Ավթանդիլ Իոսելիանին հայկական կողմից ստացած տեղեկատվությունը փոխանցել է Ադրբեջանին
Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից (1976-1995 թթ.) Ալեքպեր Հեյդար օղլու Իսմայիլովը ադրբեջանական www.realazer.com ինտերնետային կայքէջին ուղարկած նամակում (նամակի բնագիրը եւս դրվել է էջում) հաստատել է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ հետագա տարիներին Բաքվի իշխանությունները պետական մակարդակով ծրագրել եւ որոշ դեպքերում իրականացրել են հակահայկական ահաբեկչական գործողություններ:
Մասնավորապես, Իսմայիլովը, որը 1997 թ. հոկտեմբերին աշխատանքի է ընդունվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետախուզական բաժնում, իր նամակում պնդում է, որ հակահայկական ահաբեկչական գործողություններ են ծրագրվել եւ իրագործվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ Իրանում:
Իսմայիլովը 2004 թ. մայիսի 20-ին հրավիրվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն, որտեղ եւ ձերբակալվել է: Մի քանի ամիս անց նա ազատազրկման է դատապարտվել պետական դավաճանությանՙ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Նամակում Իսմայիլովը պարզաբանում է, թե ինչն է իրեն ստիպել հրապարակավ տեղեկացնել հանրությանը. «Ես արդեն տարել եմ երկու ինֆարկտ, իմ կյանքին քիչ ժամանակ է մնացել եւ շատ կարեւոր է, որ իմ երեխաներն արդեն այսօր իմանան, թե ով է իրենց հայրը, ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչ բան է ընկերական հավատարմությունը: Այդ պատճառով խնդրում եմ ձեզ հրապարակել ներկայացվող փաստաթղթերը»:
Նամակում Իսմայիլովը խոստովանում է, որ 1991-95 թթ. ղեկավարելով ՆԳՆ ազգամիջյան հակամարտությունների դեմ պայքարի բաժինը, ծրագրել եւ իրականացրել է հետախուզական-դիվերսիոն գործողություններՙ Ստեփանավան քաղաքի ավտոճանապարհային կամրջի եւ Իմիրիի կամրջի (ադրբեջանական գյուղ Վրաստանի Մառնեուլի շրջանում - խմբ.), ինչպես նաեւ Վրաստանից Հայաստան մտնող գազախողովակաշարի պայթեցումները:
Իսմայիլովը խոստովանել է, որ կարողացել է 30 կգ տրոտիլ տեղադրել Երեւանի «Էրեբունի» հյուրանոցում (1993 թ.-խմբ.): Նախկին գործակալը նամակում նաեւ նշել է, որ Կուբանում եւ Ստավրոպոլում կազակների անունով իրականացրել է տեղի երկու հայկական գրասենյակների պայթեցումները, իսկ հետագայում հանդես գալով ԱՍԱԼԱ-ի անունից, պայթեցրել է «Կուբանի սուրհանդակ» հակահայկական տրամադրվածությամբ թերթի խմբագրատունը:
Ամենաուշագրավն Իսմայիլովի այն պնդումն է, համաձայն որի 1994 թ. նախապատրաստվել էին Երեւանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրի պայթեցումները, այդ նպատակով պետք է օգտագործվեր 3 տոննա տրոտիլ: Սակայն 1994 թ. հոկտեմբերյան իրադարձությունները (պետական հեղաշրջման հերթական փորձը) Բաքվի իշխանությունների ուշադրությունը շեղեցին Հայաստանի կառավարական շենքերի պայթեցման բարբարոսական ծրագրից: Իսմայիլովը պնդում է, որ 1995 թ. մարտին նախապատրաստվում էր Թավրիզի հայկական եկեղեցու պայթեցումը, սակայն դա եւս չիրագործվեց Ադրբեջանում ներքաղաքական լարվածության պատճառով:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ երկար տարիներ համագործակցած Իսմայիլովը նամակում պնդում է, որ հակահայկական ահաբեկչական գործողություններ ծրագրելու եւ իրականացնելու հարցում օգտագործել է ավելի քան 80 պաշտոնական աղբյուրներ, այդ թվումՙ վրացական «Մխեդրիոնի» ռազմաքաղաքական խմբավորման առաջնորդ, այժմ հանգուցյալ Ջաբա Իոսելիանիի եւ վրացական հետախուզության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Ավթանդիլ Իոսելիանիի տեղեկությունները:
«Գեներալ Իոսելիանիից ես ստանում էի այն տեղեկատվությունը, որ նա ստանում էր Հայաստանից, իսկ ես նրան էի փոխանցում չեչենական հետախուզության կողմից Աբխազիայից ստացվող տեղեկատվությունը», ասել է նա:
Ալեքպեր Իսմայիլովը նամակը գրել է ռուսերենով: Հիշեցնենք, որ www. real azer. com ինտերնետային կայքէջի խմբագիրը Էյնուելա Ֆաթուլաեւն է, որը ապրիլին Բաքվում «Մոնիտոր» շաբաթահանդեսի սպանված խմբագիր Էլմար Հուսեյնովի տեղակալն էր:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ