«Հայ ամեն մի ընտանիքի դասագիրք». այսպես են անվանում լուսանկարիչ Հրայր Բազեի աշխատանքների ալբոմը մասնագետները: Դեռեւս 1992-ից Արեւմտյան Հայաստանի բազմաթիվ քաղաքներ, ճարտարապետական հուշարձաններ է լուսանկարել Հրայր Բազեն, որոնք ամփոփվել են վերջերս Երեւանում լույս տեսած «Երկիր» ժողովածուում:
Երեկ Ս. Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը բարձր գնահատեցին Հրայր Բազեի աշխատանքը: «Ամեն մի հայ ընտանիք պետք է ունենա այս ժողովածուն, որպեսզի անընդհատ տեսնի եւ ճանաչի այն բոլոր տարածքները, հուշարձանները, որոնց մասին լսել է դեռ փոքրուց», ասաց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Դեռեւս 92-ից Աշճյան Սրբազանը տեսել է Մոնրեալի «Հորիզոն» շաբաթաթերթում տպագրված Անիի լուսանկարները եւ Հրայրին առաջարկել ստեղծել Արեւմտյան Հայաստանի լուսանկարների հավաքածու: Հրայր Բազեն երեկ իր խոսքում կարեւորեց Սրբազանի մեծ հովանավորությունը այս աշխատանքում: Նա ալբոմը նվիրել է Սրբազանի հիշատակին:
Հրայրը խոստովանում է, որ սկզբում քիչ բան գիտեր մեր պատմության մասին, սակայն այս ընթացքում շատ բան է սովորել: Աշոտ Մելքոնյանը գնահատելով կատարված աշխատանքը, ասում է, որ այն կարեւոր փաստաթուղթ է մասնագետների, պատմաբանների համար: Այս տարիներին արդեն նկատելի են Արեւմտյան Հայաստանում թուրքերի ավերածությունները, մասնավորապես կան լուսանկարներ, որտեղ պատկերված եկեղեցիներում արդեն մեր հարեւանները հասցրել են փոփոխություններ անել: Հրայրը տարբեր ժամանակների լուսանկարներն իրար կողքի է ներկայացնում:
Ալբոմում ներկայացված է Արարատյան դաշտից մինչեւ Կիլիկիա ընկած տարածքի բնությունը, ճարտարապետական մշակույթը: «Ցավոք, հայ ճարտարապետության պատմության մասնագետներս հնարավորություն չունենք մոտից ուսումնասիրելու պատմական Հայաստանում թողած մեր մշակութային ժառանգությունը, ասաց Մուրադ Հասրաթյանը: Սա մեր ուսումնասիրությունների համար բավականին հիմնավոր նյութ է: Այստեղ մենք տեսնում ենք, որ մեր մշակույթը դեռ կա, պահպանվում է, եւ հենց այս փաստաթղթով կարող ենք մեր պահանջատիրական խոսքն ուղղել թշնամուն»:
Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը համոզված է, որ թշնամին ամեն րոպե հանդիպելու է Անիի, Աղթամարի մշակույթին եւ հասկանալու է, որ դա իրենը չէ: Աշխատանքը կարեւոր է նաեւ այն բանով, որ կան առաջին անգամ լուսանկարված վայրեր, հուշակոթողներ: Հրայր Բազեն դրանցից առանձնացրեց Նարեկ քարերը:
460 լուսանկարներից բաղկացած այս ալբոմը շարունակություն է ունենալու: Իսկ տարիներ առաջ Սրբազան Աշճյանը պատգամել է լուսանկարել եւ պատմությանը թողնել աշխարհով մեկ սփռված հայկական կոթողները, մշակույթի հուշարձանները:
Թ. Մ.