Բրիտանական խորհրդի մշակույթի եւ կրթության հայկական բաժանմունքը (այն ղեկավարում էր օրերս մեկնած Ռոջեր Բադը) Հայաստանի կամերային նվագախմբի հետ եւ Լոնդոնի «Սուրբ Սարգիս» բարեգործական ընկերության աջակցությամբ կազմակերպել էր լոնդոնյան հանրահայտ Չիլինգիրյան լարային քառյակի մեկշաբաթյա այցելություն Երեւան: Տրվեցին երեք համերգ եւ վարպետության դասընթաց Կամերային երաժշտական տանը: Լեւոն Չիլինգիրյանը, որը 30 տարուց ավելի ղեկավարում է իր իսկ ստեղծած խումբը, հանդես եկավ նաեւ որպես մենակատար եւ դիրիժոր:
Կամերային երաժշտության այդ փոքր փառատոնի նշանակությունը կարելի է գնահատել ըստ մի շարք կետերի: Նախ եւ առաջՙ որպես բրիտանացի եւ հայ երաժիշտների համատեղ ձեռնարկում: Երկրորդՙ որպես Հայաստանում 20-րդ դարի անգլիացի կոմպոզիտորների ստեղծագործությունը ներկայացնելու հնարավորություն: Երրորդՙ որպես անչափ սեղմ ժամկետում ծրագրեր նախապատրաստած Հայաստանի կամերային նվագախմբի պրոֆեսիոնալիզմի ստուգատես: Վերջապես, կարելի է գնահատել ըստ երաժշտության ոճերի եւ ձեւերի բազմազանության: Կատարողների գեղագիտական մտադրությունների ընդհանրությունը միասնականություն հաղորդեց փառատոնին. լոնդոնցի հյուրերը եւ երեւանցի երաժիշտները վայրկենապես հասկանում էին իրար, ներքին համերաշխությունն արտացոլվում էր նրանց համույթային նվագում:
Անշուշտ, համերգներին տոն տվեց Չիլինգիրյան քառյակը հետեւյալ կազմով. Լեւոն Չիլինգիրյան (1-ին ջութակ), Չառլզ Սյուարթ (2-րդ ջութակ), Սյուզի Մեսարոշ (ալտ), Ֆիլիպ դը Գրութ (թավջութակ): Երաժիշտների բարձր կուլտուրան եւ համերգային հարուստ փորձը տարբեր ձեւերով դրսեւորվեցին կատարվող ստեղծագործություններում: Չիլինգիրյան քառյակն ավելի շուտ ձգտում էր կոմպոզիտորական տեքստի ընթերցման խստության, քան մեկնաբանման յուրօրինակ երեւույթների: Այստեղից էլՙ երաժշտական պարզաբանման զսպվածությունն ու բնականությունը:
Առաջին համերգի (ապրիլի 28) ծրագրում ընդգրկված էին Լ. վան Բեթհովենի երկու լարային կվարտետներ (թիվ 10 մի բեմոլ մաժորը եւ թիվ 11 ֆա մինորը) եւ Մայքլ Թիփեթի թիվ 2 կվարտետը: Համերգը բացած 11-րդ կվարտետը տպավորիչ է իր վերջնամասով. կոմպոզիտորի ուշ շրջանի կվարտետներում զարգացում ստացած Larghetto espressivo-ն հնչեց զուտ ռոմանտիկական ավանդույթի ոգով:
Այդ կվարտետի 3-րդ մասի ընթերցումն աչքի ընկավ բացահայտ ռոմանտիկական զգացմունքներիՙ կրքոտության եւ թրթռունության ներկայությամբ: Սակայն հյուրերը Բեթհովենի երեւակայության ռոմանտիկական ռակուրսն առավել հետեւողականորեն իրացրին 10-րդՙ այսպես կոչված «տավիղային» կվարտետում (ելնելով վերջնամասի բնույթից): Ստեղծագործության առաջին մասը հագեցած էր տեմբրային երանգավորմամբ, որի շնորհիվ բեթհովենյան թեմատիկ աշխատանքի յուրաքանչյուր փուլն իր իմաստն էր ստանում: Առաջին ջութակի վիրտուոզ հատկությունները, ըստ երեւույթին, կանխորոշեցին երրորդ մասի թռիչքային (մեր կարծիքով, փոքր-ինչ արագացված) տեմպը: Ինչպես այստեղ, այնպես էլ երկրորդ մասումՙ շուբերտյան ոճով հանդարտ, բայց ներքուստ դինամիկ նոկտյուրնում, համույթի գերազանց ներդաշնակությունը թողեց անջնջելի տպավորություն:
Երեւանում առաջին անգամ հնչեց Մայքլ Թիփեթի (1905-1998) 2-րդ կվարտետը: Նրա 100-ամյակը նշում են ամբողջ աշխարհում: Կվարտետն ստեղծվել է նրա նշանավոր «Մեր ժամանակի զավակը» (1941) օրատորիայից հետոՙ արտահայտելով սկսված պատերազմի տրամադրությունները: Հարցական հնչերանգներով ավարտվող վերջնամասը լույս է սփռում նախորդ մասերի զարգացման վրա: Ծավալուն առաջին մասում պարային կերպարները միավորվել են անգլիական երաժշտությանը բնորոշ հովվերգական կերպարների հետ: Բ. Բարտոկի ոճը հիշեցնող հակիրճ, բայց արտահայտիչ երրորդ մասը եւս ուղղված է պարային ռիթմիկային: Իսկ երկրորդ մասըՙ Andante-ն, Թիփեթի կվարտետի հայեցակարգի կենտրոնն է: Ֆուգատոյի տեսքով այստեղ կենտրոնացված ամբողջ շրջափուլի պոլիֆոնիկ գաղափարը քնարական-փիլիսոփայական խորհրդածության առիթ է դարձել: Չիլինգիրյան քառյակը վերամբարձ եւ երկարաշունչ երաժշտության գեղեցկությունը հագեցրեց ապրումակցության «թթվածնով»:
Անգլիական երաժշտությունը կազմեց հաջորդ համերգի միջուկը. կատարվեցին լարային քառյակի եւ նվագախմբի համար գրված երկու ստեղծագործություններՙ Էդվարդ Էլգարի (1857-1934) Introduction & Allegro-ն եւ Հյու Վուդի (ծնվ. 1932 թ.) Serenade and Elegy-ն: Հետռոմանտիկական պոեմների ոճով գրված «Նախերգանքից» հետո Էլգարի Ալլեգրոն հառնեց որպես ծավալուն կոնցերտային-վիրտուոզ պիես: Բոլոր միջոցներըՙ թե՛ պոլիֆոնիկ զարգացումը, թե՛ concerto grosso-ի տարրերը եւ թե՛ հուզական աստիճանավորումներն ուղղված են նվագախմբային վառ կտավի ստեղծմանը: Ներշնչանքով, երաժշտության կուռ պաթետիկայով միավորված էին նվագում Քառյակը եւ նվագախումբը Արամ Ղարաբեկյանի հմուտ ղեկավարությամբ:
Մեկնաբանման միասնականությամբ աչքի ընկավ նաեւ Հ. Վուդի Սերենադի եւ Էլեգիայի կատարումը: Կոմպոզիտորը երկն ստեղծել է 1999 թ. դստեր հիշատակին: Առաջին մասը, ըստ երեւույթին, կենսագրական բնույթ ունի. վալսի թեմաները զուգորդվում են դեռատի աղջկա կերպարի հետ: Երկրորդ մասըՙ Էլեգիան, ուշադրությունն արտաքին միջավայրից տեղափոխում է ներքինի վրա: Չնայած Ա. Շյոնբերգի երաժշտության (օրինակՙ նրա «Պայծառացված գիշեր» նվագախմբային պիեսի) հետ ակնհայտ մերձավորությանը, Վուդի ստեղծագործության էթիկական ներդաշնակությունը ծավալվում է ըստ սեփական կյանքի կանոնների: Ձեւի պլաստիկությունը, ֆակտուրային ու տեմբրային հնարամիտ լուծումները (օրինակ, ռեգիստրային զուգադրումների հակադրությունները, մեկ գործիքից դեպի նվագախումբ կամ քառյակ ճկուն անցումները, մասնավորապես Թամար Պետրոսյանի մենանվագում) եւ, իհարկե, պոլիֆոնիկ հագեցվածությունըՙ այս ամենը նպաստեց երեւանյան ունկնդիրների շրջանում ստեղծագործության մեծ հաջողությանը:
Այդ երեկո (մայիսի 1-ին) կատարվեց Էդվարդ Գրիգի Սոլ մինոր կվարտետի նվագախմբային տարբերակը, որտեղ, ինչպես միշտ, նորվեգ դասականի երաժշտության դրամատիկ տոնոսը ներթափանցված է ազգային յուրօրինակությամբ: Վերջին երեկոյի ժամանակ (մայիսի 4-ին) նույնպես կատարվեց կվարտետ նվագախմբային փոխադրմամբ, այս անգամՙ Ֆ. Մենդելսոնիՙ մահվան տարում (1847 թ.) գրած 6-րդ կվարտետը: Կատարումը ղեկավարում էր կոնցերտմայստերի վահանակի մոտ նստած Լեւոն Չիլինգիրյանը: Գերազանց հնչեցին երկրորդ եւ չորրորդ մասերըՙ վերարտադրվեցին հնչյունային նյութի խռովարար-ըմբոստ ոգին եւ անհրաժեշտ լարվածությունը: Հետաքրքրական է, որ ինչպես սկերցոն, այնպես էլ վերջնամասը երաժշտական առումով նախապատրաստում են Յ. Բրամսի ապագա գաղափարները: Գերմանացիները, ինչպես եւ անգլիացիները, ավանդույթն ամեն ինչից վեր են դասում:
Վերջին համերգը բացած Վ. Ա. Մոցարտի ռե մաժոր K-136 Դիվերտիսմենտը Չիլինգիրյանը մեկնաբանեց կամերային-համույթային ոգով: Առավել հաջող էին եզրամասերը, դանդաղ երկրորդ մասում անբավարար էր ամբողջ երաժշտական հյուսվածի մշակումը: Փոխարենն անթերի կատարվեց Ալան Հովհաննեսի (1911-2000) Ջութակի եւ նվագախմբի 2-րդ կոնցերտը: Ամբողջ կյանքն ԱՄՆ-ում ապրած այն ժամանակ քառասնամյա հայ կոմպոզիտորը կոնցերտը գրել է նեոկլասիկ սյուիտի ժանրով: Յոթ մասանոց ստեղծագործությունը Հովվերգությունից մինչեւ Օրհներգություն (օգտագործված է շարական) տոգորված է ազգային մելոսով: Հետաքրքրական է պարային հինգերորդ եւ աշուղական վեցերորդ մասերի հակադրությունը: Մենանվագը կատարող Լ. Չիլինգիրյանն այդ «աշուղական» մասը նվագեց «սոլի» ստորին լարով, նմանվելով ալտի (թե՞ քամանչայի) ձայնին եւ դրա շնորհիվ ընդգծելով սրտաճմլիկ հայրենաբաղձությունը, որն ինքը (ինչպես եւ Ա. Հովհաննեսը) հոգու խորքում պահպանում է հարազատ տուն դարձած Մեծ Բրիտանիայում:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր