Սաակաշվիլի. «Ալիեւը ֆանատիկոս չէ: Կտեսնեք, նա այլեւս ընդդիմության հանրահավաքը դաժանաբար ցրելու հրաման չի տա, ինչպես 2003 թ.»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Մ. Նահանգների նախագահը Թբիլիսիի Ազատության հրապարակում իր ելույթում Վրաստանն անվանեց ոչ միայն «ազատության փարոս» տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, այլեւ անուղղակիորեն ակնարկեց տարածաշրջանի այլ երկրներ «գունավոր հեղափոխություններ» արտահանելու նրա «առաքելությունը»:
Ջորջ Բուշը եւ Միխայիլ Սաակաշվիլին «վարդյա հեղափոխությունն» աշխարհի այլ մասերում տարածելու հնարավորության մասին արտահայտվել էին դեռեւս 2004 թ. փետրվարին: ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն Բուշն ասել էր. «Նախագահը (Սաակաշվիլին) եւ ես քննարկել ենք «վարդյա հեղափոխությունն» աշխարհի այլ մասերում տարածելու հնարավորությունը»:
2005 թ. մայիսի 10-ին Թբիլիսիում երկու երկրների նախագահներն էլ ավելի ակնառու դարձրին վրացական սցենարը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տարածելու հավանականությունը: Ընդհանուր առմամբ Բուշի Վրաստան կատարած այցից տպավորություն էր ստեղծվել, որ ԱՄՆ նախագահը հենց կովկասյան այս հանրապետության օրինակով է փորձելու վերջ դնել ավտորիտար վարչակարգերին:
«Հուսալի փոփոխություններ են տեղի ունենում Բաղդադից մինչեւ Բեյրութ եւ Բիշքեկ: Բայց նախքան Իրաքի «մանուշակագույն», Ուկրաինայի «նարնջագույն» կամ «մայրիների հեղափոխությունը» Լիբանանում, Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», ասաց Բուշն իր ելույթում:
Ավելին, ԱՄՆ նախագահը նշեց այն տարածաշրջանը, որտեղ տեղաբաշխված երկրների ժողովուրդները, Բուշի խոսքերով, օրինակ վերցնելով վրացիներիցՙ ձգտում են ազատության: Հավանական «գունավոր հեղափոխություններ» ընդգրկող տարածաշրջանը, Բուշի պատկերացմամբ, «ձգվում է Սեւ ծովից դեպի Կասպից, դեպի Պարսից ծոց եւ ավելի հեռու»:
Վրաստանի նախագահը զգալով աշխարհի գերհզոր տերության նախագահի շունչը, ավելի առաջ գնաց եւ նշեց նաեւ հստակ երկրի անունըՙ Բելառուս: «Ես ուզում եմ մի բան ասել: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ամբողջ աշխարհում ժողովրդավարության տարածման հարցում սկսած Բելառուսից, որտեղ ժողովուրդը արժանի է ազատության: Մենք կանգնել էինք ուկրաինացի ժողովրդի կողքին եւ կանգնելու ենք բոլոր ժողովուրդների կողքին, սկսած Հյուսիսային Կորեայից կամ Կուբայից: Սա մեր առաջարկն է ձեզ, պրն նախագահ», ոգեւորված նայելով Բուշին իր ելույթում ասաց Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահն ակնհայտ ոչ կոռեկտ հայտարարություններ է անում ոչ միայն Բելառուսի, այլեւ իր անմիջական հարեւանների հասցեին: Ըստ «Մեդիամաքսի», Սաակաշվիլին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով Ադրբեջանում հեղափոխության հնարավորության հարցինՙ ասել է. «Իլհամ Ալիեւը հասկանում է իր երկրում բարեփոխումների անցկացման կարեւորությունը: Իլհամ Ալիեւը ֆանատիկոս չէ: Կտեսնեք, նաեւ այլեւս ընդդիմության հանրահավաքը դաժանաբար ցրելու հրաման չի տա, ինչպես վարվեց երկու տարի առաջ»:
Այսօր համաշխարհային մամուլում հրապարակվում են վերլուծություններ, որով փորձ է արվում ոչ միայն կանխատեսել, թե հերթական ո՞ր երկրի նախագահին է տապալելու «գունավոր հեղափոխությունը», այլեւ նման հրապարակումներով ակնհայտ հոգեբանական եւ քաղաքական ճնշումներ են բանեցվում նրանց նկատմամբ: Երբ տեղի ունեցավ «վարդյա հեղափոխությունը», խոսվում էր Ուկրաինայի մասին: Ուկրաինան դարձավ «նարնջագույն»: Ապա սկսեցին գրել կիրգիզական «կակաչների» մասին: Ժողովրդավարության միջինասիական «օազիսը» «կակաչների» հետ ստացավ նաեւ արյուն, բռնություններ եւ կողոպուտ: Քանի որ 2005 թ. աշնանն Ադրբեջանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ուրեմն հերթն Ալիեւի՞նն է: Համենայն դեպս, Վրաստանում ավելի շատ է խոսվում Ադրբեջանի մասին: Վրացական մամուլը պնդում է, որ հեղափոխության համը տեսած կմարաականներն աջակցել են, որպեսզի ադրբեջանցի երիտասարդներն էլ սովորեն, թե ինչպես են իշխանություն տապալում:
Թե որտեղ կլինի հաջորդ հեղափոխությունը, այնքան էլ կարեւոր չէ: Ակնհայտ է, որ Մ. Նահանգները վճռական է տրամադրված եւ ԱՊՀ տարածքում, Միջին եւ Մերձավոր Արեւելքի երկրներում իրականացնում է, իրենց խոսքերով եւ իրենց պատկերացրած ժողովրդավարական, անարյուն հեղափոխություններ: Թբիլիսիում Բուշի ունեցած ելույթից տպավորություն է ստեղծվում, որ այդ առաքելությունն իրականացնելու խնդրում լուրջ դերակատարություն է վերապահվելու Սաակաշվիլուն, որին դեռեւս չի հաջողվել կարգի գցել իր երկիրը: