«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Մի քանի օր տեւած արտահերթ նիստում քննարկում անցած ՀՀ սահմանադրության փոփոխությունների երեք նախագծերից ԱԺ պատգամավորները երեկ առավելագույն ձայների արժանացրին իշխանական կոալիցիայի հեղինակածըՙ 77 կողմ, 8 դեմ (ՄԱԿ խմբակցություն, Արշակ Սադոյան, Մանուկ Գասպարյան), ոչ մի ձեռնպահ ձայների բաշխմամբ: Արշակ Սադոյանի նախագծին կողմ էին 13, ձեռնպահՙ 36 պատգամավոր, 39)ը չմասնակցեցին քվեարկությանը: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության նախագիծը ստացավ 19 կողմ, 29 ձեռնպահ ձայն: 39 պատգամավոր էլ չքվեարկեց: Հակառակ հայրենական խորհրդարանում հաճախակի դարձած քվորումի բացակայությանը, երեկ նման խնդիր չառաջացավ, իսկ քվեարկություններին, բնականաբար, նախորդել էին ԱԺ կանոնակարգով նախատեսված ելույթները: Դրանցից շատ առաջ էլ ՀՀ սահմանադրության փոփոխությունների երեք նախագծերի հեղինակները ջանացել էին քաղաքական համաձայնության գալ, եւ յուրաքանչյուրն իր հերթին փորձել ստեղծել հնարավորինս մշակված երկրի հիմնական փաստաթուղթ:

Հայրենական ընդդիմությունն այդ գործընթացին չմասնակցեց, չնայած Շավարշ Քոչարյանի գնահատականով առկա իրավիճակում ընդդիմությունն արել է հնարավորըՙ քաղաքական բոլոր ուժերին որպես արժանի նշաձող ուղարկելով «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հեղինակած սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ավելի գործուն մասնակցություն չունենալը ընդդիմությունը բացատրում է հայտարարած բոյկոտով եւ խորհրդարանական մեծամասնության ընտրության մենաշնորհով: Վերջին մոտեցումն Արշակ Սադոյանի տեսանկյունից բոլորովին արդարացված չէ, քանի որ սահմանադրությունը միայն այսօրվա կտրվածքի օրենք չէ: Սահմանադրության փոփոխությունների նախագիծ հեղինակած Արշակ Սադոյանը նաեւ հավատացած է, որ նախագծերի քննարկումները ձեւական են, հետեւաբար ոչ ընդդիմադիր խորհրդարանականներն էլ հարցին պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում ու ի վերջո իրականացնելու են իրենց ցանկությունը: Արթուր Բաղդասարյանն ընդդիմության գործելակերպի համապատկերում Սադոյանի վճռական մասնակցությունը սահմանադրության փոփոխությունների գործընթացին գնահատեց որպես քաղաքական ու քաղաքացիական արիություն: ԱԺ նախագահի հավաստմամբՙ կոալիցիոն կուսակցությունները ներքին տարաձայնություններ են ունենում տարբեր օրենքների, մասնավորապես սահմանադրության փոփոխությունների առնչությամբ, որոնք հարթվում են քննարկումների միջոցով: Բաղդասարյանն ամեն դեպքում հորդորեց պատգամավորներին քվեարկել նախագծերից որեւէ մեկի օգտին, քանի որ առավելագույն ձայների արժանացածը դեռ անցնելու է համաձայնեցումների ու մշակման փուլ: ԱԺ նախագահի այս տեղեկացումն արժանացավ զուսպ դժգոհության, թե կարող էր արդեն անցած լինել այդ փուլերով: ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն իր ելույթում հայտարարեց, որ կոալիցիայի նախագիծը ամենաիրատեսականն է եւ հայեցակարգային առումով ամենաընդունելին, իսկ իրավաբանական անհրաժեշտ հասունություն չունեն երեք նախագծերից եւ ոչ մեկը: Նախագահի ներկայացուցչի կարծիքով, ԱԺ)ն քվեարկությամբ պիտի գործի, թողնի իրավաբաններին մասնագիտական աշխատանքըՙ նախագիծը իրավաբանական հասունության հասցնելու համար:

Ամեն դեպքում խոստացվեց առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի հասարակական լայն քննարկում մինչ հաջորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, սակայն պարզ չէ, թե մինչ այս փոփոխություններով առանձնապես չհետաքրքրվող հասարակությունն այսուհետեւ ինչ վերաբերմունք կդրսեւորի արդեն իսկ ունենալով համոզմունք, թե վերեւներում որոշումը կայացվում է առանց հասարակության մոտեցումների:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4