին: Միայն այդ ձեւով մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ ապրելու տարածքը: Ո՞վ է ի վերջո հիշում հայերի բնաջնջումը»:
Հիշեցրել են նաւ Թուրքիայում հրեա դեսպան Հենրի Մորգենթաուի ջանքերի մասին, որն առաջինը ականատես լինելով «մի ամբողջ ազգի սպանությանը», 1915 սեպտեմբերին դիմել է իր կառավարությանըՙ օգնություն ցուցաբերելու տուժածներին: Անմիջապես հետո ստեղծվել է «Հայերի եւ սիրիացիների օգնության ամերիկյան կոմիտեն», որը հետագայում վերանվանվել է «Միջին Արեւելքի օգնության» կազմակերպություն: Դրա շնորհիվ տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին, սակայն ըստ Մայքլ Սթոունի, ավելի մեծ թվով հայեր կոտորվեցին թուրքերի ձեռքով: «Դրանց թիվը 1,5 միլիոնից ավելի էր, ըստ էության բնաջնջվել էր թուրքահայ ամբողջ բնակչությունը»: Հիշատակումներից հատկանշական է այն, որ դեսպան Մորգենթաուն գործնական աջակցություն է ունեցել Դեյվեդ Գուրիոնի եւ Յիցհակ Բեն Թզվիի, հետագայում Իսրայելի վարչապետի ու նախագահի փրկության գործում: Ի դեպ, Բեն Գուրիոնը իր հորը նամակ գրելով 1919-ին հայտնել է, որ «Ջեմալ փաշան (որն այդ ժամանակ Պաղեստինի թուրք կառավարիչն էր) ծրագրում է «երեց Իսրայելի» ամբողջ հրեական բնակավայրերը ոչնչացնել, ճիշտ այնպես, ինչպես հայերին ոչնչացրին Հայաստանում»:
Հիշատակի երեկոյի վերջում պրոֆ Սթոունը նշել է, որ անմեղ զոհերին ոգեշնչելուց բացի մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք վերակենդանացման ոգու վրա, որ օսմանցիների ոչնչացման քաղաքականությունն իր նպատակին չհասավ, որ (հայ ժողովուրդը) իր նոր պատմությունն ու մշակույթն է կերտում:
Հ. Ծ.