Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ: Ինչպես երեւում է, հանգիստը բարերար ազդեցություն էր թողել շախմատիստների վրա: Նրանք մարտականորեն էին տրամադրված, որի արդյունքում կայացած 6 պարտիաներից 5-ն արդյունավետ ելք ունեցան: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին առաջատարների շարքում գտնվող Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Ասրյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Լեւոն Բաբուջյանին եւ Տիգրան Նալբանդյանին: Այդ հաջողության շնորհիվ նրանք 5 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Արսեն Եղիազարյանի հետ եւ առաջատարներից հետ մնաց կես միավորով: Բաբուջյանը, Արտաշես Մինասյանն ու Եղիազարյանը վաստակել են 4-ական միավոր: Մինասյանը հերթական տուրում հաղթեց Չիբուխչյանին: Հաջողության հասան նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Արա Մինասյանին ու Բենիամին Գալստյանին: