Ասաց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչը
Կորպորացիայի Հայաստանի խմբի ղեկավար Ալեքս Ռասինը երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտնեց, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի ներկայացրած առաջարկների մասին: Իր ղեկավարած խմբի մեր երկրում գտնվելու նպատակն է պարզել, թե որքանով է Հայաստանի հայտը համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափորոշիչներին: Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ: Ալեքս Ռասինը, կողմերի համագործակցության առավել արագ եւ հարթ ընթանալը պայմանավորեց հատուկ խումբ ստեղծելու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում ամերիկյան կողմը կսկսի ավելի սերտորեն աշխատել հայկական կողմի հետ:
«Հազարամյակի մարտահրավերների» ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ ի տարբերություն այլ ծրագրերի եւ այլ դոնորների, կորպորացիայի ներկայացուցիչները նախ փորձելու են իմանալ կառավարության մոտեցումները, ապա միասին քննարկել եւ լուծել ծագող խնդիրները: Հնարավոր են նաեւ փոփոխություններ ինչպես ծրագրային, այնպես էլ գումարային մասով, ինչի մասին հայտնեց Վարդան Խաչատրյանը: Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նաեւ նշեց, որ կորպորացիայի ներկայացուցիչները ճիշտ են համարել թիրախների ընտրությունը, որոնք համապատասխանում են «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերին:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Ալեքս Ռասինը հայտնեց, որ գումարների ստացումը երաշխավորված չէ: Բացառված չէ, որ կլինեն բարդություններ, խոչընդոտներ, ուշացումներ, որոնք միասնաբար պետք է հաղթահարվեն: Կորպորացիայի ներկայացուցիչը նորից հիշեցրեց, որ առայժմ հաստատված է միայն մեկ երկրիՙ Մադագասկարի ֆինանսավորումը, եւ որ դա կատարվել է 6 ամսում: Մյուս կողմիցՙ կան երկրներ, որոնց հայտերը քննարկվում են մեկ տարուց ավելի, բայց դեռ չեն հաստատվել:
«Որքա՞ն է վստահում ամերիկյան կողմը Հայաստանի վիճակագրությանը այն ոլորտում (գյուղատնտեսության), որտեղ պետք է իրականացվեն ծրագրերը» հարցին Ալեքս Ռասինը պատասխանեց, որ կարեւոր է ունենալ հատուկ մոնիտորինգ եւ վերլուծել ցուցանիշները: Բացի այդ, ամերիկյան կողմը կարող է օգտվել ինչպես պաշտոնական վիճակագրության ցուցանիշներից, այնպես էլ առանձին վիճակագրություն անցկացնել կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում:
Այս օրերի համար ամենահրատապՙ փոխարժեքի առնչությամբ տրված հարցերին նախարարը չցանկացավ պատասխանել, խորհուրդ տալով դրանք ուղղել Կենտրոնական բանկին: Սակայն այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հազարամյակի մարտահրավերներից» ստացվելիք գումարներն առաջ բերեն փոխարժեքի տատանումներ, պատասխանեց, որ այս եւ ոչ միայն այս ծրագիրը դրամի վրա ազդեցություն թողնելու է եւ այդ կապակցությամբ կառավարությունն ու Կենտրոնական բանկը համապատասխան ծրագրեր ունեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ