«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2005-05-05 | #82, 2005-05-06 | #83, 2005-05-07


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՈՎ ՈՒՄ Է ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՎՍՏԱՀՈՒՄ

Մի շարք պետությունների առաջին դեմքերի հանդեպ հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների վստահության ու այդ պետությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին պատկերացում կազմելու նպատակով «Գելուփ ինտերնեյշնլ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ապրիլին անցակցվել են սոցիոլոգիական հարցումներ: Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հանրապետությունում հարցմանը մասնակցել է հազար մարդՙ հասարակության տարբեր շերտերից:

Եվ այսպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է հայաստանցիների 87, ադրբեջանցիների 51, վրացիների 15 տոկոսը, իսկ Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշին վստահում է վրացիների 45 տոկոսը, մյուս երկուսը Բուշի հանդեպ ունեն նույն վերաբերմունքը եւ նրան վստահում են հավասարաչափՙ 32 տոկոսով: Վրացիները շատ են վստահում նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյինՙ 64 տոկոս, ադրբեջանցիներըՙ 34, հայաստանցիներըՙ 27: Այդ պետության ներկա վիճակը դրական է գնահատում վրացիների 80, ադրբեջանցիների 52, հայերի 36 տոկոսը:

Ինչպես ենթադրելի էր, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է ադրբեջանցիների 0, վրացիների 19, հայերի 63 տոկոսը, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վստահում է մեր հայրենակիցների 2 տոկոսը, վրացիներիՙ 38, ադրբեջանցիներիՙ 77: Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն ամենից քիչ վստահում են Հայաստանումՙ 26 տոկոս, Ադրբեջանումՙ 45, իսկ Վրաստանում նրան վստահողների տոկոսը բավականին բարձր էՙ 72: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ամենից շատ վստահում են Հայաստանումՙ 40 տոկոս, իսկ ամենից քիչ Վրաստանումՙ 15, Ադրբեջանումՙ 22:

Հարցվածների կարծիքով, հեղափոխություն իրականացնելու հավանականությունը քիչ թե շատ մեծ է Ռուսաստանումՙ 38 տոկոս, Հայաստանումՙ 26 տոկոս, իսկ Ադրբեջանումՙ 17 տոկոս: Վերջին 2 հանրապետություններում հարցվածների գերակշիռ մասի կանխատեսմամբ մոտ ապագայում հեղափոխություն չի լինի, չնայած երկուսն էլ նախագահական ընտրությունների շեմին են: Հայաստանում հարցվածների 20, իսկ Ադրբեջանում 17 տոկոսը կարծիք է հայտնել, որ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը կիրառելի է նաեւ իրենց երկրներում, իսկ Ռուսաստանում հարցվածների մեկ երրորդն է հավանական համարել այդ սցենարի կրկնությունն իրենց երկրում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4