Ծնունդով սփյուռքահայ, ներկայումս հայրենաբնակ պատմաբան Գեւորգ Յազըճյանն առանձին գրքույկով ներկայացրել է լիբանանահայ պարբերական մամուլը: Նրա պրպտումներով ստեղծվել են 2002 թ. ընթացքում Լիբանանում լույս տեսած շուրջ 50 հայկական պարբերականների մատենագիտությունը եւ կապի տվյալները, Լիբանանի «Հրատարակության օրենքի» հիմնական դրույթները:
Գրքույկում տեղ են գտել նաեւ Լիբանանի խմբագիրների արհմիության հայորդի անդամների ու հայոց պատկանող, արտոնագրված պարբերականների ցուցակներ: Այս ամենից զատ, ուսումնասիրության մեջ ներկայացված է լիբանանահայ ժամանակակից մամուլին առնչվող բավականին լայն եւ բազմակողմ տեղեկատվություն:
Գրքույկի էջերում զետեղված են պարբերականների գլխագրերի եւ խմբագիրների լուսանկարները:
Հեղինակը նախաբանում նշում է, որ աշխատանքը կարող է օգտակար լինել լիբանանահայ մամուլի եւ դպրոցի, նաեւ լիբանանահայ գաղութի պատմությամբ հետաքրքրվողների ու հայկական կարողականությունների մասին տեղեկատվական շտեմարան կազմողների համար:
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ