Թափառող կենդանիները նույնիսկ կացարան ընտրելու հնարավորություն կունենան
Երեւանի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում թափառող կենդանիների դեմ պայքարի նոր մոտեցում կկիրառի: Մրցութային պայմանները կբովանդակեն Հայաստանում ընդունված ոչ ավանդական ձեւըՙ ոչ թե կրակոցներով վերջ տալ թափառող կենդանիներին, այլՙ կառուցել շնաբուծարաններ: Պետք է ասել, որ քաղաքակիրթ աշխարհում կիրառվող այս տարբերակը քաղաքային իշխանությանը պարտադրում են մայրաքաղաքի բնակիչներըՙ նվիրյալների մի խումբ, որ կամովին նախաձեռնեց այդ աշխատանքըՙ քաղաքապետարանին պարտավորեցնելով գործնական միջոցառումներ ձեռնարկել հարցին արմատական լուծում տալու համար: Քաղաքային իշխանությունը համոզվել է, որ մաքուր ու բարետես քաղաք ունենալու համար հարկավոր է նաեւ այն մաքրել թափառող կենդանիներից, ուստի մի քանի ամսով երկարաձգել է կրակոցով շներին ոչնչացնող «Դամիարկ» կազմակերպության պայմանագրի ժամկետը, որպեսզի կազմակերպությունները հասցնեն նախապատրաստվել հուլիսի 1-ին կայանալիք մրցույթին:
Ակնկալվում է, որ հերթական մրցույթին մասնակցելու հայտ կներկայացնի 3 կազմակերպություն, որոնցից առնվազն երկուսը շնաբուծարաններ կառուցելու ծրագիր կներկայացնեն: Քաղաքապետարանը նրանցից բավարար երաշխիքներ է պահանջում, որ հաղթելու դեպքում կազմակերպությունը կարող է ավարտին հասցնել նախագիծը: Կազմակերպություններն ամեն ինչ անում են հնարավորինս մրցունակ ներկայանալու համար եւ հայտնում են, որ ունեն հովանավորներ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորելու իրենց ծրագրերը: Մրցակցող կազմակերպություններից երկուսըՙ «SOS»-ն ու «Եվրասիան», իբրեւ հովանավոր մատնանշում են նույն անձին: «Եվրասիա» կազմակերպությունում դա բացատրում են նրանով, որ «SOS» կազմակերպության ղեկավարներից մեկը քաղաքապետարանի աշխատակից լինելով յուրացրել է իրենց ծրագիրը եւ իրենց հովանավորների հետ բանակցելով փորձ է արել գումարներն ուղղորդել «SOS»-ՀԿ-ին:
Անցնող տարվանից Երեւան քաղաքում կառուցվում է առաջին շնաբուծարանը, որի նախաձեռնությունը «Դունայ» ՀԿ-ինն է: «Դունայ» ՀԿ անդամ Թամարա Սարգսյանը պատմեց, որ տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին հավաքվել կազմակերպության շուրջ, որոնց բոլորին միավորողը մեկն էրՙ փրկել կենդանիներին սպանդից: Նրանց թիվն ամեն օր ավելանում էր, ուզում էին կացարան կառուցել, ցույց տալու համար, որ ցանկության դեպքում բոլոր հարցերին էլ կարելի է լուծում գտնել, բարեգործական համերգ են կազմակերպել շնաբուծարան հիմնելու համար, սակայն առանձնապես գումար չի հավաքվել: «Դունայ» ՀԿ նախագահ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետը հավանություն էր տվել շնաբուծարան հիմնելու իրենց առաջարկին եւ 2004թ.-ի հուլիսին քաղաքապետին առաջարկել է թույլ տալ քաղաքակիրթ ձեւը կիրառեն: «Քաղաքապետարանում հայտնեցին, որ իրենք էլ են նախընտրում այդ տարբերակը եւ մեզ խորհուրդ տվեցին նախապատրաստվել մայիսի 30-ին կայանալիք մրցույթին»,-հայտնեց Ա. Ղազարյանը:
«Ընդամենը 10 օրում պետք է 20 առանձնախցիկ կառուցեինք, նույնքան էլ շուն պահեինք, վիրահատարան կառուցեինք ստերիլացիա կատարելու համար, որպեսզի թույլատրեին մրցույթին մասնակցել: Էրեբունու համայնքում տարածք գտանք, համախոհների խմբով գումար հավաքեցինք եւ նախաձեռնեցինք շնաբուծարանի հիմնումը: Պայմանավորված օրը աշխատանքն ավարտեցինք, սակայն մեր հայտը չգրանցվեց մրցույթին մասնակցելու համար»,- պատմեց Թ. Սարգսյանը: «Դունայ» կազմակերպությունն իրավունք չստանալով մասնակցելու մրցույթին, այնուամենայնիվ, չի հրաժարվում կենդանիների ապաստարան կառուցելու մտքից: Շնաբուծարանն այսօր շարունակվում է կառուցվել Էրեբունու համայնքի Արին-Բերդ կոչվող թաղամասում, բայց արդեն առանց «Դունայի»: «Քանի որ շատերը փողի հոտն զգացել էինՙ բոլորին մի կողմ հրեցին»,- հայտնեց Թ. Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Նունե Մեհրաբյանն ու «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ը տնօրեն Խաժակ Կարայանը, որ 2004թ.-ի մարտ ամսին էին իրենց միացելՙ վարչապետի պատասխանից հետո «SOS» անվանումով կազմակերպություն են հիմնել ու շարունակում են շնաբուծարանի կառուցումը:
«50-ից ավելի շուն կա հիմա այստեղ, հիմնականում հավաքել ենք, երբ ահազանգել են, որ գալիս են կրակեն: Երեք աշխատող ունենքՙ մաքրող, կերակրող-անասնաբույժ ու պահակ: Օրեկան երկու անգամ կերակրում ենք, զննման ենք ենթարկում, հիվանդ շներին առանձնացրել ենք խցերում եւ բուժում ենք», ասում է մասնագիտությամբ դաշնակահարուհի, «SOS» կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը:: Շնաբուծարանը բաղկացած է երկու հարկաբաժնից եւ մոտ 100 առանձնախցիկներից (վալերներ): Կառանտինի համար մասնաշենք է առանձնացված, որտեղ պահվելու են փողոցից բերվող հիվանդ շները: Օրական կստերիլիզացնեն 20-25 կենդանու, որոնց ապաքինումից հետո ներարկելու են կատաղության դեմ եւ պատվաստելու են վարակ չտարածելու համար: Այս գործողություններից հետո շների մի մասին հատուկ վզնոցներով բաց են թողնելու իրենց նախկին բնակավայրեր, որպես քաղաքային սանիտարներՙ նրանք վերացնում են կրծողներին: Անբուժելի, տարբեր վարակներով հիվանդ շներին այրելու են:
Կառուցապատումը դեռեւս ընթանում էր, Ն. Մեհրաբյանի ասելով դժվարությամբ, քանի որ գումարներ չունեն, սակայն ամեն ինչ արվում է հուլիսի 1-ին հնարավորինս մրցունակ ներկայանալու համար: Նա հավաստեց, որ իրենց աշխատանքը տեսնելով շատ արտասահմանցիներ ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Հրապարակումներից հետո նյուորքաբնակ մի հայՙ Կարո Ալեքսանյան անունով, մեզ նամակ գրեց: Նա տարբեր երկրների օգնել է նմանատիպ շնաբուծարաններ ստեղծելու հարցում եւ խոստացավ օգնել մեզ: Քաղաքապետի հետ պայմանավորվածություն ունիՙ այդ ամենը կանի մի պայմանով, որ դադարեցվի սպանդը, եւ քաղաքապետը համաձայնել է», ասաց Նունեն: Նրա ասելով Կ. Ալեքսանյանը խոստացել է ապահովել ստերիլացման համար անհրաժեշտ սարքավորումներ, բայց քանի որ հայտնի չէր, թե երբ դրանք տեղ կհասնեն, որոշել են չսպասել եւ ստերիլացումը կսկսենՙ գործածելով հիվանդանոցներից դուրս գրված սարքավորումները:
«Դա մեր ծրագիրն է, որը 2004թ.-ին ներկայացրել էինք քաղաքապետարան շնաբուծարան կառուցելու թույլտվություն ստանալու համար: Դրանից հետո պարբերաբար հոդվածներ են հայտնվում լրատվամիջոցներում, մեր բառերով ու մեր շարադասությամբ», ասաց «Եվրասիա» կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը: Նրա ասելով կանխատեսում էին, որ ծրագիրը կարող են յուրացնել եւ ժամանակին արտոնագրել են ծրագրի հեղինակային իրավունքը: «Քաղաքապետարանը թերեւս չէր մտածում, որ ավելի հեռուն գնացած կլինենք»,- ավելացրեց նա: 2004թ.-ին քաղաքապետարանը հավանություն է տվել Երեւան քաղաքի անապաստան կենդանիների համար կացարան կառուցելու նրանց ծրագրին: Քաղաքապետ Ե. Զախարյանը պատասխանել է. «Քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում ծրագրի իրականացմանը համակողմանիորեն աջակցելու եւ պատրաստ է Երեւանի տարածքում թափառող, անօթեւան կենդանիների կացարանի կառուցման համար հատկացնել անհրաժեշտ 3հա հողատարածք: Միաժամանակ, քաղաքապետարանը պատրաստ է կացարանի հետագա կենսագործունեությունը ապահովելու նպատակով ցուցաբերել ֆինանսական աջակցություն»:
Սակայն հողհատկացումն անընդհատ ձգձգվել է: «Մենք մասնագետների հետ այցելել ենք առաջարկված տարածքները եւ ընտրությունը կատարեցինք Աջափնյակ թաղամասում: Մասնագետների եզրակացությունն ուղարկեցինք քաղաքապետին: Սկզբում շատ լավ ընդունեցին, մուծումներ կատարեցինք չափագրումների ու նախնական նախագծային աշխատանքների համար, որը կատարեց Երեւաննախագիծ ինստիտուտը: Ամիսներ հետո հրաժարվեցին տարածքը հատկացնելուց պատճառաբանելով, որ մոտ է գտնվում Աջափնյակի ջրամբարին»,- պատմեց Ն. Թորոսյանը: Ավելացրեց, որ քաղաքապետարանի հետ իրենց քաշքշուկի ընթացքում ի հայտ եկան նոր կազմակերպություններ, որոնք դեռեւս չգրանցված դրամական օժանդակությամբ ակնկալիքով դիմել են իրենց դոնորներին: Սակայն զուտ հայկական այդ մոտեցումը նպաստել է, որ նույն Կարո Ալեքսանյանը հրաժարվի նաեւ «Եվրասիայի» հետ ձեռք բերված համաձայնությունից: «Մեր արտասահմանյան գործընկերները տեղեկացան, որ շարունակվում է շների սպանդը եւ մեզ մեղադրեցին քաղաքապետարանի հետ հանցավոր համագործակցության մեջ: Երբ մեր մոտեցումները խստացրինք քաղաքապետարանի հետՙ նրանք ուրիշ տարածք առաջարկեցին, որը լավագույն տարբերակը չէր, բայց ստիպված էինք համակերպվել առաջարկի հետ»: 2005թ.-ին քաղաքապետարանը «Եվրասիա» կազմակերպությանը 3հա հողատարածք հատկացնելու մասին որոշում է կայացրել, որտեղ շների համար ավան կկառուցվի:
Իհարկե անհասկանալի է, թե ինչու միանգամից մի քանի կազմակերպություններ որոշեցին կացարան կառուցել շների համար, երբ քիչ չի նաեւ անօթեւան մարդկանց թիվը եւ ոչ ոք իր գթասրտությունը չի ցանկանում մարդկանց հանդեպ ցուցաբերել: Մեր այս հարցին «Եվրասիայի» նախագահը պատասխանեց. «Չգիտեմ ինչ նպատակներ էին հետապնդում շահագրգիռ կազմակերպությունները, համենայնդեպս, դա թափառող կենդանիների հիմնախնդրի լուծում չի: Սա բիզնես է դիտվում, քաղաքապետարանը որոշակի բյուջետային միջոցներ ունի»: Կազմակերպությունները շնաբուծարանի գործունեության հիմնական երաշխիք են համարում քաղաքապետարանի հատկացումները, այն 20 մլն-ը, որ ամեն տարի հատկացվում է շներին կրակոցով ոչնչացնելու համար: Հենց այդ գայթակղիչ գումարն է առաջին հերթին ընկած այս մրցակցության հիմքում եւ բոլորն աշխատում են ձեռք բերել այն: Եվ առաջին հերթինՙ շներին կրակոցով սպանող «Դամիարկ» կազմակերպությունը:
Ճիշտ է, վիճակագրությունը փաստում է, որ կենդանիներն ավելի արագ են բազմանում ոչնչացնելու դեպքում: Սակայն պետք է պարզելՙ արդյոք որսորդներն ուզո՞ւմ են, որ շները վերանան, չէ՞ որ մեծ եկամուտ ունեն դրանից. 2001թ.-ին ոչնչացվել է 4000 շուն, դրանից հետո թիվն աճել է, 2004թ.-ին գնդակահարվել է 8100 շուն, որի համար քաղաքապետարանը 28 մլն դրամ է հատկացրել (1 շան ինքնարժեքը կազմում է 3695 դրամ): Թափառող կենդանիների ոչնչացման գործընթացին հետեւողները նշում են, որ որսորդներն էգ շներին չէին կրակում, այսինքն նպաստում էին նրանց բազմացմանը, հետեւաբարՙ իրենց եկամուտների ավելացմանը: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Կարեն Գեւորգյանը, որի իրավասության շրջանակում է թափառող կենդանիների դեմ պայքարը, մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը բյուջեում նման հատկացում չունի, կառավարությունը նրան չի ֆինանսավորում դրա համար:
Նվեր Թորոսյանի համոզմամբ Հայաստանում այսօր չկա կազմակերպություն, որ կարողանա այս ծրագիրն իրականացնել, չկա մասնագետ, չկա տեխնիկաՙ կենդանիներին բռնելու գործիքներ: «Ն. Մեհրաբյանն ուզում է ցույց տալ, որ մեզնից առաջ են անցել, սակայն դա շատ-շատ հեռու է տիպային կառույց լինելուց եւ հիմնախնդիրը չի լուծի, մի բան էլ ավելի կխճճի: Այդ փոքրիկ տարածքում նա չի կարող գերեզմանատուն ունենալ: «Բռնողներ չունի SOS»-ը, ասում է, թող «Դամիարկը» բռնի, ես կհոգամ մյուս բաների մասին, այդ դեպքում ո՞վ է վճարելու «Դամիարկին»,- հարցնում է Կ. Գեւորգյանը: Նրա համոզմամբ, ստիպված կեղծիքների պետք է դիմեն, որ ավելի շատ գումար ստանան քաղաքային բյուջեից:
«Եվրասիայի» նախագահը հայտնեց, որ Միջազգային առողջապահական կազմակերպության հետ պայմանավորվածություն ունեն կամավորներ, դեղամիջոցներ տրամադրելու, ուսուցում կազմակերպելու մասին: Պայմանավորվածություն ունեն զորամիավորումների, սահմանապահների հետ, որպեսզի ցեղային շներ բուծեն նրանց համար: Մոսկվայի հետ պայմանավորվել են, որ մաքսային ծառայության, ՆԳՆ-ի համար շներ կվարժեցնեն եւ այլն: Նախատեսում են մեկ տարում ավարտել կացարանի կառուցումը, որը 500 թափառող կենդանու համար է նախատեսված: Մեթոդը նույնն է, ինչն արդեն ներկայացրել է «SOS»-ը. թափառող կենդանիներին հավաքում են այնտեղ, ստերիլացնում, 7 օր պահվում են կացարանում, չիպավորում, պատվաստում են ու բաց թողնում: Պետք է որոշակի քանակություն բաց թողնվի, իսկ նրանք, որոնք բուժման ենթակա չենՙ վերացվելու են: Կենդանիներին 6 ամիսը մեկ պետք է բռնեն ու վակցինացնեն: Ներկայումս մեզ մոտ ոչ մի կազմակերպություն չի կարող տալ կոնկրետ տվյալներ, թե քանի հազար շուն կա մեր հանրապետությունում, սակայն «Եվրասիայում» վստահեցնում են, որ 3 տարում, եթե հաջողվի թափառող կենդանիների 70%-ին անցկացնել կացարանովՙ 50-60-%-ով կնվազի քանակը:
Հարցն առայժմ դիտարկվում է միայն մի տեսանկյունիցՙ կանխել կենդանիների նկատմամբ կիրառվող դաժան սպանդը, սակայն մասնագետներն այլ խնդիրներ էլ են առաջ քաշում, որը նրանց կարծիքով չի լուծվի նշված ծրագրով: Մամուլում հրապարկվեց անասնաբուժագիտության դոկտոր, պրոֆեսոր Հ. Նաղաշյանի տեսակետը հարցի վերաբերյալ. «Այն «հումանիստական» գաղափարը, որ թափառող շներին չի կարելի ոչնչացնել, այլ պետք է միայն նրանց ստերիլացնել, բացարձակապես չի նպաստում Էխինոկոկոզով եւ տոքսապլազմոզով հիվանդացության կանխմանը, ընդհակառակը վերջին տարիներին Էխինոկոկոզով հիվանդացության 15-20% աճ է նկատվել ընտանի կենդանիների մոտ: Նշված հիվանդություններով մարդը «վարակվում է» միայն շներից: «Ստերիլացումը ոչ մի կապ չունի հարուցչի շրջապտույտի հետ»:
Երեւան քաղաքի գլխավոր անասնաբույժ Վիկտոր Աբրահամյանը կտրուկ դեմ է այն մոտեցմանը, որ շներին պետք է ծառայեցնել իբրեւ սանիտարներ, սակայն այս մոտեցումն ընկած է երկու կազմակերպությունների ծրագրերի հիմքում: «Շունը եթե առնետ կերավ, նա արդեն տուլարեյմիայի պոտենցիալ տարածող է, շունը աղբահավաք չի, այդ գործն անողները թող բարեխիղճ իրենց գործն անեն, առնետներին էլ ոչնչացնող կաՙ սանեպիդկայանը շատ բարեխիղճ աշխատում է այդ ուղղությամբ»: Նրա ասելով, շնաբուծարաններ կառուցելով հիմնահարցը չի լուծվում: «Շներին բռնելը դժվար է, բայց պատվաստումներ պետք է անեն, 45 օրը մեկ պետք է բռնեն ճիճվաթափ անեն, հնարավո՞ր է դա», հարցնում է Վ. Աբրահամյանը:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am