«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2005-05-07 | #84, 2005-05-11 | #85, 2005-05-12


«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 2004-Ի ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունըՙ սահմանված Թեքեյան մշակութային միության կողմից, 50 տարվա փորձառությամբ գործում է սփյուռքում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում: ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» գրական ամենամյա մրցանակի կողքին, անցյալ տարվանից գործում է ՀԹՄՄ մրցանակաբաշխությունը: Մրցանակներն ավանդաբար շնորհվում են հումանիտար գիտությունների եւ մշակույթի տարբեր ոլորտներն արտացոլող ստեղծագործություններըՙ նպատակով խթանել դրանց զարգացմանը եւ հասարակության ուշադրությունը դարձնել դեպի մշակութային իրողություններին: Մրցանակաբաշխ հանձնաժողովի գլխավոր չափանիշը ստեղծագործության գեղագիտական արժեքն է դիտվում:

Անցած տարի «Վահան Թեքեյան» մրցանակներՙ սահմանված 8 անվանակարգերից, շնորհվեց 5-ինՙ Արմեն Շեկոյանին (գրականություն), Գեւորգ Եղիազարյանին (կերպարվեստ), Երջանիկ Գեւորգյանին (հումանիտար գիտությունների), Վարազդատ Հարությունյանին (ճարտարապետություն), Ռուբեն Գեւորգյանին (կինո), ըստ էության ընտրված էին արժանավոր ստեղծագործություններ:

Երեկ Թեքեյան կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց Հայաստանի ԹՄՄ վարչության որոշումըՙ 2004-ին ստեղծված աշխատանքների մրցանակ շնորհելու մասինՙ հետեւյալ բնագավառներումՙ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատերական բեմադրություն, գեղարվեստական լուսանկարչություն, ճարտարապետություն, ռադիոհեռուստատեսություն, հումանիտար գիտություններ: Ստեղծագործությունները ներկայացնելու ժամկետ սահմանված է հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Կարող են մասնակցել ստեղծագործողներ Հայաստանից, սփյուռքից:

Մրցանակներն ունեն դիպլոմ եւ դրամական պարգեւՙ 1000-ական ԱՄՆ դոլար:

Ռ. Միրզախանյանը ներկայացրեց այս տարվա անվանակարգերում կատարված փոփոխություններըՙ կապված հեռուստալրագրության եւ թատերական ոլորտների հետՙ համապատասխանաբար ռադիոհեռուստատեսություն եւ թատերական բեմադրություն անվանակարգերով: Նա հույս հայտնեց, որ այս տարի ավելի շատ ստեղծագործություններ կներկայացվեն:

Ըստ վարչության որոշման, մրցույթին գործեր կարող են ներկայացնել Հայաստանի ստեղծագործական միությունները, նախարարությունները, ԳԱ ակադեմիան, բուհերը, հասարակական կազմակերպությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվամիջոցները, սփյուռքահայ կազմակերպությունները, բնականաբար, չեն ընդունվում ՀԹՄՄ կենտրոնական վարչության եւ մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամների աշխատանքները: Թեքեյան միությունը սկզբունքորեն չի միջամտում մասնագիտական ժյուրիի որոշումներին:

Հանդիպմանը ներկա էր ՌԱԿ կենտրոնական վարչության համատենապետ եւ Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը: Դետրոյթում ապրող գրականագետը դրսից պարբերաբար հետեւելով հայաստանյան մշակութային ընթացքին, արձանագրեց, որ մեր մշակույթը անպաշտպան է եւ այդ դերի համար կոչված են մշակութային միությունները: Իբրեւ գրականության հանձնաժողովի անդամ նա գոհունակություն հայտնեց արդի հայ գրականության մեջ տեղ գտած այսօրվա կյանքի ռիթմի եւ համամարդկային զարկի արտահայտություններից: Նա հայտնեց, որ Թեքեյան մշակութային միությունն ունի տարեկան բյուջե եւ հիմնադրամ ու իր կարելիության սահմաններում աջակցություն ունեցել է, իսկ այժմ արդեն նոր ստացված կտակի հատկացումներից կարող է գնահատել հայրենի արվեստագետներին: Սա կարեւորվում է հատկապես որեւէ ոլորտում պետական մրցանակակրի եզակիության պարագայում (որն իրականում այդպես չէ): ԹՄՄ-ն հնարավորություն է տալիս նաեւ ուրիշ տաղանդավորներին գնահատվելու:

Հանդիպման ընթացքում շոշափվեց նաեւ կինոբեմադրիչ, ՀԹՄՄ նախկին նախագահ Ֆրունզե Դովլաթյանի արձանի տեղադրման հարցը: Ռ. Միրզախանյանը հիշեցրեց քաղաքային իշխանություններին 2 տարի առաջ իրենց դիմումի մասին, քանի որ խնդիրը նախ եւ առաջ տարածքի հետ է կապված: Նպատակահարմարն, անշուշտ, Թեքեյան կենտրոնի շրջակայքն է, որի շուրջ առարկություններ չկան, սակայն, որոշում չի կայացվում եւ ձգձգվում է: Այն դեպքում, երբ Ֆրունզե Դովլաթյանը հայ առաջին կինոբեմադրիչն է, որի աշխատանքը ներկայացվեց Կաննի փառատոնին, բացի այդ նա հրաշալի ֆիլմեր է ստեղծել ե՛ւ «Մոսֆիլմում», ե՛ւ «Հայֆիլմում» («Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ» եւ այլն):

Այսօր, երբ Երեւանում ամեն պատեհ եւ անպատեհ վայրում արձաններ են տեղադրում, հաճախ հասարակայնորեն մերժելի եւ գեղագիտորեն անընդունելի, երբ ճարտարապետության պես սա էլ քաղաքի նկարագիր ու պատմություն է եւ ժամանակակցի վերաբերմունքն է իր երկրի եւ այնտեղ ստեղծագործող անհատների հանդեպ «Ֆր. Դովլաթյանի արձանը անհրաժեշտ է եւ կխորհրդանշի նաեւ մեր կինեմատոգրաֆիայի զարթոնքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4