Հարցադրումը ժխտողականության դիրքերից կատարում է թուրք հեղինակը
Խնդրո առարկան Մեծ եղեռնի հուշարձանն է, իսկ այս խոսքերը պատկանում են Թուրքիայում մամուլի խորհրդի նախագահ, «Հյուրիեթի» առաջնորդողի հեղինակ Օքթայ Էքշիին: Նա «Հյուրիեթի» մայիսի 6-ի համարում հրապարակված հոդվածն սկսում է, իր իսկ արտահայտությամբ, «կենսական» հարցով. «Թուրքիայի վարչապետն օրերից մի օր կարո՞ղ է ծաղկեպսակ դնել Երեւանի ցեղասպանության հուշարձանին» եւ ավելացնում. «Իմ կարծիքովՙ այո: Սակայն մինչ այդ պետք է հաղթահարել կարեւորագույն մի հարց»:
Ո՞րն է այդ հարցը: Օրերս Օքթայ Էքշին դիտել է թուրքական NTV հեռուստատեսությամբ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հաղորդումը, որի ընթացքում Մուրադ Բելգեն ասել է, որ. «իր նման մտածող մարդկանց (որոնք ճշմարտությունն են արտահայտում) հաշվեհարդարով են սպառնում»:
Բելգեի խոսքերն ըստ երեւույթին Էքշիի տարակուսանքն են առաջացրել: Թեեւ նա ընդունում է մոլեռանդների առկայությունը յուրաքանչյուր հասարակությունում, թուրք մոլեռանդներին համեմատում է հայ մոլեռանդների հետ, ապա եւ հանգում այն եզրակացության, թե հանցանքի առումով թուրքական հասարակության անցյալն ավելի մաքուր է, քան հայկականինը, այնուամենայնիվ հարցադրում է կատարում. «Մենք այդ հարցը ինչպե՞ս ենք քննարկելու: Ցեղասպանության փաստն ընդունողները կարծիք են հայտնելու, բայց մենք չենք կարողանալու հակադրվել նրանց: Ինչո՞ւ: Վախենալով, որ նրանց հետ բան կպատահի: Ցավոք, մեր բոլորի մեջ այս վախն է ընկել: Դեռ ավելինՙ Շվեյցարիայի պես երկրներ ցեղասպանության հարցում այլ կարծիքի մարդկանց ձերբակալելու միջոցներ են ձեռնարկում: Սա եւս կաշկանդում է»:
Կաշկանդման հանգամանքը Էքշիին մղում է նոր հարցադրման. «Դե լավ, ի՞նչ անել: Ընդունե՞լ մեզ համար անընդունելի այն թեզը, թեՙ այո, թուրքերն անտեղի ոչնչացրել են հայերին: Ես ընդվզում եմ դրան, որովհետեւ իմ մոտեցումը հակասում է ինչպես փաստեր ընդունողների, այնպես էլ ժխտողների մոտեցումներին: Իմ համոզմամբ, 20-րդ դարի սկիզբը ողբերգական իրադարձություններով հագեցած ցավալի մի ժամանակահատված էր: Տանջվել են ոչ միայն հայերը, այլեւ թուրքերը: Համոզված եմ նաեւ, որ հայերն ավելի շատ են տանջվել: Տեղահանությունը մեզՙ թուրքերիս իսկապես հուզող այդ ժամանակահատվածի խորհրդանիշն է: Որքան էլ դրա պատասխանատվությունը չպատկանի մեր սերունդներին եւ վարչակարգին, այնուամենայնիվ, պատրաստ ենք վշտակցել (հայերին)ՙ պայմանով, որ նրանք էլ նույն կռիվներում զոհված թուրքերի եւ քրդերի համար վշտակցեն: 5-6 տարի առաջ, երբ դեռեւս այս հարցերն օրակարգում չէին, գրել էի. «Եկեք Վանում երկու հուշարձան կանգնեցնենք, մեկի վրա գրված լինի 1914-15 թթ. զոհված հայ հպատակների, իսկ մյուսիՙ 1914-15 թթ. զոհված թուրք քաղաքացիների հիշատակին»: Ցանկացողը թող ծաղկեպսակ դնի ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս հուշարձաններին: Չմոռանանք այդ ժամանակվա վիշտը, չթողնենք նաեւ, որ մոռանան: Սակայն զգացմունքներում երկու կողմի նկատմամբ էլ արդար լինենք»:
Վերջում Օքթայ Էքշին պատասխանում է «Թուրքիայի վարչապետը օրերից մի օր կարո՞ղ է ծաղկեպսակ դնել Հաոց ցեղասպանության հուշարձանին» հարցինՙ ասելով. «Այո, ընդ որում ամբողջ սրտով, միայն թե պատասխանատվության ու վշտակցության զգացումները հավասարապես արտացոլվեն երկու հուշարձաններում: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում էլ ի հայտ գան օրհանփամուկներ, մուրադբելգեներ, որպեսզի համոզմունքին հակառակ կարծիք այնտեղ էլ արտահայտվի»:
Ցեղասպանության թուրքական պաշտոնական ժխտողականությունը մնում է ուժի մեջ: Որքան էլ Օքթայ Էքշին ցեղասպանության հարցում հանդես գա թուրքական պաշտոնական դիրքերից, եւ նրա առաջարկները հարցադրումներով հանդերձ տարակուսանք առաջացնեն, այնուամենայնիվ, նա իր հոդվածով ակամա հակասում է իրեն: Թերեւս դրանով էլ վկայում է թուրքական ժխտողականության մեջ առաջացած ճեղքվածքի մասին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ