Մայիսի 9-ին աշխարհի գերհզոր պետության նախագահը ժամանելու է Թբիլիսի: Երկօրյա այցի ընթացքում Ջորջ Բուշը բանակցություններ է վարելու «վարդյա» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու ու խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, հանդիպելու է վրացական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, մայրաքաղաքի «Թավիսուփլեբա» (Անկախություն) հրապարակից ուղերձ է հղելու վրաց ժողովրդին:
Մայիսի 6-10-ը եվրոպական շրջագայության շրջանակներումՙ նվիրված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյա տոնակատարություններին, Բուշը տիկնոջ հետ այցելելու է Նիդեռլանդներ, Լատվիա, Ռուսաստան եւ Վրաստան: Բուշը կլինի ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելում է Կովկաս, մասնավորապեսՙ Վրաստան:
Նախօրեին եվրոպացի լրագրողներին տված հարցազրույցում Բուշն ասել է, որ Վրաստանի նախագահն իրեն խնդրել է Մոսկվայումՙ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, առաջ քաշել Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը: «Ինչքանով տեղյակ եմ, ռուսական կառավարությունը ռազմակայանները դուրս բերելու հայտարարություն է արել: Սա, ակնհայտորեն, մի խնդիր է, որը պետք է լուծվի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ», «Ասոշիեյթեդ պրեսը» մեջբերում է Բուշի խոսքերը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստեֆան Հեդլին, ըստ վրացական լրատվամիջոցների, ասել է, որ նախագահ Բուշը Վրաստանում կարեւորելու է ժողովրդավարական բարեփոխումները, եվրոպական ինտեգրացիան, հակամարտությունների կարգավորումը Ախալցխայում եւ Հարավային Օսիայում:
«Վաշինգտոն փոստը» մայիսի 5-ի համարում գրում է. «Նախագահ Բուշը Միխայիլ Սաակաշվիլուն նախազգուշացնելու է Մոսկվային կապված անջատողական Հարավային Օսիայից սպասվող սադրիչ գործողությունների մասին»: Մյուս կողմից, թերթը վկայակոչելով անանուն պաշտոնյաների, գրում է, որ Բուշը լատվիացիներին ու վրացիներին հորդորելու է համագործակցել Մոսկվայի հետ: «Ֆայնենշլ թայմսը» նկատում է. «Բուշի Լատվիա եւ Վրաստան այցելության որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարելու է սադրանք»:
Թբիլիսիում չափազանց մեծ կարեւորություն են տալիս հզորագույն պետության ղեկավարի այցին: Եթե հավատանք վրացական մամուլի հրապարակումներին, ապա Ջորջ Բուշին հյուրընկալելու են այնպես, ինչպես խորհրդային տարիներին ընդունում էին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին: Վերջին շաբաթներին Թբիլիսիի ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգում դրված է մեկ գերխնդիրՙ պատշաճ կերպով հյուրընկալել Ջորջ եւ Լորա Բուշ զույգին:
Վրաստանում հայտնի քաղաքական վերլուծաբան Գիա Նոգիան վրացական Civil.ge ինտերնետային կայքէջին տված հարցազրույցում ասել է, որ «այս փուլում Մ. Նահանգների համար Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը չափազանց կարեւոր է»: Ի դեպ, երեկ Մոսկվա է մեկնել Վրաստանի արտգործնախարարըՙ իր ռուս գործընկերոջ հետՙ վերջնականապես հստակեցնելու Ախալքալաքից եւ Բաթումից ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետները: Եթե Սալոմե Զուրաբիշվիլուն հաջողվի համոզել ռուսներին, ապա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մայիսի 8-9-ը այցելելու է Մոսկվաՙ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ 60-ամյակի տոնակատարություններին: Եթե ռուս-վրացական բանակցություններն առաջընթաց չարձանագրեն, ապա Սաակաշվիլին Մոսկվա չի մեկնի:
Մայիսի 3-ին Սաակաշվիլին վրացական հեռուստաընկերությանը տված ընդարձակ հարցազրույցում ասել է, որ Ջորջ Բուշի այցը Թբիլիսի նշանակում է, որ Վրաստանը տարածաշրջանում ժողովրդավարության առաջնորդն է: «Փաստը, որ ԱՄՆ նախագահը ժամանում է Թբիլիսի, ապացուցում է Վրաստանի հատուկ դերը եւ հատուկ առաքելությունը տարածաշրջանում», ասել է նա եւ հավելել. «Այդուհանդերձ, մենք չպետք է պատրանքներով տարվենք, թե Բուշի այցով լուծվելու են երկրում առկա խնդիրները: Մենք ամեն ինչ պետք է ինքներս անենք: ԱՄՆ նախագահը ժամանում է աջակցելու մեր հանրապետությունում ազատությանը եւ ժողովրդավարությանը»:
Անկասկած, Բուշի այցելությամբ ավելի կընդգծվի Վրաստանի կարեւորությունը տարածաշրջանում: Սակայն, ինչպես նկատել է Սաակաշվիլին, այդ այցելությունը չի կարող լուծել Վրաստանում առկա բազում խնդիրները, որոնք գերազանցապես ժառանգություն են նախկին նախագահներ Գամսախուրդիայից եւ Շեւարդնաձեից: Մյուս կողմիցՙ Բուշի այցելությունը եւս որոշ ժամանակով ազդեցություն կունենա Սաակաշվիլու վարկանիշի կայունության վրա:
Չնայած վրաց ժողովուրդը աջակցեց «վարդյա հեղափոխությանը», ընտրություններում ավելի քան 97 տոկոս ձայն տվեց Սաակաշվիլուն, սակայն իշխանության գալուց 1,5 տարի անց նախագահի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Ըստ էության ժամանակն աշխատում է ընդդեմ Սաակաշվիլու, քանի որ վերջինս չի կարողանում արդարացնել բազում սպասելիքները, որ կային հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում:
«Գորբի» սոցիոլոգիական հետազոտությունների վերջին հարցումները ցույց են տվել, որ բնակչության միայն 37 տոկոսն է հավանություն տալիս Սաակաշվիլու գործունեությանը, մինչդեռ 34 տոկոսը պատասխանել է. «Շեւարդնաձեի օրոք ավելի լավ էր»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ